Դասախօսական երեկոյ՝ «Ազգային միասնականութիւն եւ մշակութային զանազանութիւն» թեմայով

Իրանում Անտրոպոլոգիայի ազգային օրւայ առիթով, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, դասախօսական երեկոյ էր կազմակերպւել Իրանի Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան ուսումնասիրութիւնների կենտրոնում:

«Ազգային միասնութիւն եւ մշակութային զանազանութիւն՝ Իրանում կրօնական էթնիկ ազգաբնակչութիւն» խորագրով դասախօսական երեկոյին, ելոյթներով հանդէս եկան Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները եւ Իրանի անտրոպոլոգ դասախօսները:

Դասախօսական երեկոյին դասախօսները ընդգծեցին, որ Իրանը իր բազմազան դրոյթով հանդերձ միասնական է եւ Իրանում բոլոր կրօնական փոքրամասնութիւնները ազատ են իրենց կրօնական ու մշակութային ծէսերի իրականացման բնագաւառում: Թեհրանի հայոց թեմից եւ իրանահայ համայնքի կողմից, ելոյթով հանդէս եկաւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ եւ մասնագիտութեամբ անտրոպոլոգ Արա Շահվերդեանը:

Նա կարեւորութեամբ անդրադարձաւ իրանցիների եւ հայերի հազարամեայ պատմութեանը, լեզւա-մշակութային ընդհանրութիւններին եւ ընդգծեց, որ Իրանում հայերը, որպէս իրանցիներ մեծ ներդրում են ունեցել Իրանի գիտութեան, մշակոյթի, արւեստի եւ քաղաքական կեանքում եւ ընդգծեց, որ հակառակ այլոց, ինչպէս օսմանցիների, որոնք իրականացրին Հայոց Ցեղասպանութիւնը, Իրանում հայերը եղել են յարգւած քաղաքացիներ եւ Իրանի սահմանադրութեամբ գրանցւած օրէնքի հիմամբ ունեն պատգամաւորներ, եկեղեցի, դպրոց եւ մշակութային կենտրոններ եւ Իրանում վերանորոգւում են հայկական պատմական եկեղեցիները:

Միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ նաեւ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գերատեսչութեան նախկին պատասխանատու Սայիդ Թաղաւին, ով անդրադարձաւ Իրանի կրօնական փոքրամասնութիւնների աշխատանքներին, իրաւունքներին, ու ազատութիւններին, որոնք սահմանւած են Իրանի սահմանադրութեամբ:

Վերջում կենտրոնի կողմից եւ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին Իրանի վաստակաւոր եւ ակտիւ անտրոպոլոգներին, եւ պրն. Սայիդ Թաղաւիին:

Լուրը «Ալիք»-ից