Ս. Աստւածածնի Երից ամաց ընծայման եւ Ս. Աստւածածին Եկեղեցու Անւանակոչութեան Տօներ

Համաձայն հրէական սովորութիւնների` ուխտապահ ծնողներն իրենց զաւակին երեք տարեկանից նւիրում էին տաճարին: Մարիամին տաճարի ընծայման դրւագը հայ եւ բոլոր մեծ եկեղեցիները ամէն տարի յիշատակում են նոյեմբերի 21-ին, որը կոչւում է՝ «Տօն ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն»:

Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնը համընկնում է Թեհրանի Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան օրւան:

Այս տարի Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն Ընծայման Տօնի առիթով, երկօրեայ ուխտագնացութիւն և կրօնական յատուկ արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, նոյեմբերի 20 և 21-ին:

Չորեքշաբթի երեկոյեան, հսկումի արարողութիւնը կատարեց արժ. Տ. Յակոբ քհն. Քէշիշեանը:

Հինգշաբթի, 21 նոյեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամերգութիւնից յետոյ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց և քարոզեց արժ. Տ. Յակոբ քհն. Քէշիշեանը:

Քահանայ հայրը իր քարոզի ընթացքին տօնի առիթով, բացատրութիւններ փոխանցեց ուխտաւորներին և հաւատացեալ ժողովրդին, որոնք եկել էին վերակենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատն ու կապւածութիւնը եկեղեցուն, նաև լսելու օրւայ պատգամը:

Եկեղեցական արարողութեան աւարտին, Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի միջոցով կազմակերպւել էր հիւրասիրութիւն խորհրդի գրասենեակում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ