ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՔԻՇՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

29-30 Ապրիլ 2019-ին Քիշ կղզիում տեղի ունեցաւ 7-րդ Համաշխարհային Առողջապահութեան գագաթի շրջանային մի համագումար, որի գլխաւոր թեման էր համաշխարհային առողջապահութիւնը։

Սոյն համագումարը կազմակերպւած էր համաշխարհային առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի բժշկա-գիտական համալսարանի տնօրինութեան կողմից։ Աշխարհի աւելի քան քառասուն երկրներից մասնակիցներ հրաւիրւած էին սոյն համագումարին։ Սոյն համագումարին հրաւիրւած էր նաեւ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Համագումարի բացումը կատարւեց երկուշաբթի առաւօտեան ներկայութեամբ հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ՝ պրն. Ջահանգիրիի, առողջապահութեան նախարարի, Քիշ կղզիի աւագանիի եւ աւելի քան 500 մասնակիցների եկած Օմանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Ճաբոնիայից, Թայլանդից, Շւեցերիայից, Եգիպտոսից եւ այլ երկրներից։

Պաշտօնական բացումից յետոյ ժողովը սկսաւ իր հաւաքական եւ խմբական աշխատանքներին։ Երկուշաբթի կէսօրից յետոյ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը դասախօսեց «Համաշխարհային առողջապահութիւն, կրօն ու սննդառութիւնը» թեմայով։ Իր դասախօսութեան կողքին Սրբազան հայրը իր գործնական մասնակցութիւնը բերեց հարցազրոյցներին եւ ժողովականները մեծապէս գնահատեցին Սրբազան հօր ելոյթները։

Երկօրեայ ժողովական աշխատանքների կողքին առաջնորդ Սրբազան հայրը հանդիպեց նաեւ Քիշում Թեհրանի համալսարանի դասախօս դկտ. Ալպերթ Պօղոսեանին, որը Քիշում մեծապէս սիրւած ու յարգւած անձնաւորութիւն է։ Սոյն համագումարին Թեհրանի համալսարանի դասախօսներից դկտ. Արփի Մանուկեանը եւս մասնակից էր ժողովական աշխատանքներին։