Արևագալի Արարողութիւն Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում

Երեքշաբթի 2019 թւի մարտի 19-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Մեծ Պահքի երրորդ շաբաթւայ Արևագալի արարողութիւնը, որտեղ ներկայ էին Առաջնորդի օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն իր քարոզն սկսեց սոյն բացատրութիւններով՝ «Մեր աղօթական կեանքի մէջ Մեծ Պահքի ընթացքին միշտ զղջումնալից մեր արտայայտութիւնների մէջ փառաւորում ենք լոյսը: Այն լոյսը, որ աշխարհը լուսաւորում է»: «Արևագալի շարականների գլխաւոր նպատակը լոյսին հասնելն է, այն լոյսը, որ Քրիստոսն ինքն է. այն լոյսը, որ գալիս և մեր սիրտն ու հոգին լուսաւորոմ է»- յաւելեց Սրբազան հայրը:


Սրբազան հայրն իր խօսքերի միւս բաժնում աւելացրեց՝ «Ապաշխարութեան այս օրերին երեք կարևոր բաներ կան, որ մենք պէտք է անենք՝ նախ պէտք է ընդունենք մեր սխալները, երկրորդ՝ պէտք է զղջանք մեր սխալների համար իսկ երրորդ և ամենակարևորը՝ Աստծուց ներողութիւն և թողութիւն խնդրենք»: «Մեծ Պահքն այն ժամանակաշրջանն է, որ անդրադառնանք մեր մեղքերին, զղջանք և ներողութիւն խնդրենք, որպէսզի Յիսուս Քրիստոսի լոյսը մեր մէջ ծագի»: