Հայրապետական Մաղթանք Արամ Ա. Կաթողիկոսի Օծման Քսանչորրորդ Տարեդարձի առիթով

Կիրակի 30 Յունիս 2019-ին յընթացս Ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հայրապետական մաղթանք, Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանչորրորդ տարեդարձի առիթով:

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կրօնական արարողութեան նախագահեց եւ այս առիթով իր պատգամը տւեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրն իր քարոզն սկսեց Պօղոս Առաքեալի նամակներից մէկի գրութեամբ, որտեղ Առաքեալը կարևորութեամբ շեշտում և յիշեցնում է իր աշակերտներին և եկեղեցու անդամներին, որ աղօթեն միմեանց համար և աղօթեն նաև իր համար, որովհետև Առաքեալի մտքում աղօթքը կայ, որպէս ոչ միայն հոգևոր կապ անդամների միջև, այլ նաև որպէս զոհութեան և ներշնչման աղբիւր:

«Հետևելով Առաքեալի պատգամին և թելադրանքին, մեր եկեղեցին տարւայ ընթացքին, յատուկ առիթներով աղօթում է և յատուկ շարականներով Աստծուց առաջնորդութիւն հայցում, իր եկեղեցու հաւատացեալների, սպասաւորների, նւիրական աթոռների գահակալների, իր հանրապետութեան ղեկավարների և իր ողջ ժողովրդի համար, խնդրելով, որ Աստւած ինքը օրհնի և առաջնորդի բոլորին իր կամքի համաձայն»- ասաց Սրբազան Հայրը:

«Այս հասկացողութեամբ, մենք աղօթեցինք Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետի կեանքի արևշատութեան համար, որովհետև ճիշտ 24 տարիներ առաջ, այս օրերին, նա ընտրւեց որպէս կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ և յուլիսի 1-ին օծւեց, ներկայութեամբ զանազան տեղերից եկած հարիւրաւոր պատգամաւորների, պետական ու միջ-եկեղեցական բարձրաստիաճանների ներկայութեամբ»- շարունակեց Առաջնորդ Սրբազանը:

Իր քարոզի ընթացքին, Սրբազան հայրը խօսելով Արամ Ա. Վեհափառի անցեալ 24 տարւայ աշխատանքների մասին, աւելացրեց. «Մեծի Տանն Կիլիկոյ ժամանակի կաթողիկոսը՝ Գարեգին Սարգսեանը, փոխադրւեց Էջմիածին, որպէս Ամենայն հայոց Կաթողիկոս: Մեծի Տանն Կաթողիկոսութեան միաբանութիւնն ու պատգամաւորական ժողովը, նոր կաթողիկոս ընտրեց յանձինս Արամ Կաթողիկոսի, ով իր ունեցած գիտութեամբ, հմտութեամբ, քրիստոնէական եկեղեցիներին մատուցած ծառայութեամբ, այսօր ոչ միայն մեր եկեղեցու կեանքի մէջ, այլ համաշխարհային եկեղեցիների կեանքում ունի իր ինքնուրոյն տեղն ու դերը»: «Վեհափառ Հայրապետն այսօր ևս շարունակում է իր առաքելութիւնը և իր ներդրումն է բերում ոչ միայն միջ-եկեղեցական, այլ միջ-քաղաքակրթական բնագաւառներում, աշխարհի քաղաքակրթութեան և ծառայութեան գանձանակի մէջ, որը մեր եկեղեցու համար պատիւ ու փառք է»: «Երկար և եկեղեցաշէն ու ազգանւէր կեանք ենք մաղթում Վեհափառ Հայրապետին»-եզրակացրեց Սրբազան Հայրը: