Ս. Էջմիածնի Տօնը Թեհրանում

Ս. Էջմիածնի տօնի առիթով, կիրակի 23 յունիսի առաւօտեան Թեհրանի մեր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր սուրբ պատարագ:

Ս. Սարգիս մայր եկեղեցում, պատարագը նախագահեց և յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբում խօսելով ՛՛Տօն Կաթողիկէ Սրբոյ Էջմիածնի՛՛ մասին բացատրում է՝ «Այս տօնը նշանակում է Ս. Էջմիածին Տաճարի կառուցման և յիշատակի ոգեկոչման օր, որ մեր եկեղեցին իր յատուկ աղօթքներով ու շարականներով ոգեկոչում է այդ տօնը»:

Ապա բացատրելով Ս. Տաճարի կառուցման մասին, աւելացնում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Խոր Վիրապի ելքից յետոյ, Տրդատ թագաւորի հետ միասին, քրիստոնէութիւնը պետական կրօն են հռչակում և իրենց առաջին գործը լինում է յատուկ վկայարաններ կառուցել Ս. Հռիփսիմեանց և Ս. Գայիանեանց կոյսերի թաղման վայրում: Այդ միջոցին երբ Աստւածային լոյսով ու շնորհքով լուսազարդ Սուրբն աշխատում էր, տեսիլք է ունենում, որի համաձայն Աստւածորդին իր ոսկեայ մուրճով երկնքից իջած Վաղարշապատի հեթանոսական տաճարի վրայ Մայր Կաթողիկէ եկեղեցու յատակագիծն է գծում: Արթնանալուն պէս, Սուրբը մտածում է, որ այդ պէտք է կատարւի յատուկ կրօնական արարողութեամբ: Իր կաթողիկոսական ձեռնադրութիւնից յետոյ, թագաւորի, իշխանների և ողջ ժողովուրդի հետ սկսում են կառուցել տաճարը: Նրա սկզբնական անունը եղել է «Ս. Աստւածածին» բայց հետագային փոխւում և լինում է «Էջմիածին» այսինքն Միածնի իջած տեղը»:

«Այսօր քրիստոսագալուստ տօն է մեր եկեղեցու, նաև երկնային վկայութիւնն է մեր Հայաստանեաց Առաքելական եկեղեցու նւիրականութեան, սրբութեան և իւրայատուկ փրկչական ու փրկագործական մեր ժողովրդի կեանքում»: «Մենք պէտք է մեր քրիստոնէական հաւատի վրայ ամուր կանգնենք, չլինենք ձևական մեր աղօթքների մէջ, այլ լինենք բառի բուն իմաստով հաւատացեալներ»- եզրակացրեց Սրբազան Հայրը: