Ս. Աստւածածնայ Տօնը Ռաշտ-Անզալիում

Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնն իր էութեամբ և խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցու հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:

Այս ուրախալի առիթով նախորդ տարիների սովորութեան համեմատ, այս տարի ևս թւականիս 15 և 16 օգոստոսին, Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդի կողմից, ուխտագնացութիւն կազմակերպւեց դէպի Ռաշտ-Անզալի: Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին ընկերակցում էին շրջանի այցելու հովիւ՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը և Արժ. Տ. Սարգիս քհն. Խոսրովեանը: Խմբին մասնակցում էր նաև Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի անդամ՝ Վահէ Թարոյեանը:

Շուրջ 40 ուխտաւորներից բաղկացած հանրակառքը հինգշաբթի առաւօտ կանուխ ճանապարհւեց դէպի Ռաշտ:

Առաջնորդ Սրբազանին Ռաշտի մուտքին դիմաւորեց Ռաշտի և Անզալիի եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնների կողմից և ապա ուղղւեց դէպի եկեղեցի, ուր ուխտաւորների ներկայութեամբ կատարեց կանոնական աղօթքը և նրանց փոխանցեց իր հայրական պատգամը: Ապա դպրոցի սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Կէսօրւայ ճաշը դպրոցի սրահում միասնաբար կիսեցին, որի ընթացքին տեղի ունեցան բաժակաճառութիւն, խմբերգ, մեներգ և ասմունք: Աւարտին Սրբազան Հայրն իր հերթին գնահատեց Ռաշտի փոքրաթիւ համայնքը և յատկապէս եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամների անձնազոհ աշխատանքն ու ծառայութիւնը:

Երեկոյեան ուխտաւորները մեկնեցին դէպի Անզալի:

Ուրբաթ առաւօտեան ժամը 10:30-ին Անզալիի Ս. Աստւածածին մատուռի մէջ մատուցւեց հանդիսաւոր եպիսկոպոսական պատարագ ձեռամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի:

Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ Ս. Կոյս Մարիամի առաքինութեանց մասին և վեր բերեց նրա մայրութիւնը իբրև տիպար և բարձրագոյն օրինակ բոլոր մայրերին: Իր քարոզում անդրադարձաւ նաև վերափոխման կապւած ազգային աւանդութիւնների և ի մասնաւորի խաղողի օրհնութեան արարողութեանը և դրա տօնին առնչւելու իմաստին և կարգաւորմանը:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ աւանդական խաղողօրքնէքը, որից յետոյ ուխտաւորները եկեղեցու բակում հիւրասիրւեցին:

Երեկոյեան, Սրբազանը հիւր եղաւ եկեղեցադպրոցական հոգաբարձութեան ատենապետ՝ Ասպետ Սիմոն Տ. Յովսէփեանին և շաբաթ առաւօտեան Սրբազան Հայրն իր ուղեկիցներով վերադարձաւ Թեհրան: