Արևագալի Արարողութիւն Սրբոց Վարդանանց Եկեղեցում

Թւականիս երեքշաբթի մարտի 26-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Մեծ Պահքի չորրորդ Արևագալի արարողութիւնը, նախագահութեամբ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի և մասնակցութեամբ բոլոր քահանայ հայրերի և հաւատացեալ ժողովրդի:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն իր քարոզն սկսեց սոյն բացատրութիւններով՝ «Քրիստոնէական մեր կեանքը, մշտապէս զղջումի կեանք է. մենք պէտք է զղջանք մեր մեղքերը, ապա ներողութիւն խնդրենք Տիրոջից բոլոր այն մեղքերի համար, որոնք մենք գործել ենք մեր մատաղ տարիքում, երբ տակաւին փոքր էինք թէ տարիքով և թէ հաւատքով: Աստւած ամէն օր մեզ ողորմութիւն է տալիս, քանի որ մեզ կեանք է տալիս»:

Մի ուրիշ բաժնում Սրբազան Հայրն աւելացրեց՝ «Ապաշխարութեան այս օրերը կարևոր են մեր կեանքում, որպէսզի ոչ թէ միայն որոշենք զղջալու մասին, նաև անդրադառնանք թէ Աստւած ինչ է տալիս մեզ, անդրադառնանք թէ մենք որքան շնորհակալ պէտք է լինենք Աստծուն, որ մեզ նայում է և ողորմում, մեր սրտերին հանգստութիւն է տալիս և ի վերջոյ մեզ դուրս է բերում մեր վշտերի աշխարհից»:

Ապա խօսելով Միջինքի մասին ասաց՝ «Արդէն մեր պահքի շրջանի կէսերին ենք և վաղը Միջինք է: Միջինքը տօն չէ, ոչ էլ արարողութիւն է: Միջինքը պարզապէս մեզ յիշեցնում է, որ մենք Մեծ Պահքի կէսերում ենք: Նրանք ովքեր առաջին կէսում տկարացել կամ թոյլացել են պահեցողութեան մէջ, փափագեն որպէսզի երկրորդ կէսը պահեցողութեամբ անց կացնեն»:

«Այս շրջանին, պահեցողութիւնն էլ շատ կարևոր է, մեր վարքագծերի ուղղելն էլ է կարևոր և լեզու զսպելն էլ, մէկը միւսին չպէտք է զիջի: Պահեցողութիւնը մեզ պատրաստում է Քրիստոսին տեսնելու, մեզ պատրաստում է, որպէսզի մի օր մեր առջև այս վարագոյրը բացւի և մենք արժանի լինենք սրբերի և հրեշտակների հետ մասնակից դառնալու այն խորհրդին, որ երկնքում կատարւում է»-եզրափակեց Սրբազան Հայրը: