Միջոցառում՝ Իրանում կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով

Իրանում կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, իւրաքանչիւր տարի Իրանում կրօնական փոքրամասնութիւններից մէկի նախաձեռնութեամբ նշւում է կարգապահական ուժերի օրը: Այս առիթով երեքշաբթի հոկտեմբերի 10-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուի կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում:

Մեկնարկին Իրանի հիմքը հնչեցրեց «Հայ կին» միութեանը կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը ղեկավարութեամբ Էդիկ Թամրազեանի եւ ընթացքում եւս երգչախումբը հնչեցրեց երգեր:

Ծրագիրը յագեցւած էր նաև խօսքերով: Կազմակերպիչ յանձնախմբի անունից ներկաներին ողջոյնի խօսք ասաց Արթին Բաբայեանսը: 

Միջոցառմանը խօսքերով հանդէս եկաւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը ով կարեւորեց կարգապահական ուժերի դերը հասարակութեան մէջ կարգ ու կանոն հաստատելու առումով, որի շնորհիւ ժողովուրդը կարողանում է օրէնքի ու ապահովութեան լոյսի տակ ապրել խաղաղ գոյակցութեամբ:

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայութեան դերը Իրանի արդի ոստիկանութեան ձեւաւորման հարցով եւ կարեւորեց Իրանի սահմանադրական յեղափոխութեան տարիներին Թեհրանի կարգապահական ուժերի հրամանատար Եփրեմ խանի դերը այդ ուղղութեամբ: Նա նաեւ կարեւորեց եւ գնահատեց կարգապահական ուժերին, որոնք պայքար են մղում ի դէմ անօրէնութիւնների եւ մաքսանենգութեան:

Ընթացքում ներկաներին խօսք ուղղեց Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան, կրօնական փոքրամասնութիւնների հարցով գերատեսչութեան պատասխանատու՝ պրն. Սաիդ Թաղաւին, ով ողջունելով կարգապահական ուժերի շաբաթեակը, կարեւորեց նրանց դերը երկրում անվտանգութիւն հաստատելու առումով, ի մասնաւորի նկատի առնելով տարածաջշրանի ներկայի իրավիճակը:

Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. Թ. առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը իր ելոյթի ընթացքում ընդգծեց. «Գիտակից, պարտաճանաչ ու զօրեղ ոստիկանութիւնը երաշխիքն է տւեալ երկրի զարգացման: Ոստիկանութիւն կայ, որպէսզի ժողովուրդը կարողանայ իր ստեղծագործ կեանքը շարունակի ի խնդիր իր երկրի առաւել զարգացման ու առաջընթացին:

Իրանի Իսլ.  Հանրապետութեան ազնիւ քաղաքացիները, շնորհիւ երկրի հոգւեոր առաջնորդ այաթ. Ալի խամենէիի հայրական թելադրութիւնների եւ յորդորենր,ի ապրում է խաղաղ, ստեղծարար եւ ապագայատեսիլ կեանք»:

Վերջում հրաւիրւեց Թեհրանի կարգապահական ուժերի նորանշանակ հրամանատարի գեներալ Հոսէ՛ն Ռահիմին, ով ընդգծեց, որ կարգապահական ուժերը հասարակութեան մէջ ստեղծում են եղբայրութիւն, բարեկամութիւն, միասնականութիւն եւ համայն իրանցիները մէկ են օրէնքի առջեւ եւ ոստիկանութիւնը ծառայելու է բոլոր քաղաքացիներին:

Նա գնահատեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակներին:

Վերջում Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդների ձեռամբ գնահատւեցին կարգապահական ուժերի զանազան բաժինների հրամանատարները: