Մեծ պահոց առաջին շաբաթից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին կատարւելու են Արևագալի եւ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ:
Երեքշաբթի 12 Փետրւար 2019-ի առաւօտեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում կատարւեց Արևագալի ժամերգութիւն: Նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, արարողութեան մասնակցում էին Գերշ. Տ. Մեղրիկ Սրբազանը և քաղաքիս քահանայ հայրերը:
Յաւարտ ժամերգութեան, Առաջնորդ Սրբազանն անդրադառնալով Մեծ Պահքի հոգևոր իմաստին, ասաց՝ «Մեծ Պահքն այն ժամանակահատւածն է, որով մենք մտածելու, խորհելու և մենք մեզ ինքնաքննութեան ենթարկելու առիթ ենք ունենում»:
Միւս բաժնում Սրբազան Հայրը շեշտեց՝ «Մեծ Պահքի ապաշխարութեան շրջանը, ամենագեղեցիկ և պատեհ առիթն է, որպէսզի մենք իբրև քրիստոնեաներ մտածենք մեր կեանքի ընթացքի մասին: Այս ընթացքին առաքինութիւն է մեր հաւատքը ամրացնելու և զօրացնելու, մեր մէջ քրիստոնէական մեր յոյսը և սէրը առաւել ևս վերակենդանացնելու»:
«Երբ աղօթքին միանում է ծոմապահութեան, պահեցողութեան և բարեգործութեան, այն վերածւում է աստւածահաճ կեանքի մի ընթացքի, որ վստահաբար աւելի հաճելի է լինում»-յաւելեց Սրբազան Հայրը:
http://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/2330-2019031402?tmpl=component&print=1#sigProIda68f26af75