Կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման միջոցառում

ԱԼԻՔ - Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի մեծարման ծրագրերի շարանում, չորեքշաբթի, յունւարի 27-ի երեկոյեան, կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման նպատակով, իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել «Բահման» մշակութային համալիրի «Նահատակ Աւինի» դահլիճում:

Ծրագիրը մեկնարկեց «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախմբի միջոցով, Իրանի պետական հիմնի եւ իրանական յեղափոխական մի քանի երգերի կատարմամբ, ղեկավարութեամբ՝ Էդիկ Թամրազեանի: Միջոցառմանը ներկայ էին կրօնական փոքրամասնութիւնների հարցով հանր. նախագահի յատուկ ներկայացուցիչ հոջ. Իւնեսին, նահատակների հիմնարկի, պահակազօրի ու պետական պատկան պատասխանատուներ:

Միջոցառմանը հրաւիրւած էին Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ նահատակների ընտանիքներ: 

Միջոցառմանը, որը յագեցած էր նաեւ գեղարւեստական կատարումներով, արտայայտւեցին պահակազօրի «Հազրաթ Ռասուլ» զօրամիաւորումում յեղափոխութեան առաջնորդի ներկայացուցիչ՝ հոջ. Գովահին, Թեհրանի եւ հիւսիային իրանահայութեան ժամանակի պատգամաւոր՝ Վարդան Վարդանեանը, ինչպէս նաեւ այլ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների պարագաները: Վերջում խորհրդանշական ձեւով պետական պատասխանատուների եւ փոքրամասնութիւնների ներկայացուցիչների, ինչպէս ժամանակի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Արտաւազդ Բաղումեանի ձեռամբ, գնահատագրեր յանձնւեցին չորս կրօնական փոքրամասնութեան նահատակների ընտանեկան պարագաներին: Հայ նահատակների յիշատակին նւիրւած գնահատագիրը յանձնւեց նահատակ Զօրիկ Մուրադեանի մօրը՝ տկն. Կատարինէին: