Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՕՆ, ԵՐԲ ԱՍՏՒԱԾ ԽՕՍԵՑ ՀԱՅԵՐԷՆ

Փոթորկալից ու օրհասկան 5-րդ դարը պէտք է գտնէր ժամանակի բոլոր կնճռոտ հարցերի ելքը, պէտք է ծնէր մի այնպիսի համապարփակ հանճար, որը կարողանար մարմնաւորել ժողովրդի, հայրենիքի, պետութեան եւ եկեղեցու բոլոր հոգեւոր ուժերը, միաւորէր նրանց ու դնէր նպատակասլաց անսայթաք հունի մէջ:

Եւ նա ծնւեց՝ ժամանակի մեծագոյն մարդը, հայ հանճարի անկրկնելի դրսեւորումը՝ Տարօնցի Մեսրոպ Մաշտոցը:

Թարգմանչաց տօնի, Հայ մշակոյթի օրւայ և հանգստի կոչւած ուսուցիչներին մեծարելու նպատակով՝ այս տարի եւս, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում, որը տեղի ունեցաւ հինգշաբթի, հոկտեմբերի 24-ի երեկոյեան՝ Հայ Ուս. Չհարմահալ Միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում:

Ձեռնարկին ներկայ էին Իրանի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ Արհիապատիւ Տ. Սարգիս Եպս. Դաւիթեանը, Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու հոգեւոր հովիւ Վեր. Սերգէյ Շահվերդեանը, Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների, միութիւնների ներկայացուցիչներ, հայոց դպրոցների փոխտեսուչներ, ուսուցիչներ եւ կրթական ոլորտի գործիչներ:

Այս տարի Մեծն Կոմիտասի, Յովհաննէս Թումանեանի, Լեւոն Շանթի, Երւանդ Օտեանի և Վարդան Մախոխեանի ծննդեան 150-ամեակներն են եւ թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում տարբեր միջոցառումներ են կազմակերպւել ու կազմակերպւում հայ ժողովրդի այս գագաթների մեծարման նպատակով:

Միջոցառումը սկսւեց Տէրունական աղօթքով՝ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած հայոց դպրոցների աշակերտներից կազմւած «Նոր ձայներ» երգչախմբի կատարմամբ, որը Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ եւ Ալին Թաշճեանի դաշնամուրի ընկերակցութեամբ ծրագրի ընթացքում հնչեցրեց նաեւ այլ խմբական երգեր Կոմիտասի երգացանկից:

Ծրագրի գեղարւեստական բաժինն ամբողջութեամբ գործադրւեց դպրոցական աշակերտների միջոցով, որոնք լաւագոյն են հանդիսացել Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպւած մշակութային փառատօններում: Ասմունքներով հանդէս եկան՝ Մոնթէ Իսմաիլեանը, Անամարիա Եղիայեանը, Նազէ Ուրուջեանը և 2019 թւականին Շուշիի ասմունքի փառատօնում 3-րդ տեղ գրաււած՝ Նոյ Նազարեանը:

Դաշնամուրի և քանոնի կատարումներով հանդէս եկան Ռենէ Ոսկանեանը, Նազելի Հայրապետեանը, Դերէն Բրաթեանը և Թրէյսի Նաւասարդեանը:

Գեղարւեստական կատարումներին մէջընդմէջ ծրագրի հաղորդավարներ՝ Գալիա Յովսէփեանի եւ Մարթին Աղանեանցի միջոցով ներկայացւեց Յովհաննէս Թումանեանի, Կոմիտասի, Լևոն Շանթի և Երւանդ Օտեանի կենսագրութիւնները և նրանց ստեղծագործութիւնները, ընթերցւում էին ասոյթներ՝ հայ մշակոյթի ու հայոց լեզւի վերաբերեալ: Կենսագրութիւնները ներկայացրեց նաև Փիւնիկ Խուդավերդեանը:

Ծրագրի ընթացքում օրւայ առթիւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի խօսքը փոխանցեց նոյն խորհրդի ժամանակաւոր վերահասու մարմնի պաշտօնակատար՝ Սևան Դանիէլեանը՝ ներկայացնելով 2018-2019 ուսումնական տարում Կրթական խորհրդի տարած աշխատանքների զեկոյցը եւ թեմի կրթական կեանքում արձանագրւած նւաճումները:

Իր երախտագիտական խօսքով հանդէս եկաւ հանգստի կոչւած`«Ռոստոմ» դպրոցի Մայրենի լեզւի ուսուցչուհի Հիլդա Յարութիւնենաը:

Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի, Կրթական խորհրդի ժամանակաւոր պաշտօնակատար՝ Սևան Դանիէլեանի ձեռամբ յանձնւեց գնահատագիր Հիլդա Յարութիւնեանին: Գնահատագրի նիւթը ընթերցեց Նորայր Արամեանը:

Մեր շնորհակալութիւններն ենք յայտնում Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի անդամներին՝ Անահիտ Գրիգորեանին, Բեսի Յովհաննիսեանին, Արմինէ Ազոյեանին, Արմինէ Գրիգորեանին, «Նոր ձայներ» երգչախմբի ղեկավար՝ Արփի Սիմրոջեանին, Հայ Ուսումնասիրաց «Չհարմահալ» Միութեան կենտրոնական վարչութեանը և այն բոլոր անհատներին, որոնք իրենց աջակցութիւնն են ցուցաբերել հայոց դպրոցի նւիրեալների համար կազմակերպւած Հայ Մշակոյթի օրւայ ձեռնարկին:

Ձեռնարկն աւարտւեց ընդունելութեամբ:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ