Սարկաւագութեան Տօնը Թեհրանում

Սարկաւագութեան տօնը Թեհրանում միաժամանակ դպիրների եւ երգեցիկ խմբերի տօն յայտարարւած լինելով, այդ ուրախ առիթով թւականիս երեքշաբթի 25 Դեկտեմբերի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ:

Պատարագը մատուցեց եւ ըստ պատշաճի քարոզեց Սրբազան Հօր օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը:

Իր քարոզի սկզբում խօսելով Ս. Ստփանոսի կեանքի և գործունէութեան մասին, ասաց՝ «Ս. Ստեփանոսն եղաւ Երկնքի Թագաւորութեան ճանապարհից քայլող առաջին մարտիրոս ուխտաւորը։ Այնտեղ՝ Աստուծու մօտ լինելու համար, հրապարակներում վկայեց Քրիստոսի մասին՝ առանց վախի։ Նա մահկանացու մի մարդ էր, բայց իր սրտի դռները երբէք չփակեց Աստծու առաջ, դրա համար էլ քրիստոնէական հաւատքի միջոցաւ դարձաւ հզօր եւ անսասան։ Ս. Ստեփանոսը եղաւ Քրիստոսի Եկեղեցու քաղցրահունջ առաջին սոխակը, որ սարկաւագութեան խոնարհագոյն աստիճանին կոչւելով եւ այդ ծառայութեան ամէնից պարզ պաշտօնը ստանձնելով, Աստուծու հզօր եւ մեծ գործերի վկան դարձաւ։
Ս. Ստեփանոսը, մեղաւորներիս առաջ փակւած դրախտի դռների առաջ ծնրադրած առաջի՛ն տատրակը դարձաւ, որ բոլոր ժամանակների Քրիստոնեաներիս կտակեց աշխարհի գերագոյն պատւիրանը, երգելով՝ «Բաց, մեր առաջ ո՜վ Տէր, քո ողորմութեան դռները»։ Աստւած լսեց նրա աղաղակը, որովհետեւ հակառակ իր մարդկային ճարտարութեան եւ իմաստութեան, Սուրբ Հոգով այնքան լցւեց, որով կարողացաւ վիճել գերագոյն իմաստութեան, ճշմարտութեան եւ արդարութեան արեգակի սիրոյն, անվախ եւ հզօր ատենաբանութեամբ։
Սուրբ Ստեփանոս, զԱստւած իր ամբողջական փառքով տեսանող, Քրիստոսի Եկեղեցու գեղեցկագոյն վկան դարձաւ, որովհետեւ չզիջեց բոլոր նրանց դիմաց, ովքեր համաձայն չէին Աստծու խօսքի ճշմարտութիւններին։ Նա իր վճռակամութամբ մնաց հաստատակամ, աննահանջ եւ աննկուն։
Աստուծու զոհասեղանին վրայ իր արիւնն ընծայող առաջին այս սուրբ գառնուկը՝ Սուրբ Ստեփանոսը, իր կեանքում առաջին եւ վերջին անգամ լինելով երբ շրջապատւած օրէնքի ուսուցիչներով, փարիսեցիներով, Հրեայ մեծամեծներով եւ քահանաներով՝ արտայայտւում էր, նա խօսում էր բոլոր ժամանակների անհաւատների համար։ Խօսում է նաեւ այսօ՛ր բոլորիս, բաց աչքերով բայց կոյր հոգով ապրողներիս, խօսում է Աստուծու խօսքը վաճառողներին եւ բոլո՜ր-բոլո՜ր նրանց, ովքեր Աստուծու ստեղծած արեւի ներքոյ ապրելով հանդերձ կոյր են եւ չեն կարողանում տեսնել Քրիստոսի Լոյսը։
Սուրբ Ստեփանոսը եղաւ Աստուծու Անդաստանի մէջ աճած առաջին անխորտակ եղեգը, որ իր ունեցած հաւատքի շնորհիւ ստացաւ երկնային ուժ, երկինքը բացւեց նրա առաջ, եւ թէպէտ մարմնով, բայց հրեշատակային սրբութեամբ, մնաց, որով եղաւ վճռական իր հաւատքի մէջ, նոյնիսկ մահւան գնով եւ տառապանքի ամենադառը բաժակի ըմպումով։
Ի վերջոյ Սուրբ Ստեփանոսը եղաւ Աստուծու վարդաստանի այն բուրումնաւէտ ծաղիկը, որ իր կեանքն արմատախիլ անողների համար միայն մի ցանկութիւն ունեցաւ, մէկ փափագ, մէկ իղձ, ասելով. «Տէ՛ր, նե¬րի՛ր նրանց այս մեղ¬քը» (Գրծ 6.60)»:

Սրբազան Հայրը Սարկաւագներին ուղղելով իր խօսքն ասաց. «Որպէս սարկաւագներ եւ կիսասարկաւագներ, գիտակից յանձնառութեամբ պիտի ծառայէք մեր Եկեղեցուն։
Սուրբ Պատարագներին պիտի սպասարկէք ԵՐԿԻՒՂԱԾՈՒԹԵԱՄԲ, այսինք երկիւղալի յարգանքով, ակնածանքով, վստահութեամբ, պատւով եւ մեծարանքով։
Մեր Սուրբ Եկեղեցուն պիտի ծառայէք ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՄԲ, այսինքն անկեղծութեամբ, անդաւաճան, աննենգ, եւ անխարդախ, ուղղամտութեամբ պարկեշտութեամբ եւ սրտակցութեամբ։
Ձեր մեծաւորներին պիտի հնազանդւէք ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՄԲ՝ այսինք մտածումի եւ խօսքի միջեւ համաձայնութեամբ, իրականութիւնները խօսելով եւ արդարութեան հռչակումով»։
Եւ ի վերջոյ՝
- Ամբողջ հոգով պիտի ցանկանաք եւ փափագէք Աստուծու Տան մէջ բնակւել։
- Ճնճղուկների նման բոյն պիտի դնէք Աստուծու Սուրբ Սեղանի մօտ եւ ծիծեռնակների նման բոյն պիտի շինէք մեր ժողովրդի զաւակների համար։
- Մեր ժողովրդի զաւկների Տրտմութեան հովտից, Ուրախութեան հովիտ պիտի առաջնորդէք, մեր ժողովրդի կեանքում գտնւող չոր հովիտները ովազիսի էպիտի վերածէք ու պիտի աղօթէք որպէսզի աշնանային անձրեւներն օրհնութեամբ ողողեն մեր երիտասարդ զաւակների հոգիները»։

Նոյն օրը եկեղեցու սրահում տեղի ունեցաւ ճաշկերոյթ, ի պատիւ Թեհրանի եկեղեցիներում ծառայող Սարկաւագ-Սարկաւագուհիների, կիսասարկաւագների, դպիր-դպրուհիների, երգեցիկ խմբերի անդամների եւ եկեղեցական Խորհուրդների, հիւրընկալութեամբ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական Խորհրդի:

Ընթացքին տեղի ունեցան բաժակաճառութիւն, խմբային եւ միայնակ երգեցողութիւն, Երեկոն փակւեց Առաջնորդ Սրբազան Հօր պատգամով, Հայրական խրատով: