Թեմակալ Առաջնորդի այցը Հ. Մ. «Սարդարապատ» Միութիւն

Սոյն թւականի, երեքշաբթի 27 օգոստոսի երեկոյեան, Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Հ.Մ. Սարդարապատ Միութեան վարչութեան հրաւէրով, ներկայ գտնւեց միութիւն:

Նախ տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն, որտեղ հրաւիրւած էին թաղիս ծխատէր քահանայ՝ Արժ. Տէր Մաշտոց քհն. Խաչատրեանը, Սրբոց Վարդանանց եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ՝ տիկ. Անահիտ Միխայեանը և «Անի» Միութեան նախագահուհի՝ տիկ. Ժանետ Բալասանեանը:

Սրբազան հայրն աւելի մօտիկից ծանօթացաւ միութեան աշխատանքներին, ապա միութեանս նախագահ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը բացատրութիւն տւեց անցեալ 8 ամիսների ընթացքին կատարած ծրագրերի մասին նաև ապագայում կայանալիք ծրագրերի վերաբերեալ:

Սրբազան հայրը նոյնպէս հետաքրքրւեց թաղի եկեղեցու և սրահի վերանորոգման աշխատանքների մասին: Որոշ մտքերի փոխանակումից յետոյ, տեղափոխւեցինք միութեան սրահ, ուր մեծ թւով Սարդարապատ քաղաքամասի բնակիչներ իրենց ողջոյններով դիմաւորեցին թեմակալ առաջնորդին:

Հանդիպումը բացւած համարւեց Տէրունական աղօթքով:

Հանդիպումը շարունակելով, վարեց միութեան նախագահը, շնորհակալութիւն յայտնելով Սրբազան հօրը վարչութեան հրաւէրն ընդունելով ներկայ է գտնւել Սարդարապատ քաղաքամասի թաղեցիների առաջադրանքներին և մտահոգութիւններին վերահասու լինելու նպատակով:

Սրբազան հայրը բարձր գնահատեց միութեան վարչութեան կազմակերպած քայլը նաև ողջունեց քաղաքամասի բնակիչներին իրենց ներկայութեան համար, ապա անդրադառնալով այսօրւայ գաղութիս ամենաաչքառու խնդրի, որը առաջացել է արտագաղթի հետևանքով, արտայտեց՝ «Ցաւօք մեր դպրոցները պարպւել են հայ աշակերտութիւնից: Բայց չպէտք է ձեռքնծալ լինենք, այլ պիտի նոր եռանդով և վերանորոգ հայեացքով շարունակենք մեր հանդիպումները, լինի դա դպրոցներում, միութիւններում թէ եկեղեցիներում: Իրար հանդէպ մենք պէտք է հանդուրժող լինենք, իրար սիրելով և ներելով է, որ մարդկային կեանքն աւելի բարելաւում, իրագործւում և իր կեանքն է իմաստաւորում»: «Ես ականատես եղայ և մեծ ուրախութեամբ լցւեցի, երբ Հայաստանի Համահայկական Խաղերին, Արցախում տեսայ 5000 հայ արտասահմանից ժամանած մարզիկ–ուհիներին, որոնք եկած էին աշխարհի բոլոր մասերից: Իրենց ներկայութիւնը յոյս է ներշնչում և ամրապնդում է մեզ պայքարելու մեր Ազատ, Անկախ և Միացեալ Հայաստանի, Վանից մինչև Մուշ ազատագրմանը: Սրան պէտք է հաւատալ և հաւտում եմ, որ մեր միասնութեամբ, մենք կարող կը դարձնենք անկարելին, ինչպէս Մարկոս Աւետարանիչն է ասում՝ «որտեղ որ կայ հաւատք, անկարելին կարելիի կը վերացւի». այս է մեր ներկայիս անելիքը, որ միասին պէտք է ուժեղ լինենք, միասին պէտք է ամէն քայլ և գործ իրականացնենք»- եզրափակեց Սրբազան Հայրը

Սրբազան հօր հայրական խրատներից և բարեմաղթանքներից յետոյ, ներկաները իրենց յուզող հարցերը ներկայացրեցին, որտեղ բոլորին շատ յուզում էր երիտասարդների հարցը, թէ ինչպէս է կարելի աւելի մասնակից լինեն եկեղեցական արարողութիւններին և միութենական աշխատանքներին. Նաև դպրոցների, դասագրքերի, համայնքի արտագաղթի և շատ յուզող հարցերի վերաբերեալ, որոնք բացատրւեցին և մեծ բաւարարւածութիւն ստացան:

Վերջում պրն. Մուշեղը նոյնպէս իր հարցերով հանդէս եկաւ և ներկաններին փոխանցեց՝ «Մեր միութեան դռները բաց է բոլորի համար, ինչ հարցեր լինեն, թէկուզ դժգոհութիւններ կամ առաջարկութիւններ, մենք մեծ ուրախութեամբ լսում և ընդունում ենք Ձեզ բոլորիդ և շատ ուրախ կը լինենք, որ միշտ լինէք մեր կողքին»:

Ծրագիրն աւարտւելով, Սրբազան հայրն իր օրհնանքը յղեց ներկաններին և յաջողութիւն մաղթելով բոլորին, թողեց միութինը, իսկ ներկաները հիւրասիրւեցին և մեծ բաւականութիւն ստացած հեռացան:

Հ. Մ. «Սրադարապատ» միութեան Հանրային կապ