«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ միջոցառում՝ «Իրանահայութեան դերը՝ Իրանի թատրոնում»

«Իրանահայութեան դերը՝ Իրանի թատրոնում» խորագրով շաբաթ՝ յունիսի 15-ին, իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, որը իրականացաւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում:

Անաստաս Տէր-Յովհաննիսեանը կազմակերպիչ յանձնախմբի անունից իր բացման խօսքի մէջ կարեւորութեամբ անդրադարձ կատարւեց հայ եւ իրանցի երկու բազմադարեայ ժողովուրդների մշակութային ընդհանրութիւնների մասին, նշւելով, որ իրանահայութիւնը Իրանի պատմութեան բազմազան բանագաւառներում միշտ իր անժխտելի ներդրումն է բերել: Նա նշեց, որ Իրանի հայերը իրենց ուրոյն դերն են ունեցել մշակութային կեանքում, ի մասնաւորի՝ կինոյի, թատրոնի եւ արւեստի զարգացման գործում եւ դեռ Ղաջարական դիւնաստիայի շրջանից իրանահայերը Ատրպատականում, Նոր Ջուղայում եւ Թեհրանում հիմնադրել են թատերական խմբեր, որոնք նախ ներկայացումներ էին բեմադրում տնային պայմաններում, ապա աստիճանաբար հայկական թատերաբեմերում: Նա ընդգծեց, որ Իրանի թատրոնի առաջին կին դերասանուհիներից է եղել Սիրանուշը, ով հետագայում խաղացել է Իրանի առաջին յամր կինոֆիլմում, որի ռեժիսորն էր իրանահայ Աւանէս Օգանեանցը:

Միջոցառումը, որին ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Իրանի Մշակոյթի նախարարութեան, քաղաքապետարանի եւ Քաղխորհրդի ներկայացուցիչներ, կինոյի, թատերական կեանքի եւ արւեստի ու մշակութային կեանքի գործիչներ, Թ. Հ. Թ. ՊԺ-ի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ներկայացուցիչներ, յագեցած էր գեղարւեստական կատարումներով եւ ֆիլմի ցուցադրութեամբ:

Ցուցադրւած պատմա-փաստագրական ֆիլմի հեղինակն էր Կարէն Մնացականեանը եւ ֆիլմը պատմական ակնարկ էր Իրանի ողջ հայահոծ շրջաններում թատրոնի ձեւաւորման եւ ապա Իրանում տարածման մասին:

Թատրոնին նւիրւած երեկոն առաւել իմաստաւորւեց իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի բեմադրութեամբ «Սիաւաշ եւ Սուդաբէ» թատերական ներկայացմամբ, որի դերակատարները հայ շնորհալի երիտասարդներ էին: Ներկայացումը մէկտեղւած էր Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախմբի ելոյթով, գեղարւեստական ղեկավար Անահիտ Աւետեան (Մանուկեան) եւ Քարոլին Խուդադադեանի մենակատարութեամբ: Ներկայացումը փոխառնւած էր Ֆերդոսիի «Շահնամէ»-ից: Դերերով հանդէս եկան՝ Թենի Աւագեանը, Բիայնա Մահմուդին, Արէն Զաքարեանը, Էրւին Գալստեանը եւ Կամօ Աբրամը:

Հանդիսութիւնը վարում էր Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան հաղորդավարներից՝ Փէյման Շէյխին:

Դասախօսութեամբ հանդէս եկաւ Իրանի կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, կինոքննադատ ու գրող Բեհզադ Ֆարահանին, ով իր յուշերի ընդմիջից անդրադարձաւ իրանահայ ռեժիսորներ՝ Շահէն Սարգսեանի եւ Արբի Աւանէսեանի անժխտելի դերակատարութեանը Իրանի թատրոնի եւ կինոյի երկնակամարում:

Ընթացքում Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը իր ողջոյնի խօսքն փոխանցելով հանդիսատեսին, նշեց, որ երկար տարիներ է ինչ «ՀՈՒՍԿ»-ը մտադիր է նման միջոցառմամբ լսարանի դատին յանձել այն դերը, որ իրանահայերն են դրսեւորել Իրանի թատերական կեանքում:

Հանդիսութեանը գնահատագրեր յանձնւեցին Իրանի թատրոնի եւ արեւստի զարգացման գործում իրենց ուրոյն դերակատարութիւնը ունեցած Իրանի բեմայարդարման եւ հագուստի մայր կոչւող եւ համալսարանի դասախօս դոկտ. Էդնա Զէյնալեանին, թարգմանիչ, ռեժիսոր եւ դերասան Անդրանիկ Խեչումեանին, ռեժիսոր, կինոքննադատ եւ ժամանակի դերասան Սուրէն Մնացականեանին, ռեժիսոր, պրոդիւսեր եւ Իրանում Հայաստանի Հայֆեստ փառատօնի ներկայացուցիչ Ալբերտ Բեգիջանեանին, հագուստի ձեւաւորող եւ համալսարանի դասախօս Մեղեդի Շամիրեանին, երիտասարդ թատերագիր եւ թատրոնի ռեժիսոր Արազ Բարսեղեանին, եւ յետմահու գնահատւեց Իրանի թատրոնի ու կինոյի հանրայայտ դերասան Լեւոն Խանգալդեան Հաֆթւանը:

Գնահատագրերը յանձնւեցին մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախկին շրջանի նախագահ Ռոբերտ Բեգլարեանի, ռեժիսոր Վարուժ Քարիմ-Մասիհիի, արւեստաբան Սայիդ Փուրսամիմիի, եւ թատերագէտ Բեհզադ Ֆարահանիի միջոցով:

Վերջում Թեհրանի սիմֆոնիկ երգչախմբի խմբավար, մայեստրօ Ռազմիկ Օհանեանի խմբավարութեամբ երգչախումբը կատարեց հայկական եւ իրանական ժողովրդական երգեր՝ Կոմիտասից, Ռուբիկ Գրիգորեանից եւ Լորիս Ճգնաւորեանից: Երգչախմբին դաշնամուրով նւագակցում էր Ալւին Աւանէսեանը:

Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Լուրը «Ալիք»-ից
Լուսանկարիչներ՝ Ժուաննա և Ժենիա Աւետեաններ