«Հայրենիքս» խորագրով ազգային համագումար Միջոցառում՝ Իսլ. յեղափոխութեան 39-րդ տարեդարձի առիթով

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի սեմին, յունւարի 23-ի երեկոյեան, Թեհրանի «Անդիշէ» մշակութային համալիրում, նախաձեռնութեամբ նոյն համալիրի եւ «Օջ» կենտրոնի, կազմակերպւել էր «Հայրենիքս» խորագրով ազգային համագումար:
Համագումարին հրաւիրւած էին Իրանում բոլոր կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները:

Ծրագիրը յագեցած էր ելոյթներով եւ գեղարւեստական կատարումներով:

Իրանի պետական հիմնը հնչելուց եւ կազմակերպիչ յանձնախմբի կողմից ողջոյնի խօսքերից յետոյ, Իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան ներկայացուցիչ հանդէս եկաւ դասախօսութեամբ: Սակայն նրանցից իւրաքանչիւրի ելոյթից առաջ ցուցադրւում էր «Հայրենիքս» փաստագրական ֆիլմից մի հատւած, որը ներկայացնում էր պատկան փոքրամասնութեանը:

Բոլորը իրենց ելոյթների ընթացքում շեշտում էին ազգային միասնականութեան անհրաժեշտութիւնը: Թեհրանի հայոց թեմի անունից ներկաներին խօսք ուղղեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Նա ողջունելով Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձը, կարեւորեց միասնականութեան անհրաժեշտութիւնը, շեշտեց կրօնների երկխօսութեան ու համագործակցութեան անհրաժեշտութիւնը, եւ այն համարեց կարեւոր հանգամանք, որի միջոցով հնարաւոր է դիմագրաւել թշնամիների դաւասրութիւնները: Նա անդրադարձաւ իրանահայ համայնքի Իրանում ունեցած դարաւոր անցեալին եւ անցած ճանապարհի մասին: Իր ելոյթի ընթացքում նա խօսեց երկրում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների վերաբերեալ եւ ընդգծեց, որ որեւէ պարագայում կրօնական փոքրամասնութիւնների դէմ ճնշում չի իրականացւել, որպէսզի հրաժարւեն իրենց կրօնական հաւատալիքներից: Վերջում նա մէջբերեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի խօսքերից: Վեհափառ Հայրապետը ընդգծել էր. «Փառք Աստծուն, որ Իրանում բոլորը ապրում են խաղաղ ու հանդարտ պայմաններում, եւ սիրելի Իրանը զերծ է այն պատերազմներից ու անհանդարտութիւններից, որը տիրում է այլ երկրներում»:
Վերջում գնահատագրեր յանձնւեց իւրաքանչիւր փոքրամասնութեան նահատակներից մէկի ընտանիքին կամ հարազատներին: