Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սարկաւագութեան Տօնը Թեհրանում

Սարկաւագութիւնը ըստ էութեան սերտօրէն առնչւած է ծառայութեան եւ յաճախ իբրեւ հոմանիշներ են օգտագործւում:

Սարկաւագել կամ սարկաւագութիւն անել նշանակում է սպասաւորել, ծառայութիւն մատուցել:

Եւ բառը, որպէս անհրաժեշտ մի պահանջք իր սկիզբն է առնում առաջի դարու եկեղեցու ծոցում, երբ աստւածային Կենդանարար Խօսքի կարողութեամբ քրիստոնեայ հաւատացեալների թիւը աներեւակայելի աճ է արձանագրում Պաղեստինի շրջանում, եւ այդ աճման զուգահեռ նաեւ ստեղծւում է կարիքների անբաւարարման հսկայ մի ճեղք, որը հանգում է բնականաբար տրտունջի ու բողոքարկման (Գրծ. 6.1): 

Առաքեալները ամբողջ էութեամբ լծւած էին Աստծու Խօսքի՝ Աւետարանի քարոզչական աշխատանքի եւ դա իրենց առաքելութեան հիմք եւ առաջնահերթութիւն էին դարձրած: Բայց եկեղեցին, իբրեւ հաւատացեալների հաւաք, իր հոգեւոր սնունդի կողքին նաեւ ունէր իր նիւթական կարիքները, առօրեայ ուտելիքի, սնունդի եւ այլ  կարիքների մատակարարման աշխատանքը, որ ոչ միտումնաւոր կերպով թէեւ, բայց այդ շրջագծում, որոշ թւող կարիքաւորներ, յատկապէս յունախօս հաւատացեալների այրիները զրկւում եւ անտեսւում էին:

Առաքեալները իրազէկ այս իրավիճակին ամենայն լրջութեամբ հարցը քննում են եւ լուծումն են առաջարկում:

Լուծումը լինելու էր հետեւեալը.-

Հաւատացեալները իրենց միջից պիտի ընտրէին եօթը մարդիկ, որպէսզի առաքեալները ձեռնադրելով նրանց, այդ գործի պատասխանատւութեան լծէին:  Այլ խօսքով՝ ժողովրդի ծառայութեան, նրանց առօրեայ ուտելիքի մատակարարման:

Այստեղից ծագում է առնում եկեղեցում ծառայելու, Սարկաւագութեան կարգն ու պաշտօնը:

Սակայն, որեւէ մէկը չէր կարող այդ աշխատանքին կոչւել: Յստակ պայմաններ կային, որ անհրաժեշտօրէն անձը պէտք էր լրացներ: 

Ամէն բանից առաջ Սարկաւագը պէտք է.

1.- Ժողովրդի կողմից վկայւած լինէր: Նա մարդկային ընկերութեան մէջ իր ապրելակերպի, կենցաղի, նկարագրի, բարոյականի, հաւատի, սրբութեան, հաւատարմութեան, մաքրութեան, արդարութեան, պարկեշտութեան, ճշմարտացիութեան մասին ժողովրդից լաւ վկայութիւն պէտք էր ունենար: Որպէսզի ժողովուրդը ապահով ու հանգիստ զգար եւ վստահէր նրա, որ նա ունէր իրենց հաւանութիւնը եւ վստահութիւնը այդ աշխատանքը ըստ պահանջին կատարելու՝ անշահախնդրութեամբ եւ անաչառութեանբ:

2.- Նա պէտք էր Ս. Հոգով լցւած լիներ, այսինքն՝ Աստծու Ս. Հոգով լցւած լինէր, Ս. Հոգու համաձայն ապրէր ու գործէր (Հռ2.29): Դա նշանակում է որ Սարկաւագը, ծառայողը պէտք էր ճանաչէր, իմանար Նրա կամքը, իր եսը ուրացած լինէր, իր կեանքը Աստծու ձեռքում յանձնած մարդ լինէր: Դա նշանակում էր Աստծու սիրով լցւած լիներ, որպէսզի կարողանար իր անձից դուրս ելնելով՝ ուրիշին կարիքներով ու պէտքերով զբաղւէր: Դա նաեւ նշանակում էր խոնարհ անձ լինել, որպէսզի կարողանար ուրիշը եւ ուրիշին կարիքը իրենից աւելի գերադասէր եւ կարեւոր համարէր: Դա նշանակում էր նաեւ Աստծու կամքը ճանաչել եւ ըստ այդմ առաջնորդւել:

Ս. Հոգով լցւած լինելը նշանակում էր ուրիշի ցաւով, կարիքով, նեղութեամբ ու դժւարութեամբ տագնապել, տառապել եւ ճիգ ու ջանք չխնայել, որպէսզի ըստ հնարաւորինս մեղմել նրանց ցաւը, հայթայթել ու բաւարարել նրանց կարիքները եւ անձնազոհութեամբ նրանց ուրախութեան եւ մխիթարութեան պատճառ դառնալ:

3.- Սարկաւագութեան կամ ծառայութեան կոչւող թեկնածուն անհրաժեշտօրէն աստւածային իմաստութեամբ լեցուն պէտք է լինէր: Եւ այս պարագային իմաստութեամբ լեցուն լինել նշանակում է՝ իրեն տրւածները, ինչ որ լինէին, շնորհք, կարողութիւն, ձիրք, տաղանդ, հարստութիւն, հաւատք, առաքինութիւն, կարելիութիւններ, առիթ, ժամանակ, պարգեւ, զօրութիւն, դրանք բոլորը ճիշտ կերպով, ճիշտ տեղին ու ճիշտ ժամանակին օգտագործել, որպէսզի համապատասխան արդիւնք եւ պտուղ բերեն:

4.- Նա շնորհքով եւ զօրութեամբ լեցուն պէտք է լիներ. Այսինքն՝ Սարկաւագի կամ ծառայողի կեանքը կենդանի արտացոլումն պիտի լինի իր հաւատին, համոզումին եւ սիրուն այսինքն՝ իր հաւատի հիմնադրին՝ Յիսուսի Քրիստոսի:

Որովհետեւ մարդկութեան մեծագոյն ծառայողը Քրիստոս ի'նք եղաւ, ուստի իր իսկ բառերով. «Ով ուզում է ինձ ծառայել, պէտք է հետեւի ինձ» (Յհ 12,26): Հետեւել Քրիստոսի նշանակում է հնազանդւել իրեն, նմանւել իրեն, ապրել իրեն նման, սիրել իրեն նման եւ զոհւել իրեն նման:

Ստեփանոս, Քրիստոսի առաջին վկայ եւ Մարտիրոս Սարկաւագը հանդիսացաւ, ով իր կարճատեւ բայց պտղալի կեանքով ծառայութեան ամենագեղեցիկ օրինակը տւեց մարդկութեան, ով հրեաների նախանձի ու ատելութեան առարկան հանդիսանալով՝ քարկոծումով կնքեց իր մահկանացուն, դառնալով առաջին պայծառ աստղը եկեղեցու եւ ժողովրդի ծառայութեան երկնակամարը խորհրդանշող անդաստանում: 

Եւ Սարկաւագութեան տօնը Թեհրանում միաժամանակ դպիրների եւ երգեցիկ խմբերի տօն յայտարարւած լինելով, այդ ուրախ առիթով թւականիս երկուշաբթի 25 Դեկտեմբերի առաւօտեան Ս. Գէորգ եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ քահանայ հայրերի ու հաւատացեալ ժողովրդի: Պատարագը մատուցեց եւ ըստ պատշաճի քարոզեց առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշկարեանը: Ս. Սեղանին սպասարկում էին Բարեշնորհ Մայիս սարկաւագ Մատթէոսեանն ու Բրշ. Անի-Քրիստի Սարկաւագուհի Մանուէլեանը:

Նոյն օրը երեկոյեան, Հ. Մ. Սիփան միութեան Նայիրի սրահում տեղի ունեցաւ ճաշկերոյթի երեկոյ ի պատիւ Թեհրանի եկեղեցիներում ծառայող Սարկաւագ-Սարկաւագուհիների, կիսասարկաւագների, դպիր-դպրուհիների, երգեցիկ խմբերի անդամների եւ եկեղեցական Խորհուրդների, հիւրընկալութեամբ Ս. Գէորգ եկեղեցու եւ Ս. Թադէոս ու Բարթուղիմէոս մատռան եկեղեցական Խորհրդի:

Ընթացքին տեղի ունեցան բաժակաճառութիւն, խմբային եւ միայնակ երգեցողութիւն, երաժշտական գործիքների՝ տաւիղ, քլարինեթ եւ ջութակի կատարումներ, ինչպէս նաեւ Ձմեռ պապիկի այց եւ նւէրների բաշխում: Երեկոն փակւեց Առաջնորդ Սրբազան Հօր պատգամով, Հայրական խրատով ու  «Պահպնիչ»ով:  

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ