Քառասնօրեայ Պահեցողութեան Արարողութիւնները Թեհրանի Հայոց Եկեղեցիներում

Հայ եկեղեցու հայրապետների կողմից քառասնօրեայ պահեցողութիւնը բնորոշւել է որպէս «պարիսպ հզօր» և «դուռն ամուր», որի ընթացքին իւրաքանչիւր քրիստոնեայ անհատ ինքնաքննութեան և ինքնազրկումի ենթարկում է իր անձը, հոգեպէս կամրապնդւի, պատրաստ դիմաւորելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեանը:

Մեծ Պահքի քառասնօրեայ այս ժամանակաշրջանը լաւագոյն առիթն է հոգեմտաւոր արժէքներով սնուցանելու մեր հոգիները և նոյն այս նպատակի համար է, որ մեր մարմինները կը տկարացնենք, որպէսզի հոգիները զօրանան: Այս մասին հայ եկեղեցու հայրերից Ս. Գրիգոր Տաթևացին գրել է. «Հոգու սրբութեան համար արցունքը տաք ջուր է, ողորմութիւնը՝ օճառ և երբ նրանց հետ միացնենք պահեցողութիւնն ու աղօթքը, սրբած կը լինենք մեր բոլոր մեղքերը»:

Եկեղեցու հայրերի հաստատած աւանդութեան համաձայն, քառասնօրեայ պահեցողութեան ընթացքին, եկեղեցին հոգեպարար արարողութիւնների մէջ, աղօթական կեանքով հաւատացեալ ժողովուրդը հոգեպէս կը սնւի: Հաւատարիմ մեր եկեղեցու հայրերի աւանդին, Պահքի ամէն չորեքշաբթի և ուրբաթ օրերին Արևագալի, իսկ երեկոներին՝ Հսկումի եկեղեցական արարողութիւններ կը կատարւեն:

Արդ. երեքշաբթի 5 մարտ 2019-ի առաւօտեան, Ս. Մինաս Եկեղեցում, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կատարւեց 2019-ի առաջին Արևագալի ժամերգութիւնը: Արարողութեան մասնակցում էին քաղաքիս քահանայ հայրերը:

Յաւարտ ժամերգութեան, Առաջնորդ Սրբազանն անդրադառնալով Մեծ Պահքի հոգևոր իմաստին, ասաց՝ «Մեր եկեղեցու հայրերը Մեծ Պահքի այս շրջանը յատուկ կերպով նշանակել են, որպէսզի առիթ տրւի եկեղեցու հաւատացեալներին, պահեցողութեամբ և աղօթքով իրենց հոգին մաքրեն և իրենք իրենց մարմինը Աստծու Ս. Հոգու Տաճարի վերածեն»: «Մեծ Պահքի ապաշխարութեան այս շրջանը, և մարմնական և հոգեկան խոստովանանքի և մեղանչումից հեռանալու ամենագեղեցիկ ու պատեհ առիթն է մեզ համար» յաւելեց Սրբազան Հայրը:

Միւս բաժնում նա շեշտեց՝ «Հաւատքը պէտք է ամրացնենք աղոթքով, ծոմապահութեամբ, որպէսզի կարողանանք ամուր հաւատքով շարունակենք մեր կեանքը»: «Մեծ Պահքի ընթացքին քրիստոնեան պիտի կարողանայ իր կեանքի ընթացքը դարձնել Աստւածահաճ»- եզրակացրեց առաջնորդ սրբազան հայրը: