Հանդիպում Իրանի Օլիմպիական Կոմիտէի Նախագահի հետ

Երեքշաբթի 11 յունիս 2019-ին, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանը, Հայաստանի Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Զովէլեանը, Շիմիդոր Ակումբի նախագահ և իրանահայ մարզիկների հովանաւորող՝ պրն. Հենրիկ Տէր Ղուասեանը հանդիպեցին Իրանի Ազգային Օլիպիական Կոմիտէի ղեկավար՝ դոկտ. Սէյէդ Ռեզա Սալէհի Ամիրիի հետ:

Հանդիպումն անցաւ ջերմ մթնոլորտում: Նախ դոկտ. Սալէհի Ամիրին իր սրտագին գոհունակութիւնը և յարգանքը յայտնեց հայ համայնքի հանդէպ, յաւելելով, որ իր Մշակոյթի Նախարարութեան տարիներին, միշտ արտայայտւել է թէ, հայերը Իրանում գործարարութեան և մշակութային ասպարէզներում լայն ներդրում ունեցող համայնք են եղել:

Այնուհետև պատւիրակութիւնը արձագանքեց, օգոստոս ամսին Հայաստանի Համահայկական խաղերի մասնակցելու իրանահայ պատւիրակութեան և մարզիկների մեծ թւով Հայաստան ուղարկելու նիւթական դժւարութիւնների խնդիրը: Արտայայտեցին նաև Իրանի Օլիպիական Կոմիտէից ունեցած իրենց ակնկալիքը, նիւթական օժանդակութեան վերաբերեալ:

Դոկտ. Սալէհի Ամիրին խոստացաւ Կոմիտէի ժողովում խնդիրն արծարծի և ըստ այնմ, իրենց նիւթական օժանդակութեան չափանիշերը ներկայացնի պատւիրակութեան: