Նոր-Տարւայ և Ս. Ծննդեան Միջոցառում Թեհրանի Ազատ Համալսարանում

Երեքշաբթի 25 դեկտեմբեր 2018-ի յետ միջօրէի ժամը 13-ին Թեհրանի Ազատ համալսարանի կենտրոնական հատւածում պատկան տեսչութեան կողմից տեղի ունեցաւ նոր տարւայ եւ Ս. Ծննդեան առիթով միջոցառում ի պատիւ հայ եւ այլ քրիստոնեայ ուսանողների։

Ծրագրին ներկայ էին Թ. Հ. Թ. Հանրայաին կապի հոգեւոր հովիւ Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը եւ Ազատ համալսարանի հայերէնագիտական Ֆակուլտետի տնօրէն դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը եւ նոյն համալսարանի հոգեբանական Ֆակուլտետի տնօրէնուհի դոկտ. Անիթա Բաղդասարեանը։ Ծրագրին որպէս բանախօս իր մասնակցութիւնը բերեց Այաթօլլահ Ղերաաթին։

Ծրագրի կազմակերպիչ պրն. Մեհրբանի բարեգալստեան ու երկրի հիմնից յետոյ Ղուկասի Աւետարանի ընթերցմամբ հանդէս եկաւ քահանայ հայրը, որին հայ ուսանողութեան առաջնորդութեամբ բազմութիւնը յոտնկայս հետեւեց Տէրունի խօսքին։ Քահանայ հայրը Աւետարանի ընթերցման աւարտին թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ողջոյնի եւ գնահատանքի ու շնորհաւորանքի խօսքը փոխանցեց ներկաներին, ապա բնաբան առնելով Ղուկասի Աւետարանում հրեշտակաց «Փառք ի Բարձունս Աստծու ի երկիր խաղաղութիւն, ի մարդիք հաճութիւն» երգը անդրադարձաւ «Խաղաղութիւնը Նոր Կտակարանում» թեմային։

Քահանայ հայրը մէջբերելով Աւետարանական յօդւածներ եւ մեծ հոգեբաններ Վիկտոր Ֆրանքլի եւ Էրիք Ֆրոմի խօսքերը հաւատքի մասին, անդրադարձաւ գործնական հաւատքի կարեւորութեան։

Այաթօլլահ Ղարաաթին եւս իր հերթին ներկայացրեց «Յիսուսը Ղուրանում» թեման, ապա անդրադարձաւ հայութեան Իրանում կատարած սխրագործութիւններին։

Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ վիճակահանութիւն եւ շահող ուսանողներին նւիրւեց (ընծայ քարտ) եւ ուսման զեղչ։

Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն։