ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ (Իր ձևով և բովանդակութեամբ՝ նորարարութիւն)

Երեքշաբթի, մայիս 21-ի երեկոյեան, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց Միութեան (ՓԿՄ) նախաձեռնութեամբ, Հայոց Ազգային Թունեան տարր. դպրոցի սրահում, կայացաւ իր ձևով ու բովանդակութեամբ եզակի մի հանդիպում, որտեղ ներկաներին փոխանցւեց Արցախի Գրողների Միութեան (ԱԳՄ), բանաստեղծ՝ Վարդան Յակոբեանի Ղարաբաղի բարբառով գրւած բանաստեղծութիւնները։

Ծրագրի սկզբում ցուցադրւեց ՓԿՄ-ի կողմից պատրաստւած Արցախի 30-ամեայ անցեալը ներկայացնող «Վերյիշում» ֆիլմը, որի վերջին մասում հեռարձակւեց երեկոյի մասնակիցներին ուղղւած Վ. Յակոբեանի ողջոյնի խօսքը։

Ապա միութեան կողմից բացման խօսք ասաց Մելինա Մանգասարեանը, միջոցառման մտայղացման մասին խօսեց Գասպար Ամիրխանեանը։ Ապա բանաստեղծութիւնները ներկայացրին, բնիկ արցախցի՝ Ռիմա Մելեանը և բնիկ ղարադաղցի՝ Շահէն Միրզայեանսը, որոնք երկուսն էլ տիրապետում էին բարբառին։ Ծրագրի այս բաժինը վարում էր վաստակաշատ ուսուցիչ և գրող՝ Նորվանը, ով նոյնպէս լաւածանօթ էր բարբառին։ Հարկ է նշել որ Իրանի Ատրպատականի նահանգի երբեմնի հայաբնակ Ղարադաղի շրջանի բարբառը, համարւում է Ղարաբաղի ենթաբարբառը։

Ծրագրի աւարտին եզրափակիչ խօսք ասաց Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, ով գնահատելով երեկոյի կազմակերպումը, հորդորեց հայ ընտանիքներում անաղարտ պահել Մայրենի լեզուն, մասնաւորաբար երիտասարդութեանը կոչ ուղղեց գործունեայ մասնակցութիւն ունենալ նման միջոցառումներին։

Ընթացքում կարճ ելոյթ ունեցան դկտ. Մ. Թումանեանը և դկտ. Վ. Ռատթէոսեանը։

Վերջում ՓԿՄ կանանց բաժանմունքի անդամուհիները, ներկաներին հիւրասիրեցին թէյ ու սուրճով։

Հանդսութեանը ներկայ էին գրողներ, ուսուցիչներ, Պատգամաւորական ժողովի անդամներ։ Հասարակութիւնը լաւ ընդառաջում էր ցուցաբերել, սրահը լեփ-լեցուն հանդիսատէսով, ջերմ մթնոլորտ էր ստեղծւել։

Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց Միութիւն