Հանդիսաւոր Ս. Պատարագ և Մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

Շաբաթ 27 յունւարին, Ս. Սարգիս Զօրավարի և իր որդու՝ Մարտիրոսի, նաև 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաև անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցուն:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին ասաց՝ «Որևէ մէկն իզուր տեղն իր անձը չի ուրանում, որևէ մէկն իզուր տեղն իրեն հալածանքների և նեղութիւնների չի ենթարկում: Ինքն իրեն նեղութիւնների ենթարկող անձը նա է, ով հաւատքով, սիրով և յոյսով լեցուն իր կեանքը զարդարել է և կապրի յանուն այդ ճշմարտութեան, արհամարելով ամէն ինչ և մանաւանդ ամենից կարևորն իր «Ես»-ը: Քրիստոսով ապրողն իր կեանքը վերածում է մի լուսաւոր ջահի, որ լուսաւորում է իր շրջապատը»:

Իր քարոզի մի այլ բաժնում շեշտեց, որ՝ «Ս. Սարգիսը քրիստոնէական եկեղեցու կեանքում հանդիսացաւ այն անձը, որ ոչ միայն իր «Ես»-ը մոռացաւ, այլ այն ինչ որ ունէր իբրև պաշտօն, դիրք և հեղինակութիւն, բոլորը մի կողմ դրեց և միայն ու միայն Քրիստոսին ընդունեց և Քրիստոսի սիրով սկսեց ապրել և գործել: Քրիստոնէական այդ ուժեղ և նւիրական հաւատքով է, որ, որպէս զօրավար, գործեց: Բայց զօրավարի իր հանգամանքն արժէք չունէր իր համար, նա այդ օգտագործում էր հաւատքը տարածելու, յանուն Քրիստոսի»:

Սրբազան Հայրն աւելացրեց՝ «Ս. Սարգիս Զօրավարը հաւատքի ախոյեան էր: Ախոյեան, որի համար աշխարհն իր հարստութեամբ, իշխանութեամբ և գրաւիչ հեշտասիրութեամբ ոչ մի արժէք չունեցաւ, այլ ինքն իր հաւատքով աշխարհին ասաց՝ կարող էք իմ կեանքն առնել, բայց իմ հոգին ոչ երբէ՛ք: Եւ այդ օրերի Սասանեան թագաւորը կարողացաւ սպանել Ս. Սարգսին բայց չկարողացաւ սպանել իր հոգին, հաւատքը և իր գործունէութիւնը, որ դարձաւ ուղեցոյց, իրենից յետոյ եկող Աւետարանի բոլոր սպասաւորներին»:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ մատաղի օրհնութիւն և ապա հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու հիմնադիր բարերարների՝ Սարգսեան ընտանիքի մահացած անդամների հոգիների խաղաղութեան համար, առողջութիւն ու Աստւածային առաջնորդութիւն մաղթելով իրենց զաւակներին և թոռներին: Արարողութեանը ներկայ էր նաև եկեղեցու բարերարի որդի և թոռը՝ Մարգար Սարգստեանի՝ Էդիկ Սարգստեանը:

Այնուհետև, օրհնւած աւանդական հերիսան բաժանւեց բոլոր հաւատացեալներին:

Նոյն օրը, ճաշին, այս տօնի առիթով, Ս. Սարգիս եկեղեցու խորհուրդը, «Արամ Մանուկեան» սրահում, ճաշկերոյթ էր կազմակերպել, քահանայած դասի, Թեհրանի բոլոր եկեղեցիների խորհրդների անդամների, դպրաց դասի, Ս. Սարգիս եկեղեցու բարերարների համար: Ճաշի ընթացքին, յատուկ կարկանդակով, նշւեց եկեղեցու կառուցման և օծման 45-ամեակը: