Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայ ժողովուրդը պահանջում է հատուցում

Յարգանք մեր գիտակից հայորդիներին, որոնք գիտեն յարգելով մեր Սրբադասւած Նահատակների յիշատակը, իրենց պահանջատիրական ձայնը ի լուր աշխարհի բարձրացնել: Այս տարի Ապրիլի 24-ի առաւօտեան մեծ թւով հայրենակիցներ էին համախմբւել Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում, որպէսզի հաղորդակից լինեն Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների յիշատակի առիթով կազմակերպւած կրօնական արարողութեանը եւ ժողովրդական համահաւաքին:

Առաւօտեան ժամը 9:30-ին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ, քահանայից դասի մասնակցութեամբ մատուցւեց ս. պատարագ:

Ս. պատարագի ընթացքում, որին ներկայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Իրանում Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների, միութիւնների ներկայացուցիչներ եւ հոծ թւով բազմութիւն, Սրբազան Հայրն իր քարոզը ուղղեց: Քարոզի ընթացքում Սրբազան Հայրը անդրադառնալով Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեանը ընդգծեց. «Մենք այսօր ազգովի, Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդով առաւել եւս ամրապինդ ու զօրացած եկեղեցի ենք եկել, այս անգամ ապրելու հրաշափառ յարութիւնը մեր ժողովրդի, որ ինքն էլ իր Տիրոջ նման չարչարւեց, հալածւեց, խաչւեց ու մարդիկ փորձեցին նրան թաղել Դեր Զորի կիզիչ անապատների ընդերքում, բայց չկարողացան ճշմարտութիւնը եւ յարութեան հաւատքով գօտեպինդ ժողովրդին թաղել աւազների ընդերքում»:

Սրբազան Հայրը անդրադառնալով Օսմանեան թուրքերի ոճրագործութիւններին ընդգծեց, որ ոճրագործը ոչ միայն ուզում էր բնաջնջել հայութիւնը, այլ ուզում էր քարտէզից բնաջնջել Հայաստան անունը, բայց հայ ժողովուրդը իր ամուր քայլերով հակահարւած տւեց թշնամուն եւ իր հայրենի երկրի երկնակամարը պայծառացրեց անկախութեան խորհրդով: Սրբազան Հայրը ընդգծեց, որ այսօր հաւաքւած ենք այս կամարների տակ ուխտելու հաւատարմութիւն ու աշխարհին յիշեցնելու, որ մենք դատ ունենք եւ իրաւազրկւած եւ պահանջատէր ժողովուրդ ենք:

Յաւարտ ս. պատարագի, Սրբազան Հօր գլխաւորած թափօրը հայկական միութիւնների հայ սկաուտների կազմած շարքերից անցնելով, մօտեցաւ եկեղեցու շրջափակում գտնւող Նահատակների յուշարձանին, ուր եւ տեղի ունեցաւ փառաբանական աղօթք:
Օրւայ կրօնական արարողութեանը շարականների հիանալի կատարմամբ ընկերակցում էր հայոց եկեղեցիների դպրաց դասերից կազմւած համատեղ երգչախումբը, ղեկավարութեամբ Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանի:

Յաւարտ կրօնական արարողութեանը, սկսւեց Բիւրաւոր Նահատակների յուշարձանին ծաղիկների մատուցման միջոցառումը, որին մասնակցեցին թեմակալ առաջնորդը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը, եւ դեսպանութեան անձնակազմը, «Ալիք» հաստատութեան, յարանւանութիւնների հոգեւոր առաջնորդները, ազգային իշխանութեան, մարմինների, կազմակերպութիւնների, կրթօջախների եւ միութիւնների ներկայացուցիչները:

Ծաղիկների մատուցման եւ խնկարկման հոգեպարար արարողութիւնից յետոյ համախմբւած ժողովուրդը վանկարկում էր կարգախօսեր: Համահաւաքին պարսկերէնով խօսք ուղղեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, նշելով, որ հայ ժողովուրդը ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, իր արդարատենչ ձայնն է բարձրացնում, յարգելով իր մէկուկէս միլիոն Սրբադասւած Նահատակների յիշատակը եւ աշխարհին ապացուցելու որ կատարւածը ոչ այլ ինչ էր, եթէ ոչ Ցեղասպանութիւն, որը 104 տարի է ինչ հերքւում է ցեղասպանի կողմից: Նա ընդգծեց, որ ակնկալում ենք, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը տարածաշրջանի իւրայատուկ պայմանները եւ հարեւանութեան կարգավիճակը նկատի առնելով հանդերձ, ելնելով Իրանի ժողովրդի վաղեմի քաղաքակրթութեան եւ իշխանութեան հիմնական հիմքերից, ճանաչի կատարւած Ցեղասպանութիւնը: Նա երեք հիմնաւորում ներկայացրեց Իրանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար՝ Իրանի պատմութեան բոլոր ժամանակաշրջանում իրանահայութեան բազմակողմանի ներդրումները, իրաւազրկւած ազգերին հովանաւորելու իրաւական հիմքերը, եւ Իրանի աշխարհաքաղաքական դիրքը:

Հաւաքին ներկաներին խօսք ուղղեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Պարսկերէնով ուղղած իր պատգամի մէջ դոկտ. Խանլարեանը յետդարձ հայեացք նետելով օսմանեան Թուրքիայի միջոցով իրականացած Հայոց Ցեղասպանութեանը ընդգծեց, որ Օսմանեան իշխանութիւնը եւ իր իրաւայաջորդ Թուրքիայի Հանրապետութիւնը աշխարհում ցեղասպանութեան են ենթարկել էթնիկ կրօնական առնւազն հինգ համայնքների եւ այս առումով մարդու դէմ ոճրագործութիւնների առաջին տեղն են զբաղեցնում: Նա թւարկեց այն երկրներին, որոնք ցայսօր ընդունել են Հայոց Ցեղասպանութիւնը եւ աւելացրեց, որ Թուրքիայի իշխանութեան ժխտողական քաղաքականութեամբ եւ ճնշումներով հանդերձ, այսօր Թուրքիայի բազմաթիւ մտաւորականներ համոզւած են, որ Թուրքիան ընդունելով Հայոց Ցեղասպանութիւնը եւ առճակատւելով իր պատմութեան հետ, կը սրբագրի իր պատմութեան սեւ եւ արիւնոտ էջերը: Պատգամաւորը նշեց, որ ցայսօր Իրանի Իսլ. Հանրապետութեան պետական այրերը անգամներ ոչ-պաշտօնական ձեւով ընդունել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանութիւնը եւ մէջբերում կատարեց Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի հետեւեալ անդրադարձը. «Իրանը այն երկիրը չէ, որ հայերի համար նոր ցեղասպանութիւն ձեւակերպի եւ իրանցիները եւս նման ժողովուրդ չեն»:

Նա իր ելոյթի այլ բաժնում շեշտեց, որ իրանահայութիւնը խստիւ դատապարտում է ԱՄՆ-ի հակաիրան բոլոր քայլերը եւ յայտարարում է, որ ինչպէս միշտ Իրանի վսեմ ժողովրդի անբաժան մասն է կազմում եւ պատրաստ է դիմակայելու մեծապետական ուժերի պարտադրած բոլոր ճնշումները եւ նկատի առնելով տարածաշրջանում մեր երկրի զգայուն պայմանները, Իսլ. Հանրապետութեան շահերի շրջագծում արծարծում է 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման հարցով իր իրաւացի պայքարի ռազմավարութեան հիմքերը:

Համահաւաքին օրւայ 9 կէտանոց բանաձեը ընթերցեց Արտոյտ Զոհրաբեանը: Բանաձեւում անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը, դատապարտւել էր Թուրքիայի ներկայի երկակի քաղաքականութիւնը տարածաշրջանում, Իրաք եւ Սիրիա նրա ներխուժումները, ահաբեկչական խմբաւորումներին հովանաւորելը եւ էթնիկ ու ազգամիջեան խռովութիւնների հրահրելը, դրանք բոլորը ներկայացւելով որպէս նոր օսմանականութիւն: Բանաձեւի առաջին կէտով Թուրքիայից պահանջւում էր առճակատւել իր պատմութեան հետ, ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը, հատուցում տալ եւ վերադարձնել բռնագրաււած Արեւմտեան Հայատանի տարածքները, այլ կէտի համաձայն, դատապարտւում էր հակաիրան բոլոր խմբերի ու խմբաւորումների յայտարութիւնները կապւած Իրանի հողային ամբողջականութեան: Բանաձեւի 5-րդ կէտը հետեւեալն էր. «Դիմում ենք Իսլ. խորհրդարանի յարգելի պատգամաւորներին, որպէսզի իրաւազրկւած ազգերի օրինաւոր իրաւունքը պաշտպանելու գծով, Իրանի Սահմանադրական օրէնքի յստակ կէտով պաշտօնապէս ճանաչի ու դատապարտի Հայոց Ցեղասպանութիւնը»:

Բանաձեւի 7-րդ կէտը հետեւեալն էր. «Շնորհակալութիւն ենք յայտնում Իրանի ու աշխարհի եւ ի մասնաւորի՝ Թուրքիայի մտաւորականներին, որոնք քողազերծում են Թուրքիայի անցեալի եւ ներկայ կառավարութիւնների ոճրագործութիւնները եւ նպատակները, Հայոց Ցեղասպանութեան գծով»:

9-րդ կէտը հետեւեալն էր. «Դատապարտում ենք ԱՄՆ-ի հակաիրան վերջին քայլը Իրանի Պահակազօրի անունը ահաբեկչական խմբերի շարքում դասելու առումով»:
9-կէտանոց բանաձեւի ամբողջութիւնը հաստատւեց համախմբւած ժողովրդի կողմից:
Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Սրբազան Հայրը եւ ընդգծեց, որ մենք կոչւած ենք զգօն լինելու, գիտակցաբար արթուն լինելու մեր շրջապատը դիտելիս, թշնամին այսօր էլ նոյն ոգով շարունակում է իր ցեղասպանական արարքը եւ այսօր նա ուղղակի եւ անուղղակի ձեւով աւերում է արեւմտեան Հայաստանում մեր եկեղեցիներն ու կոթողները, դիմելով մշակութային եղեռնի: Սրբազան Հայրը կոչ ուղղեց տէր կանգնել մեր արժէքներին՝ մեր լեզւին, մեր հաւատքին, մեր այսօրւայ Հայաստանին եւ Արցախին, որպէսզի նրանցով զօրացած մենք կարողանանք ապագայում մեր աչքերը աւելի ամուր փարենք մեր պատմական հայրենիքին, եւ մեր իրաւունքին վերատիրանալը մեզ համար պիտի վերածենք դաւանանքի եւ սկզբունքի եւ ըստ այդմ գործենք:

Օրւայ համահաւաքը աւարտւեց Սարդարապատ քայլերգով, որը հնչեցրեց բռունցքները վեր պարզած ժողովուրդը:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ