Հոգեհանգստեան արարողութիւն՝ հանգուցեալ հայ ուսուցիչների յիշատակին

Իւրաքանչիւր տարի, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով իրանահայ Ուսուցիչների Միութիւնը նախաձեռնում է հոգեհանգստեան արարողութիւն, ի յիշատակ այդ տարեշրջանում իրենց մահկանացուն կնքած հայ ուսուցիչ-ուսուցչուհիների:

Այս տարի եւս հոգեհանգստեան արարողութիւնը իրականացաւ ուրբաթ, նոյեմբերի 9-ի առաւօտեան, Ս. Գէորգ եկեղեցում, որի ընթացքում յիշւեց միութեան հիմնադիր եւ հանգուցեալ ուսուցիչ-ուսուցչուհիների անունները:

Ժամերգութեան և Հոգեհանգստեան արարողութիւնը կատարեց Արժ. Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանը:

Տէր Արիստակէսն իր խօսքի սկզբին խօսելով ուսուցչի մեծարման մասին, ասաց. «Ներկայումս Ուսուցչի Տօնը նշւում է 100-ից աւելի երկրներում: Ազգային հեռանկարի տեսանկիւնից դժւար է գտնել աւելի բարդ, միաժամանակ՝ աւելի պատւաբեր ու շնորհակալ գործ, քան աշակերտ կրթելու և հասարակութեան արժանապատիւ անդամ ձևաւորելու առաքելութիւնը։ Ուսուցչին է վստահւած այդ կարևորագոյն գործը, որը նա միշտ կատարում է առանձնակի սիրով ու նւիրումով։ Գալիք սերունդների կրթութեան և դաստիարակման գործի լաւագոյն արդիւնքներով են պայմանաւորւած մեր նորանկախ երկրի ապագան և վաղւայ օրերը։ Շատերն են ընտրում այդ դժւարին ճանապարհը, բայց բոլորը չէ, որ կարողանում են պատւով կատարել այդ առաքելութիւնը»։

Կարևորելով ուսուցչի դերը, քահանայ հայրը շարունակեց՝ «Իւրաքանչիւր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նոյնացւում են։ Լինելով ազգային արժեհամակարգի ձևաւորողը՝ ուսուցիչները միաժամանակ տւեալ համակարգի կարևոր հիմնասիւներն են»։

Ապա դիմելով ներկայ ուսուցիչ-ուհիներին ասաց՝ «Սիրելի ուսուցիչներ, դպրոցական զանգի իւրաքանչիւր ղօղանջը թող հնչի լուսաւոր և բարի գալիքի ակնկալիքներով։ Միշտ յիշէք ու հպարտացէք, որ կեանքում բոլոր լուսեղէն մարդկանց ՛՛Ուսուցիչ՛՛ անունն են տւել»:

Խօսքերի աւարտին Տէր Հայրը յանուն թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, ողջունեց և Աստւածային օրհնութիւն հայցեց ծրագրի կազմակերպիչների համար, որոնք ոչ մի տարի չեն զլանում այն ձեռնարկն իրականացնելու գործում: Յանուն Սրբազան Հօր, Տէր Հայրը թելադրեց, որ մեր ներկայ սերնդի գործող ուսուցիչները նաև պարտաւոր են յիշելու և օրինակ ծառայեցնելու իրենց նախկին գործընկերների անցած ուղին աւելի լաւ և արդիւնաւէտ գործունէութիւն ցուցաբերելու համար:

Արարողութեան աւարտին կազմակերպւել էր գեղարւեստական միջոցառում եւ ընդունելութիւն: