Ս. Գէորգ Եկեղեցու Անւանակոչութեան Տօնն ու Եռօրեայ Ուխտագնացութիւնը

Այս տարի ևս ըստ աւանդութեան, Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, հոկտեմբերի 5, 6 և 7-ին:

Ուխտատեղին ողողւել էր բազմահարիւր ուխտաւորներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու սրբի հանդէպ, ինչպէս նաև հաղորդւելու աստւածային ներկայութեան և մասնակից դառնալու օրւայ խորհրդին:

Հինգշաբթի և ուրբաթ երեկոյեան, կատարւեց հսկումի արարողութիւն: Արարողութիւնը նախագահեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը և զոյգ օրերին էլ յաւուր պատշաճի քարոզեց:

Շաբաթ առաւօտեան ժամերգութեան աւարտին, պատարագեց և յաւոր պատշաճի քարոզեց  թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: 

Թեմակալ առաջնորդն իր քարոզի ժամանակ գնահատելով ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը եռօրեայ ուխտագնացութեանը և օրւայ պատարագին, ընդգծել է. «Մասնակցութիւն նշանակում է  ամբողջական ինքնընծայում  և ինքնանւիրում սուրբին և սուրբով խորհրդանշւած հաւատքին ու կեանքին»: 

Սրբազան Հայրն անդրադառնալով Ս. Գէորգի անհատականութեանն ընդգծեց, որ Ս. Գէորգը մոռանալով իր եսը և արհամարելով աշխարհի նիւթական հարստութիւնները, ընտրեց նրան, ով իր կեանքը նւիրաբերեց յանուն մարդկութեան փրկութեան: Քարոզի այլ բաժնում, Առաջնորդ Սրբազանն ընդգծեց, որ հաւատքի բացակայութեան պատճառով այսօր աշխարհում ծայր են առել վայրագութիւններ և ահաբեկչական արարքներ և անհրաժեշտ է իրական ու անկեղծ հաւատք, քաոսային այս իրավիճակին յաղթահարելու նպատակով:

Պատարագի աւարտին Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով և Միւռոնի հեղումով՝ կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Որից յետոյ, հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին, օրհնւած ջուրն առան և վերանորոգւած իրենց քրիստոնէական հաւատքի մէջ, յագեցած և գոհունակ սրտով վերադարձան իրենց տները: