Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած միջոցառում Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակում

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի առիթով ներհամայնքային ծրագրերի շարանում, յունիսի 9-ին բանախօսական - գեղարւեստական միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակում: Ծրագիրը նախաձեռնել էին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցը եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր Եղբայրակցութիւնը:

Տէրունական աղօթքից յետոյ, կազմակերպիչ յանձնախմբի անունից ներկաներին ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Վալոդ Հախինեանը:

Օրւայ բանախօս էր հրաւիրւած Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ով համապարփակ գծերով անդրադարձաւ Հայաստանի պետականութեան եւ անկախութեան կերտման ընթացքում Հայ Եկեղեցու դերակատարութեանը: Բանախօսն ընդգծեց. «Նշել, ոգեկոչել յիշատակը Հայաստանի Հանրապետութեան, նշանակում է ամէն բանից առաջ խոնարհւել յիշատակի առջեւ բոլոր այն անձանց, ովքեր իրենց ողջ էութեամբ կերտեցին Հայաստանի Հանրապետութիւնը եւ երկրորդ՝ նշանակում է ուխտել հաւատարմօրէն շարունակել այն ճամբան, որ մեր նահատակները իրենց արեամբ կտակ թողեցին մեզ, որպէսզի մենք հաստատակամ քայլերով առաջ ընթանանք դէպի մեր ժողովրդի ամբողջական իղձերի իրականացման»:

Թեմակալ առաջնորդը անդրադարձաւ Հայոց պետականութեան կերտման գործում Հայ Եկեղեցու դերակատարութեանը, սկսած Հայոց Եկեղեցու կազմաւորումից մինչեւ 1918-ը եւ դրանից էլ յետոյ, կարեւորելով Հայոց Եկեղեցու անկիւնադարձային, վճռորոշ եւ ճշտորոշող դերը հայ ժողովրդի վերջին 2000 տարիների կեանքում: Սրբազան Հայրը ընդգծեց, որ երբ հայ ժողովրդի քաղաքական եւ եկեղեցական ղեկավարութիւնը գործել են միասին եւ միակամ կարողացել են երկիրը առաջնորդել խաղաղ ու ստեղծագործ ուղիով, իսկ քաղաքական պետական ղեկավարութեան բացակայութեան պարագային, Հայոց Եկեղեցին հրապարակ է եկել աւելի շեշտակի դերակատարութեամբ:

Սրբազան Հայրը նշեց. «Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի պատմութիւնը սերտօրէն առնչւած են միմեանց հետ»: Բանախօսը համապարփակ գծերով անդրադարձաւ հայ ժողովրդի պատմութեան բոլոր ժամանակահատւածներում եւ ի մասնաւորի՝ ճակատագրական պայմաններում եւ հայ ժողովրդի ազատագրական շարժումներում հայոց եկեղեցու դերակատարութեանը:

Նշենք որ, օրւայ գեղարւեստական բաժնում երգերով հանդէս եկան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու երգչախմբի անդամները ղեկավարութեամբ Մելանիկ Մկրտչեանի, եկեղեցու Կիրակնօրեայ դպրոցի երգչախումբը, ղեկավարութեամբ Արսինէ Յովհաննիսեանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութեան «Ս. Գրիգոր Նարեկացի» երաժշտական համոյթը, ղեկավարութեամբ Վազրիկ Մանսուրեանի: Մեներգերով ելոյթ ունեցան Հելենա եւ Սեւադա Աղազարեանները, Թագուհի եւ Վիկտորիա Խաչատրեանները, Նարեկ Ռաթէոսեանը, Եօլանդա Մանսուրեանը, ասմունքներով՝ Հայկ Այդինեանը եւ Անանիա Յարութիւնեանը, ջութակի եւ դաշնամուրային կատարումներով՝ Արամազդ Յովհաննիսեանը եւ Արին Աւանէսեանը, իսկ պարային կատարումներով՝ «Զարթօնք» պարախմբի սաները, գեղարւեստական ղեկավար Լոռեթա Աւետիսեանը, օրւայ հաղորդավարն էր Փիւնիկ Քեշիշեանը:

Միջոցառմանը ներկայ էին՝ Թ.Հ. Թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ հոծ բազմութիւն:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից