«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նւիրւած միջոցառում՝ «Արարատ» մարզաւանում

Ապրիլի 24-ի երեկոյեան հազարաւոր հայորդիներ, օրւայ խորհրդով տոգորւած ի մի էին եկել «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, հաղորդակց լինելու Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակին նւիրւած կենտրոնական գեղարւեստական դասախօսական ծրագրին: Միջոցառում, որի իրականացումը տարիներ է ինչ վստահւած է Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեանը:

Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական հիմնով, որից յետոյ կազմակերպիչ յանձնախմբի անունից ելոյթով հանդէս եկաւ Սարինէ Թորոսեանը, բեմ հրաւիրելով օրւայ բանախօս «Ալիք» կայքէջի պատասխանատուԱրամ Շահնազարեանին:

Իր ելոյթի ընթացքում բանախօսը անդրադառնալով Հայ Դատի պայքարի գործում սփիւռքեան գաղթօջախների դերին ընդգծեց. «Անդրադառնալով Հայ Դատի պայքարի գործում սփիւռքեան գաղթօջախների դերին եւ նշանակութեանը, ցանկանում եմ յատուկ անդրադառնալ մեր համայնքին՝ իրանահայութեանը վերապահւած դերին: Փաստ է, որ Իրանը եղել է, կայ եւ կը մնայ Հայաստանի բարեկամը, դէպի արտաքին աշխարհ միակ վստահելի շնչափողը: Ամենատարբեր բնագաւառներում Իրանի հետ յարաբերութիւնների ամրապնդումն ու խորացումը բխում է հայկական զոյգ պետութիւնների անմիջական շահերից, իսկ այդ նպատակին ծառայելը պէտք է դիտւի որպէս Հայ Դատի պայքարում իրանահայութեան անմիջական նպատակը: Չմոռանանք, որ Իրանն ու Հայաստանը կանգնած են միեւնոյն խրամատում՝ տարածաշրջանը ախտահարած պանթուրքիզմի, վտանգի դէմ պայքարի առաջին գծում: Իրանի անվտանգութիւնը Հայաստանի անվտանգութիւնն է, իսկ Հայաստանի անվտանգութիւնը Իրանինը»:

Արամ Շահնազարեանը ընդգծեց. «Մենք պէտք է մէկ անգամ եւ ընդմիշտ գիտակցենք ու հասկանանք, որ Հայ Դատի ըմբռնումը միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով չի սահմանափակւում: Հայ Դատն ունի իր ամբողջական եւ յստակ սահմանումը, որի հիմնական նպատակը հայութեան մարդկային, հողային, քաղաքական, տնտեսական եւ իրաւական իրաւունքների ամբողջական հատուցումն է, իսկ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը հիմնւած է իրաւազրկւած հայ ժողովրդի ամբողջական հատուցման տրամաբանութեան վրայ»: Բանախօսը շեշտեց. «Այս տարի 2019 թւականին մենք նշելու ենք Հայաստանի Առաջին Հանրապետութեան խորհրդարանի կողմից Միացեալ Հայաստանի հռչակագրի ընդունման 100-ամեակը: Սա պատմական լաւագոյն առիթն է, որպէսզի մէկ անգամ ընդմիշտ սահմանենք, թէ որն է մեր պայքարի վերջնանպատակը եւ ուր ենք ցանկանում հասնել: Դաշնակցական ականաւոր մտաւորական, Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր այրերից Նիկոլ Աղբալեանը ժամանակին ասել է. «Այն դատերն են մեռնում, որոնք պաշտպան չունեն: Իսկ Հայ Դատը կենդանի է եւ կենդանի կը մնայ այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի է հայ ժողովրդի պայքարի ոգին: Քանի դեռ կենդանի է մեր իրաւունքի գիտակցութեան ոգին»:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը: Իր ելոյթի ընթացքում դեսպանը անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը, անդրադարձաւ նաեւ Իրան-Հայաստան յարաբերութիւններին եւ ընդգծեց. «Իսկապէս Իրանը մեր բարեկամ երկիրն է եւ աշխարհագրութիւնը եւ պատմական անցած ճանապարհը, ապագայի մեր տեսլականը մեզ պարտադրում է բարեկամութեան վրայ կառուցել մեր յարաբերութիւնները եւ այդ առումով չկայ այլընտրանք, մեր բարեկամն է Ռուսաստանը, ԱՊՀ-ի շատ երկրներ, Վրաստանը եւ արեւմտեան շատ երկրներ»: Դեսպանը ընդգծեց. «Հայութիւնը այսօր պատմական հնարաւորութիւններ ունի այս փոփոխւող աշխարհում իր խնդիրները ճշգրտօրէն լուծելու, օգտագործելով ե՛ւ համադրումները ե՛ւ հակադրումները միջազգային դաշտում եւ այստեղ հայկական համայնքները անելիք ունեն: Ես միշտ հպարտանում եմ, որ այս համայնքը Իրանում մեծ յարգանք է վայելում, որը անգնահատելի ռեսուրս է մեր երկկողմ յարաբերութիւններում»:

Ելոյթների բաժնում եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազան Հայրն իր ելոյթի ընթացքում նշեց. «Պատմութիւնը մեծագոյն դաստիարակն է ժողովուրդների եւ անհատների: Մեր պատմութիւնը մեզ համար միշտ էլ հանդիսացել է մեծագոյն դաստիարակը, երբ իմաստութիւնը ունեցել ենք պատմութեան դասերից օգուտ քաղել»: Թեմակալ առաջնորդն իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ հայ ժողովրդի միասնականութեան անհրաժեշտութեանը եւ նշեց, որ պատմութեան ընթացքում, երբ հայ ժողովուրդը եղել է միասնական, յաջողել է յաղթանակներ արձանագրել, իսկ պառակտումների պահին շատ բան է կորցրել եւ շեշտեց. «Մենք, ուր էլ որ լինենք, ինչ երկնակամարի տակ էլ որ գտնւենք, մեր հայեացքը պէտք է ուղղենք մեր ազգային եւ գերագոյն շահերին, որը ուրիշ բան չէ, եթէ ոչ հզօրացումը այսօրւայ ազատ, անկախ Հայաստանի եւ հզօրացումը ազատ ու անկախ Արցախի եւ մեր ժողովրդի գիտակցութեան մէջ վառ ու կենդանի պէտք է պահենք ազատ, անկախ, միացեալ Հայաստանի գիտակցութիւնը»: Սրբազան հայրը ընդգծեց, քանի որ այս տարի Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի հռչակագրի ընդունման 100-ամեակն է, ուստի մտադրութիւն կայ «ՀՈՒՍԿ»-ի հետ համատեղ նշել այդ ամեակը, մեր ժողովրդի գիտակցութեան մէջ վառ պահելու այդ խորհուրդը, որովհետեւ դա պատմական իրականութիւն է: Սրբազան Հայրը կարեւորութեամբ ընդգծեց. «Այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի մենք կոչւած ենք մեր պատմութիւնը ուսումնասիրելու եւ մեր միասնականութիւնը վերականգնելու»: Իր ելոյթը եզրափակելով, Սրբազան Հայրը շեշտեց. «Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակի պատգամը մեզանից իւրաքանչիւրի համար հետեւեալն է՝ ուսումնասիրել մեր պատմութիւնը, մեր պատմութիւնից դաս քաղել եւ այդ դասը մեր առօրեայ կեանքի մէջ ունենալ, որպէսզի կարողանանք իրօք երբ ժամանակը գայ տէր կանգնել մեզանից խլւած մեր հայրենիքին եւ իրաւունքներին»:

Ծրագրին ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Թովմաս Թովմասեանը, Իրանում ՀՀ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, Իրանում հայ կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ քահանայ հայրեր:

Խօսքերին յաջորդեցին օրւայ գեղարւեստական հարուստ յայտագրով յագեցած ելոյթները, որի ընթացքում նոր ոճով ներկայացւում էր հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի սկզբնաւորումը եւ ընթացքը: Յայտագիրը վստահւած էր համայնքի երիտասարդ ուժերին եւ յագեցած էր տեսաֆիլմով մէկտեղւած հայ երիտասարդի արդի ոճով հնչեղ երաժշտական կատարումներով, երգերով, պարային եւ ասմունքային ներկայացումով, որը եւ մեծ խանդավառութիւն ստեղծեց հանդիսատեսի մօտ: Գեղարւեստական բաժնի երգերի կատարմամբ հանդէս եկան Յասմիկ Կարապետեանը, Թենի եւ Թեմա Յակոբեանները, Արամէ Յակոբեանը եւ Արամէ Շահբէգեանը, երաժիշտներն էին՝ Անի Արզումանեանը, Սեւան Սարգսեանը, Նարեկ Աւետեանը, Րաֆֆի Ստեփանեանը, Էմիլ Խեչումեանը, Էրւին Մարտիրոսեանը, Էմին Աղաջանեանը: Ասմունքողներն էին՝ Փրենի Գիւլազիզեանը եւ Էմիլ Սէթխանեանը, միջոցառման սկզբում մենապարով ելոյթ ունեցաւ Քարոլին Խոդադադեանը, ով իւրայատուկ ոճով ներկայացրեց Ցեղասպանութեան պատկերը, որը զուգորդւած էր պատկերների ներկայացմամբ, իսկ պարային կատարումով ելոյթ ունեցաւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը:
Գեղարւեստական յայտագիրը արժանացաւ ներկաների բուռն գնահատանքին:

Լուրը «Ալիք»-ից