Բացումը կատարւեց «Կայան - Եղեռնի Ապագայ Սերունդներ» լուսանկարչական ցուցահանդէսի

Չորեքշաբթի, մայիսի 1-ին, Ապրիլեան միջոցառումների շրջանակներում Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ թուրք լուսանկարիչ՝ Էրհան Արիքի «Կայան - Եղեռնի Ապագայ Սերուդներ» ցուցահանդէսի բացումը:

«Կայան» անունը կրող ցուցահանդէսը կազմւած է շուրջ 53 լուսանկարներից, որոնք պատմում են հայկական համայնք ունեցող շուրջ 7 երկրներ կատարած լուսանկարչի շրջագայութիւնների մասին:

Բացման ծրագրին Էրհան Արիքի Իրան կատարած այցի ընթացքում նրան ընկերակցող Ադիս Իսղուլեանը ներկաներին փոխանցեց լուսանկարչի գաղափարների եւ Թուրքիայում ծաւալած գործունէութեան մասին տեղեկութիւններ, միաժամանակ կարեւորելով այն փաստը, որ երբ ազգութեամբ թուրք լուսանկարիչ է նման թեմայի շուրջ ծաւալուն նախագիծ իրականացնում, բնական կը լինի մտածել, որ դա կարող է աւելի ազդեցիկ լինել, քան որեւէ հայ լուսանկարչի ներկայացրածը:

Ընթացքում արտայայտւեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը: Դեսպանը կարեւորեց նման նախագծերի էութիւնը, յատկապէս, երբ մեզ դրսից պատկերողի աչքերից նայելու հնարաւորութիւն կայ, եւ նշեց. «Խօսք եղաւ այն մասին, որ լուսանկարիչը աշխատակցել է «Ակօս»-ին: Այստեղ եւս երեւում է Հրանտ Դինքի գաղափարների ու վառ մտքի ներդրումը: Յատկապէս, երբ նա թուրք ժողովրդի, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան շուրջ իր մտքերը բարձրաձայնեց՝ բոլորին շոկի մատնեց: Դա երեւի մեզ դուրս բերեց մեր, կոպիտ ասած, մինչեւ այդ եղած քառակուսի մօտեցումների շրջանակից»: Պրն. Թումանեանը կարեւորելով Ցեղասպանութեան իրողութեան հետ առերեսւելու փաստը, միաժամանակ իր ողջոյնները փոխանցեց միջոցառումից բացակայող թուրք լուսանկարչին:

Յիշեցնենք, որ ցուցահանդէսը շարունակւեց նաեւ հինգշաբթի՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան կենտրոնատեղիում:

Յատկանշական է, որ նախագիծն իրականացւել է ՀՃՃՄ-ի, «Հայ կին» միութեան, Իրանահայ ուսուցիչների միութեան, Իրանի Հայ Բժշկական միութեան, Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան, եւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան համատեղ ջանքերով:

Լուրը «Ալիք»-ից