ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԾԱՅՈՒՄ

Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ` փետրւարի14-ին: Սա տօնն է Քառասնօրեայ Գալստեան Քրիստոսի ի Տաճարն, այսինքն Տիրոջ Տաճար ընծայման տօնը:

Այս առիթով, երեքշաբթի 13 փետրւար 2019-ի երեկոյեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը:

Տեառնընդառաջի տօնը, տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ: Ծնողներն իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ երեկոյեան եկեղեցի բերեցին, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարն ընծայման խորհրդաւոր կարգն ընդունեն:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Արարողութեանը ներկայ էին երիտասարդ ծնողներ, իրենց զաւակներին ընծայելու Ս. Տաճարին, նաև հաւատացեալների հոծ բազմութիւն:

Նորածին երեխաները, որոնք տաճար ընծայւեցին, ստացան մէկական օրհնւած խաչ Սրբազան Հօր ձեռամբ:

Արարողութեան ընթացքին Առաջնորդ Սրբազան Հայրն իր պատգամում գնահատեց ծնողներին և յատկապէս երիտասարդ ծնողներին, որոնք իրենց փոքրիկներով եկեղեցի էին եկել: «Դուք նման այն ծնողներին, որոնք իրենց փոքրիկները Յիսուսին բերին, որ նա օրհնէր նրանց, եկել էք այսօր ձեր փոքրիկներով Տիրոջ տաճարը, հայցելու իր օրհնութիւնը: Վստահ եղէք, որ Տէրը կորհնէ և ձեզ և ձեր մանուկներին»- ասաց Սրբազան հայրը, թելադրելով, որ մենք էլ մեր կեանքով մեզ ընծայենք տիրոջը, մեր եկեղեցուն և հայրենիքին:

Քարոզի աւարտին, Սրբազան Հօր ձեռամբ վառւեց աւանդական խարոյկը, այնուհետև ժողովուրդից երիտասարդ-երիտասարդուհիները, ուրախութեամբ ցատկեցին խարոյկի վրայից եւ այնուհետ գոհունակութեամբ իրենց հետ բերած լապտերները վառած տուն վերադարձան։

Խառոյկի ընթացքին Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդն իր պատրաստած աղանց-փոխինձով և պտուղ ու կարկանդակով հիւրասիրեց ներկաներին: