Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հարցազրոյց Թ.Հ. Թեմի Կ. Օ. Մ.-ի անդամների հետ

Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմինը հարցազրոյց է ունեցել Թեմական Խորհրդի կողմից նշանակւած Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի (Կ.Օ.Մ.) անդամների հետ: 

Կ.Օ.Մ.-ն այս շրջանում ունի 12 անդամներ և իր գործունէութիւնը սկսել է 2017 թւականի յունիս ամսից: 

Անդամներն են՝

1- Մուշեղ Ծատրեան՝ ատենապետ

2- Հրայր Աբդալեան՝ փոխատենապետ

3- Արինէ Զոհրաբեան՝ ատենադպիր 

4- Անի Մկրտիչեան՝ նիւթականի պատասխանատու

5- Ալիս Դիլանչեան՝ խորհրդատու

6- Ալիս Մելքոնեան՝ խորհրդատու

7- Շահէն Բանդարի՝ խորհրդատու

8- Հայրապետ Շահիջանեան՝ խորհրդատու

9- Հերոս Միրզախանեան՝ խորհրդատու

10- Արամիկ Սարգսեան՝ խորհրդատու

11- Էդիկ Աբրահամեան՝ խորհրդատու

12- Մայիս Մինասեան՝ խորհրդատու

Թեմական Խորհրդի կապը մարմնի հետ նշանակւել է պրն. Սերոժ Մատթէոսեանը:

Մարմնի ատենապետ, Մուշեղ Ծատրեանը շնորհակալութիւն յայտնելով ստեղւած առիթի համար, որով անդամները կարող են մարմնի աշխատանքներն ու առաջարկները ներկայացնել մեր համայնքին, աւելացրեց՝ «Աշխատանքները կատարւում են մեր փորձառութեան համեմատ և ընդունում ենք, որ վստահաբար թերութիւններ էլ գոյութիւն ունեն, բայց մարմնի անդամները միասնաբար և միախորհուրդ աշխատում են, որպէսզի օրէցօր աւելի բարելաւեն աշխատանքները»: «Մարմնի աշխատանքները սահուն ընթանալու համար, կեանքի ենք կոչել հետևեալ յանձնախմբերը՝

- Արտաքին Յարաբերութիւնների Յանձնախումբ – կապ է ստեղծելու մեր աշխատանքներին առընչւող հաստատութիւնների հետ 

- Մշակութային Յանձնախումբ – կազմակերպելու է մշակութային ծրագրեր

- Եկամտաբեր Ձեռնարկների Յանձնախումբ – կազմակերպելու է վիճակահանութիւն, ուրախ երեկոյ, ճաշկերոյթ և այլն

- Քարոզչական Յանձնախումբ – քարոզչութիւն անելով մարմնի աշխատանքների վերաբերեալ, պիտի աշխատի օժանդակել նւիրատւութիւններ ստանալու գործին

Մարմինը տարեկան երկու առիթներով ձեռնարկում է ուրախ ժամանցներ իր հովանաւորութեան տակ գտնւող կարիքաւոր անձանց համար՝ Ամանօրեան տօների առիթով և Վարդավառի կամ Խաղողօրքնէքի առիթներով: Սոյն ժամանցներին մասնակցում է թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը, Պատգամաւորական Ժողովի, Կրօնական և Թեմական Խորհրդի անդամները: 

Ներկայիս մարմնի նպաստառուների ցանկի մէջ են ներառւում շուրջ 100 հոգի, որոնց իւրաքանչիւրին ամսական 120,000 թուման ենք տրամադրում, իսկ մէկ հոգուց աւել ընտանիքին վճարում ենք 140,000 թուման: Նոր-Տարւայ օրերին իրենց ամսական նպաստից բացի, մի նպաստ աւել ենք վճարում, նաև կարևոր մթերքներ ենք պատրաստում և բաժանում:

Ովքեր տուն չունեն կամ տուն վարձելու դժւարութիւն ունենն, Թեմական Խորհրդի որոշումով իրենց յատկացւում է 3,000,000 թուման որպէս պահ գումար, որը պահ է տրւում տանտիրոջ մօտ, մինչև այդ անձնաւորութիւնը ապրում է այդ բնակարանում: Երկրի տնտեսական վիճակն աչքի առաջ ունենալով, Թեմական Խորհրդին առաջարկել ենք այդ գումարը բարձրացնել մինչև 5,000,000 թուման:

Թեհրանի «Քահրիզաք »  Բարեսիրական Կենտրոնում և տարբեր հոգեբուժարաններում ունենք մի քանի հայրենակիցներ նաև, որոնց օգնութիւններ ենք կատարում և քանի ժամանակ մէկ այցելում իրենց:

Կ.Օ.Մ.-ի նպաստառուների ցանկի մէջ ներառւում են նաև կարիքաւոր այն ընտանիքները, որոնք դժւարութիւններ ունեն իրենց դպրոցական երեխաների թօշակների վճարման համար: Այս պարագային 50-ից 100% թօշակների վճարման զեղջ ենք ստանում Կրթական Խորհրդից:

2 տարի է ինչ կառավարում ենք Սահակեան Բարեսիրական Կենտրոնը, որտեղ բնակւում են 19 հոգի: Կենտրոնի կառավարելը բաւականին դժւար է և այդ պատճառով կեանքի է կոչւել Վարիչ Մարմին, որը ամէնօրեայ դժւարութիւններով ղեկավարում է կենտրոնը: Եթէ կարողանանք այս կենտրոնի առաջին յարկի դժւարութիւններին յաղթահարել, մտածում ենք 2-րդ և 3-րդ յարկերն էլ կարգաւորել և սկսել օգտագործել մեր կարիքաւոր ընտանիքների բնակութեան համար:

Սերտ կապի մէջ ենք Ս. Գէորգ ծերանոցի և Հայոց Ազգային Աւետիսեան Բուժարանի պատասխանատուների հետ: Բժշկական որոշ ծախսերը հոգալով ջանանում ենք հնարաւորին չափ օգնել նպաստառուներին, որպէսզի իրենց հիւանդների բուժման ծախսը նւազի:

Որբ երեխաների համար յատուկ առաւելութիւններ ենք նկատի ունենում նաև հետևում ենք կարիքաւորների ապահովագրութեան գործերին: 

Բացի Թեհրանից, մեր ցանկում ունենք մի շարք կարիքաւոր ընտանիքներ Բումէհէն և Ռուդէհէն քաղաքամասերում: Տարեկան ընդհանուր հանդիպումներ ենք կազմակերպում իրենց հետ, բայց աշխատում ենք պարբերաբար այցելել իրենց: Բումէհէնում հայերէն դասընթացներ ենք կազմակերպել այնտեղ բնակւող հայ ընտանիքների երեխաների համար»:

Մարմնի անդամ Հերոս Միրզախանեանը շեշտելով անդամների ժրաջան աշխատանքը, նշեց՝ «Մեր կազմի բոլոր անդամները ջանանում են ինչքան կարելի է օգտակար լինել մեր կարիքաւոր հայրենակիցներին»:

Մայիս Մինասեանը շեշտեց թէ արդէն 4-րդ շրջանն է ինչ անդամակցում է Կ.Օ.Մ.-ին և ուրախութիւն յատնելով, որ կարող է որևէ կերպ օգնել մեր հայրենակիցներին, շեշտեց՝ «Աշխատում ենք կարելիին չափ տօնական օրերին պարէնների համար օգնութիւններ վերցնել քաղաքապետարաններից և պետական այլ հաստատութիւններից»:

Արմիկ Սարգսեանը, որ առաջին շրջանն է ինչ անդամակցում է մարմնին, շեշտեց, որ ոչ մի ջանք չի խնայելու մեր կարիքաւոր հայրենակիցներին օգնելու համար:

Ալիս Դիլանչեանը և Ալիս Մելքոմեանը, որոնք արդէն 3-րդ շրջանն է, որ անդամակցում են մարմնին, շեշտելով որ անդամների մէջ տիրում է սերտ ընկերական մթնոլորտ և որի արդիւնքում աշխատանքներն ընթանում են աւելի սահուն, յոյս յայտնեցին որ կը կարողանան իրականացնել մարմնի բոլոր ծրագրերը:

Էդիկ Աբրահամեանը, որ Կ.Օ.Մ.-ի կապն է Սահակեան կենտրոնի հետ, շեշտելով Սահակեան Կենտրոնի տարբեր դժւարութիւնների մասին, ասաց՝ «Չեմ անհանգստանում դժւարութիւններից և ջանանում եմ Սահակեան Կենտրոնում բնակւողների հոգեկանն էլ միշտ բարձր պահել»:

Հրայր Աբդալեանը, մարմնի փոխատենապետը , որն արդէն 3-րդ շրջանն է ինչ անդամակցում է մարմնին, շեշտեց՝ «Շատ ծանր աշխատանք է տարւում և կարելիին չափ ջանանում ենք օժանդակել մեր կարիքաւորներին և այդ աշխատանքով մեր հոգեկանը ևս բարձր պահել»:

Հայրապետ Շահիջանեանը շեշտելով թէ իր կեանքում միշտ պիտի լինել բարի և բարի գործ կատարել, նշեց՝ «Այս աշխատանքով բարեգործութիւնն իմ համար մի նոր իմաստ է ստացել, յոյսով եմ ամէն մարդ կարողանայ իր կարիքաւոր հայրենակիցներին նեցուկ դառնալ»:

Մամնի ատենադպիր՝ Արինէ Զոհրաբեանը, որ այս շրջանում նաև արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի անդամներից է ասաց՝ «Այս շրջանում պէտք է աշխատենք, որպէսզի մեր ցանկերը և դիմումները համակարգչային արխիւներով արձանագրենք, որպէսզի աշխատանքներն աւելի սահուն ընթանան: Տնային աշխատանքներ կամ որևէ այլ աշխատանքներ ենք դասաւորում ցանկացողների համար: Լիայոյս ենք, մի օր լինի, որ ոչ մի հայ կարիքաւոր չունենանք»:

Մարմնի ատենապետ՝ Մուշեղ Ծատրեանը յատուկ շնորհակալութիւն յայտնեց Թեմական Խորհրդի անդամ և մարմնի կապ՝ Սերոժ Մատթէոսեանին, նաև գրասենեակի պատասխանատու՝ Մայրենի Աւասափեանին, որ իր ժրաջան աշխատանքով ամենամեծ դերն է ունեցել մարմնի աշխատանքների վերահասութեան գործում:

Վերջում կոչ ուղղելով հայրենակիցներին, յայտնեց՝ «Սիրելի հայրենակիցներ, Կ.Օ.Մ.-ի գրասենեակի դուռը ամէն երեկոյ 5:30-ից մինչև 8:30-ը բաց է բոլորիդ համար, պատրաստ ենք լսելու բոլորիդ առաջարկները, տեսակէտները և քննադատութիւնները, մեր աշխատանքները բարելաւելու համար»:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ