Հայոց Նւարդ Գիւլբենգեան Դպրոցի Աշակերտների Մարզական Օլիմպիադա

Շաբաթ սոյն թւականի դեկտեմբերի 2-ին , Հայոց Նւարդ Գիւլբենգեան տարրական տղայոց դպրոցում, կատարւեց աշակերտների մարզական օլիմպիադայի բացումը:

Միջոցառմանը ներկայ էին Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ շրջանի դաստիարակչական պետ՝ պրն. Քարիմին, նոյն շրջանի մարզականի պատասխանատու՝ պրն. Հաքիմիֆարը, Թեհրանի Մարզական Կենտրոնի պետ՝ պրն. Իրաջին և Աշակերտական Մարզական Խորհրդի նախագահ՝ պրն. Էռֆանին:

Ծրագրին ներկայ էր նաև Հ.Բ.Ը.Մ.-ի վարչութեան անդամ՝ տկն. Այդա Սողոմոնեանը:

Տէրունական աղօթքից և Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնը հնչելուց յետոյ, դպրոցի փոխտեսչուհին բարի գալուստ մաղթեց ներկաներին: Ապա ծրագիրը շարունակւեց աշակերտների երդման արարողութեամբ և մարզիկների յատուկ երգով: 

Մրցութիւններին մասնակցող աշակերտների տողանցքից յետոյ, դպրոցի Թէքւանդոյի խմբի անդամները կատարեցին ցուցադրական շարժումներ, ապա թեթևատլետի խմբի անդամները տասնամարտի շարժումներով հանդէս եկան մարզադաշտում:

Վերջում ընկերական մրցութոյթ տեղի ունեցաւ Գիւլբենգեան և «Շահիդ Բեհեշտի» տղայոց դպրոցի ֆուտբոլի խմբի միջև:

Մրցութիւնները կատարւելու են՝ ֆութբոլ, բասկետբոլ, վազք, լող և այլ մարզաձևերում:

Այս տարւայ մարզական օլիմպիադան նւիրւած է դպրոցի հիմնադրման 50-ամեակին: