ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

«Մշակոյթն է այն իրական, կարճ եւ շիտակ ճանապարհը, որով կարող են երկու ժողովուրդները երկխօսեն»

«Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ահաւասիկ հետեւեալ խորագրի տակ ամփոփւած ցուցահանդէսի բացման պաշտօնական արարողութիւնը իրականացաւ հոկտ. 17-ի երեկոյեան, Իրանի ազգային թանգարանում:

Հայաստանեան եւ իրանական համատեղ աննախընթաց միջոցառում, ուր ցուցադրութեան են դրւել Հայաստանի պատմութեան թանգարանի 103 եւ Իրանի ազգային թանգարանի 200 համաժամանակեայ նմուշներ:

Երկու երկրների պետական հիմներով մեկնարկած միջոցառմանը ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Իրանի ազգային թանգարանի տնօրէն Ջեբրայիլ Նոքանդէն, ընդգծելով. «Երբ Իրանի հանր. նախագահ դոկտ. Ռոհանին իրանական 1395 թւականի դէյ ամսին, պաշտօնական այցով եղաւ Հայաստանում, Իրանի ազգային թանգարանի եւ Հայաստանի պատմութեան թանգարանի միջեւ ստորագրւեց փոխըմբռնման յուշագիր եւ այսօր ականատեսն ենք այս ցուցահանդէսի բացման հանդիսութեան»: Իրանի ազգային թանգարանի տնօրէնը ընդգծեց. «Այսօր արդիւնաւորւել են Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան եւ Իրանի մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան անխոնջ ջանքերը եւ ներկայ ցուցահանդէսը ընդհանուր հայեացք է երկու հարեւան երկրների համատեղ ժառանգութեան, ուր ցուցադրւել են գտածոներ Քրիստոսից առաջ չորրորդ դարից մինչեւ  առաջին դար»: «Հայաստանի հարուստ եւ վաղեմի մշակոյթը ներկայացնող այս ցուցահանդէսում ցուցադրւած գոյքերի մեծ մասը, նախապէս ցուցադրութեան են դրւել միջազգային մի շարք ցուցահանդէսներում ինչպէս Ռուսաստանում»,- յաւելեց Ջեբրայիլ Նոքանդէն:

Նա նշեց, որ թանգարանները այն վայրերն են, ուր հայելու պէս արտացոլում են մեր էութիւնը եւ յիշողութիւնը: «Թանգարանները եթէ նպատակ ունեն ծառայելու հասարակութեանը եւ ուշադրութեան արժանացնել մարդկային կարիքները, թող պատմամշակութային գտածոներով հասարակութիւններին պարգեւեն խաղաղութիւն եւ կայուն խաղաղ գոյակցութիւն: Նման քայլ հնարաւոր է այն դէպքում, երբ էլ աւելի ճանաչենք միմեանց եւ պատմամշակութային մեր կապերը»,- նշեց Իրանի ազգային թանգարանի տնօրէնը: 

Ցուցահանդէսի եւ ցուցադրւած գտածոների եւ ցուցահանդէսի կազմակերպման նպատակի մասին Հայաստանի պատմութեան թանգարանի տնօրէն դոկտ. Գրիգոր Գրիգորեանը, ասաց. «Մեծ պատասխանատւութիւն էր այս ցուցադրութեան կազմակերպումը, քանզի մեր գերագոյն  նպատակն է ի ցոյց դնել Իրանի եւ Հայաստանի վաղեմի քաղաքակրթութիւնների սերտ առնչութիւնները եւ ցուցահանդէսը դարձնել մեր երկու ժողովուրդների հոգեւոր մերձեցման, ինչպէս նաեւ մշակութային նորօրեայ երկխօսութեան սկիզբ եւ հրաւէր»:

«Բնաւ պատահական չէ, որ այս ցուցահանդէսը բացւում է Թեհրանում  եւ հէնց Իրանի ազգային թանգարանի հիւրընկալ յարկի տակ: Հայաստանի պատմութեան թանգարանը եւ Իրանի ազգային թանգարանը հանդիսանում են մեր երկու պետութիւնների  ամենակարեւոր  մայր թանգարանները  եւ սա այդ թանգարանների առաջին աննախադէպ համագործակցութեան ծնունդն է, որ յուսով եմ կունենայ իր շարունակականութիւնը»,- ընդգծեց դոկտ. Գրիգորեանը:

Նա գնահատանքով արտայայտւեց Իրանի ազգային թանգարանի տնօրէնին եւ ցուցահանդէսի կազմակերպման հարցով իրենց  անվերապահ ջանքերը իրականացնողներին, այդ թւում Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանին:

Հանդիսութեանը ներկաներին խօսք ուղղելով Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը ցուցահանդէսը արդիւնքը համարեց երկու երկրների պետական պաշտօնատարների եւ ազգային թանգարանների տնօրէնների անխոնջ ջանքերի: Դեսպանը իր ողջոյնի խօսքն ուղղելով Իրանի հանր. նախագահի տեղակալին, ՀՀ մշակոյթի նախարարին եւ  բոլոր ներկաներին թէ՛ Իրանի պետական, եւ թէ՛ Իրանում հաւատարմագրւած երկրների դեսպաններին եւ դեսպանութիւնների ներկայացուցիչներին, յատուկ ողջունեց  սրբազան հայրերի ներկայութիւնը եւ ընդգծեց, որ նրանք կարեւոր առաքելութիւն են իրականացնում, որը մեծապէս կապւած է հայ-իրանական մշակութային հոգեւոր կապերի ամրապնդման հետ:

Դեսպանը կարեւորեց Հայաստանի պատմութեան եւ Իրանի ազգային թանգարանների տնօրէնների դերը ցուցահանդէսի կազմակերպման գործում: Դեսպանը  նշեց. «Ես գիտեմ, որ այս ամէն ինչը նւիրւած է մեր տարածաշրջանի փառահեղ պատմութեանը՝ նախաուրարտական, ուրարտական եւ յետուրարտական մշակութային էպոխային եւ գիտեմ, որ գիտական շրջանակներում կան բանավէճեր այս ուղղութեամբ: Բայց ինչ է նշանակում Ուրարտու, Արարատ եւ Արմենիա այս երեք արտայայտութիւնները: Աստւածաշնչի յունական եւ լատինական թարգմանութիւններում այդ երեք արտայայտութիւնները նոյն իմաստով են օգտագործւում»:

Դեսպանը  անդրադառնալով Իրանի ու Հայաստանի պատմական կապերին, ընդգծեց. «Այս ցուցահանդէսը մեր երկու հնամենի ժողովուրդների ընդհանուր պատմութեան եւ խորը մշակութային փոխառնչութեան ցուցահանդէսն է: Մշակոյթը քաղաքականացնելը լաւ բան չէ, բայց լաւ կը լինի, որ  քաղաքական գործիչները մշակութային մտածողութիւն ունենան եւ ես վստահ եմ, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան կապերը անխախտ են, մշակութային կապերը շատ խորը, ընդհանուր պատմութեամբ միահիւսւած եւ այս իմաստով մեր յարաբերութիւններին ոչ մի սպառնալիք չի սպասւում: Մեր ցանկութիւնն է, որ երկու պետութիւնների եւ ժողովուրդների յարաբերութիւնները, այսօրւայ սերունդը եւ իշխանութիւնները կառուցեն հէնց այդ բարեկամութեան եւ մշակութային փոխկապակցութեան հիմքի վրայ»:

Իրանի մշակութային ժառանգութեան կազմակերպութեան փոխտնօրէն դոկտ. Մոհամմադ Հասան Թալեբեանը ընդգծեց, որ ցուցահանդէսի կարեւոր պատգամն է ապացուցել Իրանի ու Հայաստանի վաղեմի բարեկամութիւնը եւ այդ պատգամը կարող է փոխանցւել թանգարանների միջոցով: Անդրադառնալով ցուցահանդէսին նա հաւաստեց. «Տարածաշրջանի այս լարւած պայմաններում, Իրանի ազգային թանգարանը եւ Հայաստանի պատմութեան թանգարանը շեշտելով պատմամշակութային արմատներին, փորձել են համատեղ պահանջների հիմամբ հայեացք նետել բազմադարեայ բարեկամութեանը  եւ վերյիշել այն»: Նա ընդգծեց, որ Իրանի ու Հայաստանի մշակութային յարաբերութեան գոյատեւման կարեւոր ապացոյցներից է Երեւանի Կապոյտ մզկիթը, որի ԻՒՆԵՍԿՕ-ում գրանցման հարցով  աւելի քան երկու տարի է, ինչ ջանքեր են իրականանում եւ Իրանում առգոյ մեծ թւով եկեղեցիները, այդ թւում Ս. Թադէի վանքը, որը գրանցւել է  ԻՒՆԵՍԿՕ-ում:

Ընթացքում ցուցադրւեց երկու երկրների սերտ յարաբերութիւնները եւ ինչու չէ ցուցահանդէսում ցուցադրւած նմուշները ներկայացնող տեսաֆիլմ: 

Միջոցառմանը ներկաներին խօսք փոխանցեց ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը: Իր ելոյթի ընթացքում նախարարը ընդգծեց. «Ընդամենը ամիսներ առաջ 2016 թւականի դեկտեմբերին, մեր երկու պետութիւնների նախագահների ներկայութեամբ ստորագրւած համաձայնագիրը այսօր իրողութիւն եւ իրականութիւն է: Հողի յիշողութիւնը մեր երկու ժողովուրդների դարաւոր բարեկամութեան յիշողութիւնն է: Հողի յիշողութիւնը մեր պատմական խորը արմատների յիշողութիւնն է: Հողի յիշողութիւնը նաեւ մեր մերօրեայ փոխյարաբերութիւնների յիշողութիւնն է եւ այն ապագան, որի վրայ պէտք է կառուցենք մեր փոխյարաբերութիւնները»: Նախարարը ընդգծեց. «Ցուցադրութեանը մասնակցող 103-ական ցուցանմուշները  սահմանել են այնպիսի բարձր նշաձող, որից այն կողմ, աւելի ներքեւ իջնելու, մենք իրաւունքը չունենք: Ուրախութեամբ պէտք է բարձրաձայնեմ, որ այսօր ունեցել եմ հանդիպում Իրանի Իսլ. Հանրապետութեան մշակոյթի նախարարի եւ փոխնախագահի հետ, մենք քննարկել ենք երկու տասնեակից աւելի մշակութային փոխհամագործակցութեան հարցեր եւ ես վստահ եմ, որ ինչպէս հողի յիշողութեան ցուցահանդէսը, որը պայմանագրի ստորագրումից ընդամենը ամիսներ անց դարձաւ իրականութիւն, մեր այսօրւայ պայմանաւորւածութիւնները եւս մօտ ապագայում կը դառնան իրողութիւն մեր երկու ժողովուրդների ու պետութիւնների: Ես այստեղից  մեկնում եմ մեծ բաւարարւածութեամբ եւ հոգեկան մեծ լիցքերով եւ այն ուրախութեամբ, որ մենք ձեռք բերեցինք պայմանաւորւածութիւն՝ մեր ապագայ մշակութային փոխհամագործակցութեան համար»: Նախարարը գնահատանքի խօսք ուղղեց բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիւ իրականացաւ ցուցահանդէսը:

ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը յայտարարեց. «Մշակոյթն է այն իրական, կարճ եւ շիտակ ճանապարհը, որով կարող են երկու ժողովուրդները երկխօսեն»:

Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Իրանի հանր. նախագահի տեղակալ եւ Իրանի մշակութային ժառանգութեան ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան նախագահ ճրտ. Ալի Ասղար Մունեսանը, ով իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ մարդկային համատեղ ժառանգութիւնը խօսում է այն խորը կապերի մասին, որը ձեւաւորւում է հազարամեակների ընթացքում եւ ազգերի ու ժողովուրդների միջեւ բարեկամութեան եւ խաղաղութեան յանգեցնում: Իրանն ու Հայաստանը այն ժողովուրդներն են, որոնք հինգ հազարամեայ մշակութային խորը կապերով են միահիւսւած: Նա աւելացրեց. «Երկու երկրների միջեւ զբօսաշրջութիւնը զարգացնելու նպատակով աշխուժանալու են  երկու երկրների միջեւ զբօսաշրջութեան կոմիտէները եւ Իրանի ու Հայաստանի միջեւ մշակւում են զբօսաշրջութեան փաթեթներ, Իրանը առաջարկել է երկու երկրների միջեւ կազմակերպել ընտանեկան ռալիներ, նկատի առնելով երկու երկրների մօտ տարածութիւնները»: Հանր. նախագահի տեղակալը ընդգծեց. «Յուսամ, որ մշակութային այս կարեւոր նախաձեռնութիւնը յանգեցնի երկու երկրների մշակութային, քաղաքական եւ հասարակական յարաբերութիւնների խորացման  եւ Իրանի ու Հայաստանի երկու մեծ ժողովուրդների է՛լ աւելի մերձեցման»:

Վերջում ՀՀ մշակոյթի նախարարի եւ Իրանի փոխնախագահի ձեռամբ բացումը կատարւեց աննախադէպ համարւող ցուցահանդէսի: 

Ցուցահանդէսի բացմանը իրենց ներկայութեամբ պատւել էին Իրանում երեք տասնեակից աւելի հաւատարմագրւած դեսպաններ եւ դեսպանութիւնների ներկայացուցիչներ, Իրանում ՄԱԿ-ի աշխատանքները համադրող Գարի Լուիսը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, պետական բարձրաստիճան հիւրեր, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ առաջնորդական փոխանորդ Մակար եպս. Աշգարեանը, Հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Սարգիս Դաւիթեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան եւ օրաթերթի, Հայ Դատի գրասենեակի եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ բազմաթիւ հիւրեր:

Իրանի ազգային թանգարանում կազմակերպւած ցուցահանդէսը տեւելու է երեք ամիս:

Լուրը քաղւեց՝ «Ալիք» օրաթերթից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com