Հանդիպում Թեհրանի 15-րդ Շրջանի Քաղաքապետի և իր օգնականների հետ

Երեքշաբթի մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

Քաղաքապետին ուղեկցում էին դոկտ. Փէյման Փուռնասռը, դոկտ. Ալիաքբար Քառիմիփուռը, Վահիդ Ջահանին և Քոմէյլ Ղահռէմանին:

Հանդիպմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը, փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Սերոժ Օհանեանը, Թ.Հ.Թ.-ի Գերեզմանատան Վարչութեան ատենապետ՝ պրն. Ջաննէս Աւետեանը և նոյն վարչութեան անդամ՝ պրն. Խեչօ Նազարեանը:

Սրբազան Հայրը նախ ողջունեց ներկաներին, շնորհակալութիւն յայտնեց իրենց հոգածութեան համար, մեր կառոյցների, ի մասնաւորի Նոր Բուրաստանի նկատմամբ:
«Ընդհանրապէս բուրաստանները վկայութիւն են տւեալ քաղաքի կամ երկրի զարգացման մակարտակի» ասաց Սրբազան Հայրը. «և հետևաբար երբ մեր բուրաստանները լաւ վիճակի մէջ են, վկայում են մեր ժողովրդի և երկրի կենսամակարդակի բարձրացման»:

Պրն. քաղաքապետը շնորհակալութիւն յայտնեց Սրբազանին իր ջերմ խօսքերի համար և նշեց, որ իր կարելին պիտի անի, համագործակցաբար ազգային իշխանութեան հետ, յատուկ խնամք տանել բուրաստանին: