Սեպուհ Արք. Սարգսեանը՝ Հոգեւորականը, Մարդն Ու Մտաւորականը (Ձեռնադրութեան եւ օծման 50-րդ եւ Թեհրանի հայոց թեմում առաջնորդութեան 19-րդ ամեակների առիթով)

Օրերս Թեհրանում յատուկ հանդիսութեամբ նշւեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ձեռնադրութեան եւ օծման 50-րդ, իսկ Թեհրանի հայոց թեմում առաջնորդութեան 19-րդ ամեակները: Յիշեալ ամեակներն ու նաեւ այդ առիթով կազմակերպւած հանդիսութիւնը վստահաբար յարմար առիթ ընձեռեցին անդրադառնալու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան կազմում, տարբեր թեմերում ու մասնաւորապէս վերջին 19 տարիների ընթացքում՝ Թեհրանի հայոց թեմում, Սեպուհ Սրբազանի մատուցած հոգեւոր ծառայութեանն ու այդ բնագաւառում նրա արժէքաւոր ներդրմանը:

Բայց եւ այնպէս չի կարելի ամբողջական պատկերացում կազմել Սեպուհ Արք. Սարգսեանի արժանիքների մասին, եթէ հոգեւորականի կողքին չփորձենք վեր հանել նրա յատկանիշները որպէս մարդու եւ մտաւորականի:

Պարսկական առածն ասում է «Բարեկամին ճամբորդութեան մէջ կարելի է ճանաչել»: Նրանք ովքեր գոնէ մէկ անգամ ու գոնէ մէկ օրով որեւէ ներքին կամ արտասահմանեան ուղեւորութեան ընթացքում վայելել են Սեպուհ Սրբազանին ընկերակցելու երջանկութիւնն ու պատիւը կարող են վկայել թէ որքան ճշմարիտ է պարսկական առածի բնութագրումը:
Անցնող տարիների ընթացքում բազմաթիւ անգամներ ինձ բախտ է վիճակւել որպէս Պատգամաւորական Ժողովի եւ Թեմական Խորհրդի դիւանների ու տարբեր յանձնախմբերի անդամ, նաեւ թարգմանիչ Սրբազան Հօրն ուղեկցել արտասահմանեան մի քանի ուղեւորութիւնների ու նաեւ պետական տարբեր մակարդակներում բազմաթիւ հանդիպումների ժամանակ: Անձնական փորձով կարող եմ վկայել, որ իւրաքանչիւր ուղեւորութիւն ու այց ինձ համար բացառիկ առիթ է եղել հոգեւորականի կաղապարից դուրս յայտնաբերելու մարդկային բարձր արժանիքներով ու յատկանիշներով օժտւած, բարեկամի ու ընկերոջ հանդէպ անսահման յարգանքով ու սիրով լցւած ու միեւնոյն ժամանակ բազմակողմանի կերպով զարգացած համարձակ մարդուն ու մտաւորականին:

Սեպուհ Սրբազանը Հայոց Առաքելական սուրբ եկեղեցուն բնորոշ տիպար հոգեւորական է ում հանդէպ սէրն ու համակրանքը չսահմանափակւելով իր ծառայած թեմով հատել է աշխարհագրական սահմանները հասնելով ամենահեռաւոր գաղութները: 2016 թւականի մայիսին Լոս Անջելէսում հաստատւած իրանահայերը երկու շաբաթով Սրբազան Հօրը հիւրընկալելու երջանկութիւնն ու պատիւն ունեցան: Երբ մի խումբ բարեկամներով ու նախկին ազգայիններով որոշեցինք պատշաճ կերպով դիմաւորել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդին ու կազմակերպել ժողովրդի հետ նրա հանդիպումը, ունէինք բաւարար թւով մարդ ապահովելու եւ Սրբազան Հօրն արժանի ձեռնարկ կազմակերպելու լուրջ մտահոգութիւն, ինչը շատ շուտ պարզւեց որ անտեղի է եղել: Չնայած ժողովրդին տեղեակ պահելու սահմանափակ հնարաւորութեան իրանահայերով լեփ-լեցուն սրահն ու ձեռնարկից յետոյ երկար ժամանակ չդադարող ջերմ ողջոյններն ապացուցեցին այն մեծ սէրն ու յարգանքը, որ Սեպուհ Արք. Սարգսեանը վայելում է նոյնիսկ նրանց մօտ ովքեր արդէն տարիներ է ինչ տարբեր պայմանների բերումով յայտնւել են հեռաւոր Ամերիկայում:

Երկար տարիներ միջինարեւելեան տարբեր թեմերում, իսկ վերջին շուրջ երկու տասնամեակների ընթացքում՝ Թեհրանի հայոց թեմում ստանձնած առաջնորդական պաշտօնի, պաշտօնավարած թեմերի մուսուլման շրջանակների հետ սերտ կապերի ու շփումների եւ դրան զուգահեռ Միջին Արեւելքի ու Ասիայի միջեկեղեցական կեանքին ակտիւ մասնակցութեան շնորհիւ Սեպուհ Արք. Սարգսեանը միջկրօնական ու յատկապէս իսլամ-քրիստոնէութիւն երկխօսութեան ոլորտում փնտռւած ու մեծ ճանաչում ձեռք բերած մտաւորական-հոգեւորական է: Վերջին շրջանում որոշ աղանդաւորական ու արտասահմանից սնւող կայքեր չարաշահելով Իրանի պետական ու հոգեւոր շրջանակների հետ Սրբազան Հօր ջերմ ու բարեկամական կապերը յաճախ անարդարօրէն նրան մեղադրել են Իրանում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների ենթադրեալ ոտնահարումը քողարկելու մէջ, սակայն անձնական փորձով կարող եմ վկայել, որ կառչած մնալով իր հայ եւ քրիստոնեայ հոգեւորականի բարձր կոչումին գերշ. Սեպուհ Արք. Սարգսեանը պետական մակարդակի հանդիպումներում եւ ներքին ու արտասահմանեան ԶԼՄ-ներին տւած հարցազրոյցներում շարունակ ընդգծելով իրանահայ համայնքի հանդէպ պետական շրջանակների ու հասարակութեան խոր յարգանքն ու սէրը նաեւ անհրաժեշտութեան դէպքում համարձակօրէն ներկայացրել ու քննադատել է այս ոլորտում գոյություն ունեցող թերութիւններն ու խնդիրները: Չանտեսելով ու չշրջանցելով Թեհրանի հայոց թեմական խորհրդի ու Պատգամաւորական ժողովի ու նաեւ նրանց կից աշխատող տարբեր խորհուրդների ու յանձնախմբերի տքնաջան աշխատանքը պիտի ընդգծել, որ վերջին երկու տասնամեակներում իրանահայ հոգեւոր, հասարակական, մշակութային ու կրթական կեանքում բազմաթիւ խնդիրներ իրենց դրական լուծումն են գտել եթէ չասենք Սրբազան Հօր ուղղակի միջամտութեան, առնւազն նրա տւած խորհուրդների, կազմակերպած հանդիպումների ու նաեւ պետական մակարդակում շփումների ու կապերի շնորհիւ:

Վերջին երկու տասնամեակների ընթացքում Թեհրանի հայոց թեմի հոգեւոր կեանքի աշխուժացումը և եկեղեցական կեանքում պատանիների ու երիտասարդութեան ներգրաւումը, երիտասարդ հոգեւորականների ձեռնադրութիւնն ու եկեղեցական դասերի երիտասարդացումը, եկեղեցիների բարեզարդումը, տարբեր ուխտագնացութիւնների կազմակերպման միջոցով թեմի ենթակայ շրջանների հանդէպ ցուցաբերած ուշադրութիւնը եւ գրահրատարակչական աշխատանքների ու գրքի ցուցահանդէսների կազմակերպման միջոցով հայ գիր ու գրականութեան տարածումը Թեհրանի հայոց թեմում Սեպուհ Սրբազանի նախաձեռնութեամբ ու հովանաւորութեամբ իրականացւած աշխատանքների միայն մի փոքր մասն են:

Հոգեւորականի մատուցած ծառայութեան լաւագոյն վարձատրութիւնը ժողովրդից վաստակած նրա սէրն ու յարգանքն է, որին որպէս առաջնորդ, հայ եկեղեցուն ծառայող հոգեւորական, մտաւորական ու մարդ իր հոգեւոր ծառայութեան 50, իսկ Թեհրանի հայոց թեմում առաջնորդութեան 19 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակում արժանացել է Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, դրանով իսկ արդարացնելով իր հայ հոգեւորականի կոչումը:

Վարձքներդ ի կատար Սրբազան Հայր:

Ռոբերտ Մարգարեան