Ժողովրդական դիմաւորում՝ «Արարատ» մարզաւանում

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, Իրան կատարած երկօրեայ այցի հէնց առաջին օրը, փետրւարի 27-ին, պաշտօնական հանդիպումների աւարտին, երեկոյեան հիւրընկալւեց «Արարատ» մարզաւանում, ուր ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան դիմումով ազգային մարմինների կողմից կեանքի կոչւած կազմակերպիչ յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ Թեհրանի հայ համայնքի հետ:

Վարչապետի մուտքը «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահ ընդունւեց հազարաւոր ժողովրդի ծափողջոյններով: Վարչապետին ողջոյնի եւ բարի գալստեան խօսքեր ուղղեցին Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, ապա հրաւիրւեց ՀՀ վարչապետը, ով իր ելոյթը սկսեց հետեւեալ տողերով. «Իրանի հպարտ հայութեան հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ: Ինձ համար մեծ պատիւ է այստեղ գտնւելը՝ մաքուր հայկական, մաքուր հայաստանեան, մաքուր ընտանեկան, մաքուր հարազատ այսպիսի մթնոլորտում: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, հպարտանում եմ Ձեր ոգով, խոնարհւում եմ բոլորիդ առաջ, որ ապրելով հայրենիքից դուրս, այո, բարեկամական, եղբայրական Իրանում, այնուամենայնիւ շատ կարեւոր է, որ ապահովել էք այսպիսի մթնոլորտ: Սա փաստում է, որ Իրանի քաղաքացի լինելը որեւէ հակասութեան մէջ չի մտել եւ չի մտնում հայ լինելու հետ, հայաստանցի լինելու հետ, հայաստանակենտրոն լինելու հետ»:

Իր խօսքում ՀՀ վարչապետը ընդգծեց. «Չեմ կարող իմ առանձնայատուկ յարգանքի եւ գնահատանքի խօսքերը չասել «Արարատ» կազմակերպութեանը, որը երկար տարիներ անհատական ջանքերով, համայնքի ջանքերով, առանձին խմբերի ջանքերով, կուսակցութիւնների ջանքերով կարողացել է ստեղծել այսպիսի մի բացառիկ հայկական օջախ, որի ամէն քարից, ծառից, ամէն անկիւնից երեւում է հայկականութիւնը: Սա իսկապէս մեր միասնական հպարտութիւնն է, շնորհակալութիւն եմ յայտնում «Արարատ» կազմակերպութեանը: Ընդգծում եմ, որ այս ծառայութիւնը բացառիկ է ոչ միայն Իրանի հայ համայնքի, այլ ընդհանրապէս հայութեան եւ ՀՀ-ի համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը նշեց. «Ուզում եմ ընդգծել նաեւ այն բացառիկ ծառայութիւնը, որ այստեղ իրանահայ համայնքում ունեցել է եւ ունի Հայ Առաքելական Եկեղեցու իրանահայ թեմը, Հայ Կաթողիկէ եկեղեցին, Հայ Աւետարանական եկեղեցին: Այն, որ բոլորս այստեղ նոյն տանիքի տակ ենք հաւաքւած` ընդգծում է, որ մեր ժողովրդի պատմութեան համար իսկապէս նոր էջ է բացւել, եւ այդ պատմութեան մէջ մեզանից իւրաքանչիւրն ունի գրելու եւ ստեղծելու իր բաժինը»:

Վարչապետը հաւաստեց. «Մեր միասնական խնդիրը հետեւեալն է՝ մենք այլեւս չունենք Հայաստանի օրակարգ եւ Սփիւռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային նպատակների եւ երազանքների իրագործումն է»: Նիկոլ Փաշինեանը հաւաստեց. «Բազմիցս ասել եմ՝ շատ երկար ժամանակ տառապանքների մէջ, չարչարանքների մէջ մեր ժողովուրդը երազել է, մենք երազել ենք նոր յաղթանակների, նոր երջանկութեան եւ նոր միասնութեան մասին: Ուզում եմ ասել, որ եկել է երազանքները կեանքի կոչելու ժամանակը եւ այսօրւայ Ձեր ներկայութիւնը վկայում է, որ մենք միասնական ենք եւ վճռական երազանքները կեանքի կոչելու ճանապարհին, լինի դա տնտեսապէս Հայաստանը հզօրացնելու, լինի Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման, լինի մեր երազանքների իրացման հարցը»:

Այնուհետեւ վարչապետ Փաշինեանը պատասխանեց ներկաների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ամրապնդմանը, Իրան կատարած այցին եւ բանակցութիւնների արդիւնքներին, ՀՀ կառավարութեան առաջնահերթութիւններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը, հայ-թուրքական յարաբերութիւններին ու այլ թեմաների:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, Հայ Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Թովմաս Թովմասեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ:

Լուրը «Ալիք»-ից