ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԵՒ ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Ուրբաթ 1 Յունւար 2016-ի երկրորդ կէսին առաջնորդ Սրբազան հայրը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Աշգարեանի, Թեմական Խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Վարդան Բաբախանեանի եւ Սերոժ Մատթէոսեանի եւ Կ.Օ.Մ.-ի ատենապետ պրն. Մուշեղ Ծատրեանի եւ անդամներ՝ պարոնայք Մայիս Մինասեանի, Հերոս Միրզախանեանի, ԱլՖրէդ Բեգեան եւ տիկին Ալիս Դիլանչեանի այցելեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին նահատակւած հայ զինւորների ընտանիքներին, ինչպէս նաեւ գերեվարւած եւ անձնուրաց զինւորների ընտանիքների ու գաղութիս կարօտեալ, չքաւոր ընտանիքներին։

Սրբազան հայրը հայ նահատակների ընտանիքներին եւ անձնուրացներին այցելելիս գնահատեց հայ զինւորի զոհողութիւնն ու նւիրւածութիւնը իրանեան մեր հայրենիքի ամբողջականութեան եւ արժանապատւութեան պահպանման համար, յաւելելով, որ նահատակութիւնը զոհողութեան բարձրագոյն աստիճանն է, որով մարդ արժեւորւում է եւ դառնում է հայրենիքի փառքն ու պատիւը։

Առաջնորդ Սրբազան կարիքաւոր ընտանիքներին եւս իր մխիթարական խօսքերով եւ աւետարանական վկայութիւններով գօտեպնդեց ու խրախուսեց նրանց եւ ասաց մենք մեր կարելին անում ենք մեր ժողովրդի զաւակներին տիրութիւն անելու։

Իր այցելութիւնների աւարտին Սրբազան հայրը բոլոր ընտանիքներին իրենց համապատասխան նւէրներով եւ ծննդեան բացիկներով շնորհաւորեց եւ յաջողութիւն մաղթեց բոլորին։