Թեհրանահայ հեծանւորդները վազքուղի դուրս եկան յանուն հեծանւային մշակոյթի տարածման

Ուրբաթ, յունւարի 12-ին, Հեծանւավազքի ֆեդերացիայի Թեհրանի հիւսիս-արեւելեան շրջանի կենտրոնի նախաձեռնութեամբ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով տեղի ունեցաւ հեծանւավազքի մրցոյթ՝ թեհրանահայերի մասնակցութեամբ: Մրցոյթը կայացաւ «Թախթի» մարզահամալիրի հեծանւային դպրոցի պատասխանատուների համագործակցութեամբ:

 

Հեծանւավազքի ֆեդերացիայի պատասխանատու՝ Հասան Դադիզադէն խօսելով նախաձեռնութեան մասին նշեց, որ իր կառոյցի պարտքն էր  հեծանւավազքի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած իրանահայ հեծանւորդների գործը կիսատ չթողնելով հեծանւային մշակոյթի տարածման գործին ծառայեցնել իւրաքանչիւր լաւ առիթ, ինչպիսին կարող է լինել հէնց իրանահայութեան Նոր տարին շնորհաւորելու առիթով կազմակերպւած այս տօնական մրցոյթը:

Յայտագրւած հեծանւորդները թւով 16-ն էին: Մասնակիցները երեք՝ պատանիների, երիտասարդների, եւ երէցների տարիքային կարգերում վազքուղի դուրս գալով արդարացրեցին բոլոր սպասելիքները, յատկապէս այն պայմաններում, երբ գրանցւած տեղեկութիւնները խօսում էին մթնոլորտային օդի գերաղտոտւածութեան մասին:

Մրցոյթի գլխաւոր հովանաւոր՝ «Ջայընթ» (GIANT)  ընկերութեան կողմից անակնկալ նւէրներով պարգեւատրւեցին բոլոր մասնակիցները, ինչի կապակցութեամբ «GIANT»-ի ներկայացուցիչը յոյս յայտնեց, որ հայ համայնքը ինչպէս միւս ոլորտներում է առաջատարի դիրքերում եղել, հեծանւային մշակոյթի տարածման գործում եւս գրանցի նոյնը:

Մրցոյթի աւարտին Դադիզադէն յայտարարեց, որ սա լաւ մեկնարկ էր հայ համայնքի հեծանւորդների հետ միասին աշխատելու միաժամանակ խորհուրդ տալով հետեւելու նոր մրցոյթների ու միջոցառումների մասին յայտարարութիւններին: 

Լուրը քաղւած է «Ալիք»-ից