ՎԱՐԴԱՎԱՌԻ Տօնակատարութիւն Կ.Օ.Մ.-ի Հովանաւորութեան Ներքոյ գտնւող ընտանիքների համար

Թեհրանի Հայոց Թեմի Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի (Կ.Օ.Մ.) նախաձեռնութեամբ, երեքշաբթի յուլիսի 10-ին, կազմակերպւեց դաշտահանդէս՝ « Վարդավառ»-ի, Քրիստոսի այլակերպութեան ու պայծառակերպութեան տօնի առիթով, մեր կարիքաւոր համայնքի համար, Նայիրի համալիրի շրջափակում:

Ծրագրին ներկայ էին Թեմական Խորհրդի անդամներից՝ պարոնայք Սերոժ Մատթէոսեանն ու Արամ Նովշադեանը, Կ.Օ.Մ.-ի յանձնախումբը, արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Կանանց Եկեղեցասէր Միութեան անդամների ներկայացուցիչները, «Սահակեան» Ազգային Բարեսիրական Կենտրոնի Վարիչ մարմինը, պաշտօնեան ու բնակիչները, նոյն համալիրում աշխատող՝ Արմենուհի Միութեան և Աշխարհատեսների Հայկական Կենտրոնի անդամներից և մեծ թւով հայրենակիցներ:

Նախ տկն. Մայրենի Յովասափեանը բացատրեց Վարդավառ բառի ստուգաբանութեան և մեկնաբանութեան մասին ըստ՝ Հայր Ղևոնդ Ալիշանի, Ղափանցեանի և Մելիք Փաշաեանի, որպէս հեթանոսական շրջանից՝ «Անահիտ և Աստղիկ» դիցուհիների պաշտամունքներից մնացած տօն, ու պատմական Հայաստանում նոյն տօնին կատարւող «Պասալու» ձիավարութեան ու գետի կամ լճի ջրում ցատկման մասին:Նաև «Վարդավառ» տօնի հեթանոսական շրջանից մնացած աւանդութիւնը, Ս. Գրիգոր Լուսաւորչի միջոցով կապւած քրիստոնէական «Քրիստոսի Այլակերպութեան ու Պայծառակերպութեան» տօնին:

Ապա Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը բացատրեց Յիսուսի ու նրա երեք առաքեալների՝ Պետրոսի, Յակոբոսի ու Յովհաննէսի հետ բարձրացած Թափոր լեռան վրայ և կատարւած Քրիստոսի պայծառակերպութեան հրաշալի երևոյթի մասին, երբ հանդիպեց Մովսէս ու Եղիա մարգարէներին, որոնք Յիսուսին պատրաստում էին Երուսաղէմում կայանալիք չարչարման ու խաչման իրադարձութիւններին: Տ. Կոմիտասը հաւատացեալներին քարոզելով Քրիստոսի խաչման ու զոհողութեան կարևորութեանը համայն մարդկութեան փրկութեան համար, բոլորին յորդորեց, որ հաւատարիմ մնան Հայ Առաքելական եկեղեցու դաւանանքներին:

Դաշտահանդէսին հնչեցին կենդանի երաժշտութեամբ ուրախ երգեր ու մթնոլորտը ընդառաջւեց ներկաների պարերով: Նաև նւէրներ ստացան նոյն տօնին կապւող անուններ ունեցող անհատներ:
Ընթրիքը մատուցելուց յետոյ, Կ.Օ.Մ.-ի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատուրեանը լրիւօրէն բացատրեց մարմնի ուղեգծի և յանձնախմբի անդամների տքնաջան աշխատանքների մասին, իրենց առաքելութիւնը կատարելու մեր համայնքի համար: Նաև արտայայտեց, որ տնտեսական սղաճի օրէցօր բարձրացման պատճառով ու մեր կարիքաւորների թիւը շատանալով, մարմինն աւելի յետամուտ է տարբեր կազմակերպութիւնների հետ համագործակցելու և օժանդակութեան հնարաւորութիւններ հայթայթելու համար:

Դաշտահանդէսը աւարտւեց գիշերւայ ուշ պահին , ուրախութիւն պատճառելով ներկաներին:

Կ.Օ.Մ.-ի գրասենեակ