Կրօնական Փոքրամասնութիւնների Նահատակների մեծարման միջոցառում

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի ծրագրերի շարքում, հինգշաբթի, փետրւարի 7-ին, համայն Իրանում միջոցառումներ էր նախատեսւել Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների նահատակների յիշատակին:

Այդ առիթով իւրաքանչիւր տարի Իրանում կրօնական փոքրամասնութիւններն ևս այդ օրը նախաձեռնում են համատեղ միջոցառում, որը իւրաքանչիւր տարի կրօնական փոքրամասնութիւններից մէկի գերեզմանատանն է կայանում:

Այս տարի արարողութիւնը կազմակերպւել էր զրադաշտականների գերեզմանատան դահլիճում:

Միջոցառմանը, նախ մոգպետները կատարեցին յատուկ արարողութիւն նահատակների հոգիների խաղաղութեան համար, որից յետոյ ելոյթներով հանդէս եկան Թեհրան նահանգի նահատակների եւ անձնուրացների հարցով հիմնարկի պատասխանատուն՝ Մորթազաւին, Իրանի նահատակների եւ անձնուրացների հարցով հիմնարկի մշակութային բաժնի տեղակալ՝ հոջ. Քաւիանին, Իսլ. խորհրդարանում զրադաշտների պատգամաւոր՝ դոկտ. Էխթիարին եւ մոգպետների մոգպետը, որոնք իրենց ելոյթների ընթացքում ընդգծեցին, որ Իրանում բոլորը իրանցիներ են եւ բոլոր նահատակները զոհւել են յանուն Իրանի հողային ամբողջականութեան պահպանման:

Միջոցառմանը Թեհրանի հայոց թեմից ներկայ էին արժ. Տ. Մաշտոց քհն. Խաչատրեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդդի փոխ ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի, նահատակների ընտանիքների եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը գնահատւեցին նահատակների մի քանի ընտանիքներ այդ թւում հայ նահատակ զինւոր՝ Վարդան Աղախանեանի մայրը:

Վերջում զրադաշտ նահատակների շիրիմներին ծաղիկներ տեղադրւեցին: