Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի Այցը

Չորեքշաբթի թւականիս 28 օգոստոսի կէսօրից յետոյ ժամը 13։00-ին Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսը, որը Իրանում հիւրն էր Իրանի հոգեւոր փաստագրական ֆիլմեր նկարահանող Սիդէ ընկրեութեան, այցելեց թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին։

Սրբազան հայրը եղբայրական ջերմ սիրով իր գրասենեակում ընդունեց հոգեւոր հօրը եւ նրան ընկերակցող Սիդէ ընկերութեան անձնակազմին։

Հանդիպման ընթացքին Առաջնորդ Սրբազան հայրը եւ Մալխազ հոգեւոր հայրը մտքեր փոխանակեցին ըստ Աւետարանական փաստարկումների եկեղեցու կեանքի հետ առնչւած այժմէական հարցերի, որոնցից է իգական սեռի եկեղեցում եւ եկեղեցական արարողութիւններին մասնակցելու հարցը եւ այս առիթով իր ուրախութիւնը յայտնեց, որ Թեհրանի թեմում սարկաւագուհու ձեռնադրութիւն է կատարւել։ Ապա Մալխազ հոգեւոր հայրը, որպէս յուշանւէր վրացական գաւաթ փոխանցեց Առաջնորդ Սրբազան հօրը։ Ապա այցելեց Ս. Սարգիս մայր եկեղեցի եւ առանձնական աղօթք կատարելուց յետոյ գոհունակութեամբ թողեց առաջնորդարանը։

Յայտնենք, որ Մալխազ եպիսկոպոսը միջ-եկեղեցական յարաբերութեան շրջագծում բազմիցս հանդիպել է Առաջնորդ սրբազան հօր Զիմբաբւէում, Բուսանում (Հարաւային Քորէա) եւ Հայաստանում։