Երեքշաբթի 2018 թւի փետրւարի 27-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը։
Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը քարոզեց և իր քարոզն սկսեց Յիսուս Քրիստոսի առաջինի կոչով՝ «Ապաշխարեցէք, որովհետև մօտեցած է երկնքի արքայութիւնը»:
Սրբազան Հայրը բացատրեց՝ «Քրիստոնէական կրօնի հիմնական և ամենաէական ուսուցումը, հաւատացեալին պատրաստելն է երկնքի արքայութեան համար: Յովհաննէս Աւետարանիչն ասում է՝ Աստւած այնքան սիրեց աշխարհը, որ նոյնիսկ իր Միածին Որդուն ուղարկեց, որպէսզի նա ով հաւատայ, կը փրկւի և յաւիտենական կեանք կունենայ: Փրկութիւնը պայմանաւորւած է մեր կեանքի ընթացքով, թէ ինչպէս ենք ապրում և գործում, հաւատում ենք Քրիստոսին և իր առաքելութեան ու այդ հաւատքը դրսևորում ենք մեր կեանքով»:
Միւս բաժնում Առաջնորդ Սրբազանը շեշտեց՝ «Մեծ Պահոց աղօթքի և ապաշխարութեան այս շրջանը մեծագոյն և ամենագեղեցիկ առիթն է, որպէսզի մենք բոլորս Աստծու ճանապարհով ընթանանք»: