ՏՕՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՍՐԲՈՅ ԽԱՉԻ

Ա. ՏԱՐԻ, թիւ 38, 15 Սեպտեմբեր, 2019

Ա.- Խաչի տօնի սահմանումը

Սուրբ խաչի գիւտից յետոյ, Հեղինէ թագուհին, Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրայ կառուցեց ՙՍուրբ Յարութեան՚ տաճարը եւ այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Այդ օրւանից կարգ սահմանւեց ամէն տարի` սեպտեմբերի տասներեքին տօնել Խաչի նաւակատիքը եւ Եկեղեցու տօնը, իսկ սեպտեմբերի տասնչորսին` Խաչի տօնը: Այդ օրը Յակոբոս Տեառնեղբօր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հաւատացեալների պահպանութեան համար, այդ պատճառով էլ տօնը կոչւեց ՙԽաչվերաց՚:

Բ.- Խաչվերացի հաստատումը

Խաչվերացի տօնն իր վերջնական հաստատումն ստացաւ հետագային, երբ իր հզօրութեան գագաթնակէտին հասած Պարսկաստանի Խոսրով թագաւորը 610 թւականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսրը եւ նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցութիւնը եւ պաշտել իրեն: Խոսրով, մեծ զօրք տալով իր Խոռեմ զօրավարին, նրան ուղարկեց յունաց աշխարհ, եւ վերջինս սկսեց աւերել ու մեծ աւար վերցնել պաղեստացիների աշխարհից:

Արդարեւ, 614 թւականին, 19 օր շարունակ պաշարելով Երուսաղէմ քաղաքը, այն գրաւեց:
Երբ պարսից զօրքը մտաւ քաղաք, սրի քաշւեց ողջ բնակչութիւնը: Կոտորւեց 57.000 մարդ եւ գերի վերցւեց 35.000 մարդ. որոնց շարքում էր նաեւ Զաքարիա հայրապետը: Պարսիկները մտան սուրբ Յարութեան տաճար, բռնագրաւեցին Աստւածընկալ սուրբ Խաչը եւ տաճարի ոսկէ ու արծաթէ սպասքները, իսկ քաղաքը այրեցին: Սուրբ Խաչը տարւեց Պարսկաստան: Երբ զօրքը մօտենում էր թագաւորանիստ քաղաքին, Խոսրով թագաւորն ընդառաջ ելաւ` դիմաւորելու Տէրունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամայ փառաւորւեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատւով մտաւ քաղաք, պարսից թագաւորն այն մեծ պատւով պահեց իր գանձարանում եւ Խաչի առջեւ մի անշէջ կանթեղ էր մշտապէս պահում: Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերւում էին մեծ երկիւղածութեամբ եւ ասում, որ քրիստոնեաների Աստւածն է իրենց մօտ եկել: Նրանք այնպիսի ահով էին տոգորւում, որ հեթանոս լինելով հանդերձ` չէին համարձակւում վնասել խաչափայտը, եւ նոյնիսկ վրան եղած թանկարժէք զարդերին չէին դիպչում: Շատերն էլ այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնեաներին եւ նրանցից լսելով Աւետարանի խօսքը, քրիստոնէութիւնը ընդունում:

628 թւին, Հերակլ կայսրն Հայոց բանակի օժանդակութեամբ եւ Մժեժ Գնունու գլխաւորութեամբ, Սուրբ Խաչը Պարսկաստանից հանդիսաւոր թափորով փոխադրւում է հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից` Կոստանդնուպոլիս եւ յետոյ` Երուսաղէմ: Խաչափայտն աննկարագրելիօրէն մխիթարում ու ոգեւորում է բարեպաշտ հաւատացեալներին: Գերեդարձութեան ճանապարհին Խաչը գրեթէ ամէն տեղ բարձրացւում է եւ ամենուր ցնծութիւն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի յարութեան: Այ ս դէպքերն էլ ՙԽաչվերաց՚ի տօնի հաստատման պատճառ դարձան:

Խաչվերացի տօնը կատարւում է մեծ հանդէսով: Երեկոյեան մի ափսէի վրայ բազմեցնում են Կենաց փայտէ մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով եւ վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գաւիթ եւ դրանով տեառնագրում աշխարհի չորս կողմերը:
Ըստ շարականագրին, Խաչվերացի տօնին ՙՈւրախանում է երկինքը, ցնծում երկիրը եւ պայծառանում մայր Եկեղեցին, քանզի քառաթեւ վայելչական պսակով զարդարւեց իր գլուխը, որը սրսկւած է Աստծու Որդու Արեամբ:

Խաչվերացի տօնին, ՙԱստւածային նշանը` տիեզերքի փրկագործ ու աշխարհակեցուցիչ Խաչը, կանգնեց տիեզերքի մէջ, ցոլացած բարձրացաւ սուրբ Գողգոթայի վրայ, արփիափայլ ճառագայթներով փայլեց Երուսաղէմում, աւելի պայծառ քան արեգակը, եւ տարածելով բոցաճաճանչ ճառագայթափայլ հրանիւթ թեւերը` լցրեց տիեզերքի բոլոր ոլորտները` իր ամենայաղթ ու պահապան զօրութեամբ՝ ծածկելով բոլոր հեթանոսներին՚:

Սուրբ Խաչի ՙԳերահրաշ եւ սոսկալի փառքից դողալով զարհուրեցին սանդարամետական զօրքերի լեգէոնները, քանզի խաչի վրայ բազկատարած բեւեռւած տեսան անմահ ու անժամանակ Աստծու Էակից Որդուն` ճշմարիտ մարդեղութեամբ: Հրեշտակների սուրբ բանակներն ահով հիացած զարմանում էին, սերովբէները` սարսափում, գերագոյն պետութիւններն ու վերին իշխանութիւնները` սքանչանալով զարմանում: Արեգակը տեսնելով իր Արարչի չարչարանքները` մթնեցրեց իր ոսկեճաճանչ ճառագայթները, լուսինը քողի տակ ծածկեց իր տեսքը, եւ աստղերի հրճւալի բազմութիւնն անյայտացաւ՚: Այսպէս է օրհնաբանւում Սուրբ Խաչը Հայոց մէջ:

Սուրբ Խաչի մասին վկայութիւն ենք կարդում 4, 59 եւ 85-րդ, սաղմոսներում Խաչը հրեաների համար գայթակղութիւն է, հեթանոսների համար` յիմարութիւն, իսկ իրեն երկրպագողների համար` պարծանք:

Խաչը նահապետների ցանկութիւնն է, մարգարէների կանխասացութիւնը, առաքեալների քարոզութիւնը եւ հայրապետների դաւանութիւնը: Խաչը մարտիրոսների պսակն է եւ նահատակների յաղթանակը: Խաչը թագաւորների թագն է եւ իշխանների իշխանութիւնը: Խաչը կոյսերի սրբութիւնն է եւ ամուսնացածների ողջախոհութիւնը: Խաչն այրերի շնորհն է եւ կանանց բարեզարդութիւնը: Խաչը ծերերի ամրութեան ցուպն է եւ երիտասարդների իմաստութեան գաւազանը: Խաչը Կենաց ծառն է եւ անմահութեան պտուղը: Խաչն անմեղների խրատն է եւ մեղաւորների քաւիչը: Խաչը մոլորւածների ճանապարհն է եւ խաւարածների ճառագայթը: Խաչը նաւարկողների նաւահանգիստն է եւ ճանապարհորդների օթեւանը: Խաչն երկնաւորների ցնծութիւնն է եւ երկրաւորների զւարճութիւնը: Խաչը սանդարամետականների սարսափն է եւ երկրայիններին՝ սաստողը: Խաչը Քրիստոսի փառքն է եւ քրիստոնեաների՝ պարծանքը: Խաչը հոգեւոր զէնք է եւ չբթացող սուր: Խաչը դժոխքի աւերողն է եւ գերեալներին՝ ազատողը: Խաչը գերեզմանների կնիքն է եւ կեանքի՝ յարութիւնը: Խաչը Դրախտի բացողն է եւ արքայութիւնն որպէս ժառանգութիւն տւողը: Խաչը Քրիստոսի կարապետն է եւ յարութեան հրաւէրը: Խաչն անհաւատների կուրութիւնն է, հաւատացեալների՝ զօրութիւնը, եւ իրեն երկրպագողներին պայծառացնելով` կանգնեցնում է մեր Քրիստոս Աստծու աջ կողմում:

Խաչի չորս թեւերը միմեանցից տարբեր ուղղութիւններով են ներգործում: Խաչի ներքեւի պատւանդանն աւերում է դժոխքը, վերեւի գլուխը` Դրախտի դուռն է բացում, աջ թեւը` մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը` սաստում եւ պատուհասում դեւերին:

Պատրաստեց՝ Տ. Արիստակէս Քահանայ Շահմիրեան