Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 8-րդ շրջանի բոլոր դպրոցների ծնողական խորհուրդների խորհրդի կազմում ընտրւել է Արա Շահվերդեանը

Ուրախութեամբ տեղեկացել ենք, որ հայոց ազգային «Շանթ-Մարիամեան» տղայոց դպրոցի տարրական եւ միջնակարգ օղակների ծնողական խորհրդի տարիների անդամ եւ ներկայում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արա Շահվերդեանը ընտրւել է Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 8-րդ շրջանի բոլոր դպրոցների ծնողական խորհուրդների խորհրդի կազմում, որպէս այդ շրջանի հայոց դպրոցների ներկայացուցիչ եւս:

Այդ առիթով յիշեալի հետ հարցազրոյց ենք ունեցել, կապւած այդ խորհրդի աշխատանքներին եւ առաջիկայ ծրագրերին:

Արա Շահվերդեանը զրոյցի ընթացքում նշել է. «Արդէն երեք տարի է, ինչ ի շնորհիւ մեր ծնողների վստահութեան, անդամակցում եմ «Շանթ-Մարիամեան» դպրոցի ծնողական խորհուրդներին: Նշեմ, որ ծնողական խորհրդի հիմնական աշխատանքն է կրթական եւ դաստիարակչական աշխատանքներում նեցուկ հանդիսանալ տեսչական-ուսուցչական կազմին եւ ուղղութիւններ տալ ծնողներին, սակայն դժբախտաբար մեր դպրոցների նիւթական հարցերին վերահասութիւն տալու պատճառով, ծնողական խորհուրդները մասամբ հեռանում են բուն նպատակներից, բայց նիւթականի ապահովումը եւս ինքնին լուրջ հրամայական է մեր դպրոցների պարագային:

Անցնելով ծնողական խորհուրդների Կենտրոնական խորհրդին, անհրաժեշտ է նշել, որ իւրաքանչիւր երկու տարին մէկ անգամ ուսումնադաստիարակչութեան բոլոր տարածքներում տեղի է ունենում ընտրութիւններ եւ ընտրւում են իւրաքանչիւր շրջանի ծնողական խորհուրդների խորհուրդը: Իւրաքանչիւր տարածքում, այդ տարածքի բոլոր դպրոցների ծնողական խորհուրդների նախագահների կամ փոխնախագահների մասշտաբում է կատարւում ընտրութիւնները եւ ընտրւում 9 հոգանոց ներկայացուցիչների կազմը: Վերջին ընտրութիւնները կայացել են մայիսի երկրորդ կէսում:

Որպէս հայոց դպրոցի ծնողական խորհրդի անդամ, արդէն մի քանի տարի է ինչ անձնապէս կարեւորում եմ այդ խորհրդում հայկական դպրոցների ներկայացուցիչների ներկայութիւնը, մեր դպրոցների խնդիրները աւելի արագ փոխանցելու պատկան մարմիններին:

Ուսումնական անցեալ տարեշրջանում, ուսումնադաստիարակչութեան 8-րդ շրջանի կողմից ինչպէս բոլոր դպրոցներն, հրաւէր-շրջաբերական ուղարկւեց նաեւ մեր դպրոցին յիշեալ ընտրութիւններին մասնակցելու գծով: Խորհրդին անդամակցելու նպատակով ես խորհրդակցեցի թէ դպրոցի ծնողական խորհրդի, տեսչական կազմի եւ թէ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի հետ: Քանի որ 8-րդ շրջանում ունենք մեծ թւով հայոց դպրոցներ, ինչպէս՝ «Թունեան-Թովմասեան», «Նայիրի-Սողոմոնեան», «Արարատ», «Շանթ-Մարիամեան», Կրթական խորհրդի հետ համադրաբար կապ հաստատեցինք մեր բոլոր հայկական դպրոցների ծնողական խորհուրդների հետ եւ պարզւեց, որ հրաւէրին արձագանգել են միայն երկու հայոց դպրոցներ՝ այսինքն «Շանթ-Մարիամեան» եւ «Արարատ» աղջկանց դպրոցները: Ապա համատեղ նիստ գումարւեց նշեալ հայկական բոլոր դպրոցների ծնողական խորհուրդների նախագահների եւ փոխնախագահների հետ, որի արդիւնքում ինձ առաջադրեցին, որպէս հայոց դպրոցի ներկայացուցիչ: Նշեմ, որ ուսումնադաստիարակչութեան 8-րդ շրջանում գործում է 180 դպրոց, լինեն դրանք պետական, ոչ-պետական կամ ոչ- շահադիտական, որոնցից պէտք է ընտրւէր 9 հոգանոց անձնակազմ: Ընտրութիւնների օրը մասնակցել էին 90 դպրոցից ներկայացուցիչներ: Սկզբում առաջադրւեցին 15 թեկնածուներ, որոնցից իւրաքանչիւրը հակիրճ ինքնակենսագրական էր ներկայացնում, եւ վերջում կատարւեց ընտրութիւն:

Ժողովին ներկայ էր Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան պատկան շրջանի գերատեսուչ տկն. Զամանը: Ի պատիւ մեր միւս հայոց դպրոցների ներկայացուցիչների, որոնք թէեւ ունէին 8 ձայն, նաեւ այլ դպրոցների, որոնք որպէս հայ վստահեցին ինձ եւ ես ընտրութեան արդիւնքում շահեցի երկրորդ ամենաշատ քւէն (90 քւէից 83-ը): Իւրաքանչիւր շրջանից ընտրւած 9 հոգանոց կազմին են միանում զանազան դպրոցների տեսուչներ, եւ կազմը լինում է 15 հոգանոց:

Ընտրութիւնից երկու ամիս անց կայացաւ համընդհանուր Թեհրանի ծնողական խորհուրդների անդրանիկ նիստը: Ծնողական խորհուրդների խորհուրդը ունի մի քանի յանձնախմբեր եւ ես ընտրւել եմ դպրոցների բարեկարգման –շինարարական եւ աշակերտների համար ծրագրամշակման յանձնախմբում: Յուսանք կարելի լինի մեր հայոց դպրոցների համար դրական քայլեր վերցնել: Իւրաքանչիւր շրջանի խորհրդի անդամները հերթաբար այցելում են դպրոցները: Թէեւ հայոց դպրոցների հարցերը թէ՛ նախարարութեան եւ թէ՛ յարակից շրջանների հետ քննարկւում է Կրթական խորհրդի միջոցով, սակայն յուսամ, որ կարող կը լինեմ մեր դպրոցների հարցերի կարգաւորման համար ինչ- որ քայլեր ձեռնարկել» :

Զրոյցի աւարտին Արա Շահվերդեանը կարեւորութեամբ նշեց. «Կրթական խորհրդի հետ համադրաբար «Շանթ-Մարիամեան» դպրոցը ապահովւել է միջնակարգի ուսողականի Բ օղակով, որի առումով անհրաժեշտ է նշել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների, տեսչական, ուսուցչական եւ ծնողական խորհրդի, նաեւ ծնողների կարեւոր եւ անժխտելի դերը, յուսանք հնարաւոր լինի օղակի պահպանումը»:

Նա նշելով, որ դժբախտաբար մինչ օրս Թեհրանի մասշտաբում ծնողական խորհուրդների Կենտրոնական խորհրդում հայոց դպրոցները ներկայացուցիչ չեն ունեցել, խորհուրդ տւեց նաեւ 6-րդ շրջանի հայոց դպրոցների ծնողական խորհուրդներին, որպէսզի իրենք եւս փորձեն ներկայացուցիչ ապահովել խորհրդում առաջիկայ ընտրութիւններում:

Նա իր ընտրութեան հարցով շնորհակալութիւն յայտնեց թէ՛ դպրոցի եւ թէ՛ նոյն շրջանի հայկական միւս դպրոցների ծնողական խորհուրդների ներկայացուցիչներին, իրեն վստահելու եւ քաջալերելու համար, Կրթական խորհրդին եւ դպրոցների ու կրթական խորհուրդների կապ հանդիսացող անձանց, իրենց հովանաւորութեան եւ դրական լիցքաւորման համար:

Լուրը «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ