Գրական Ձեռնարկ

Հինգշաբթի, թւականիս սեպտեմբերի 5-ին, կայացաւ Իրանահայ Գրողների Միութեան գրական ձեռնարկը՝ «Թումանեանը ժամանակակիցների յուշերում» խորագրով։

Միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանի բացման խօսքից յետոյ ծրագրի Առաջին մասում Աշխէն Եղիայեանը ներկայացրեց բանաստեղծի կնոջ՝ Օլգայի, Աւետիք Իսահակեանի, Վահան Թոթովենցի, Զապէլ Եսայեանի եւ ուրիշների գրի առած յուշերից հատւածներ։ Թումանեանի մի տասնեակ քառեակներից արտասանեց
Ռուբէն Շահբազեանը:

Ձեռնարկի երկրորդ մասում, արւեստաբան՝ Լիդա Բերբերեանն ունկնդիրների ուշադրութեան յանձնեց իր մայրիկի գրած յուշերից՝ Թումանեանի հետ հանդիպումը Վանում։

Բանաստեղծ Վարանդը արտասանեց Թումանեանին նւիրւած իր գրած ակրոստիկոսը, ապա արտասանեց Թումանեանի "Հայրենիքիս հետ" բանաստեղծութիւնը։

Եզրափակիչ բաժինը՝ Օֆիկ Մելիքեանի եւ Զօրիկ Ֆարհադեանի հոյակապ զուգերգն էր։ նրանք կատարեցին նոյն "Հայրենիքիս հետ" բանաստեղծութեան խօսքերով յօրինւած երգը։

Արտայայտւեցին ներկաները, այդ թւում բանաստեղծ՝ Տիգրան Պօղոսեանը, ձեռնարկն անւանելով "Փառատօն"։

Իրանահայ Գրողների Միութիւն