Հանդիսաւոր Հոգեհանգիստ Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Նահատակների Հոգիների Խաղաղութեան Համար

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի երեսունեօթամեակի առթիվ եւ ի յարգանք մեր նահատակների, ուրբաթ 6 հոկտեմբեր 2017-ին առաւօտեան Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում, պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Կրօնական արարողութեանը նախագահեց եւ այդ առիթով քարոզեց թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք Սարգսեանը:

Հոգեհանգստեան արարողութիւնից առաջ թեմակալ առաջնորդը իր քարոզի ընթացքին կարևորելով հոգևոր արժէքների պահպանման անհրաժեշտութիւնը նշել է. «Այսօր հոգեհանգստեան արարողութիւն ենք մատուցում Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքին նահատակւած մեր հայ զինւորների  և իսլամական յեղափոխութեան յաղթանակի տարիների թոհ ու բոհի ընթացքում զոհւած  մեր նահատակների հոգիների խաղաղութեան համար»: Թեմակալ առաջնորդն ընդգծել է. «Եթէ մեր նահատակները ընկան պատերազմի դաշտում յանուն հայրենիքի, դա նշանակում է, որ նրանք  իրենց հոգին նոյնացրել են այդ հայրենիքի հետ: Աշխարհում ամենից նւիրական սրբութիւնը հայրենիքն է, որովհետեւ հայրենիքն է որ ազգն ու ժողովուրդը պահում ու պահպանում է: Երբ անձը զոհւում է յանուն հայրենիքի դառնում է հայրենիքի սեփականութիւն: Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակները ազգի նահատակներն են և ազգի արժէքն են»: Սրբազան Հայրը կարևորել է նաեւ Իրանի նկատմամբ հայ ժողովրդի տածած դարաւոր սէրը և յարգանքը: 

Պատարագից յետոյ, պատերազմի նահատակների ընտանիքները, անձնուրացներն ու ազատորդիները, մասնակցեցին Հ.Ուս. Չհարմահալ միութեան Յովհաննէս Թումանեան սրահում Հայ Անձնուրացների Յանձնախմբի կողմից կազմակերպւած ճաշկերոյթին:

Այստեղ նախ յանձնախմբի ատենապետ՝ Արման Բանդարին  բարի գալստեան խօսք ուղղեց ներկաներին: Ճաշելուց յետոյ, Սրբազան Հայրն իր օրհնութեան խօսքը ուղղեց ներկաներին և շեշտելով, որ միասին լինելը և միասին մտածելը մեր նահատակների մասին մեզանից իւրաքանչիւրի հոգում զօրութեան, յոյսի և հաւատքի նոր ալիք է առաջացնում: Սրբազան Հայրը շեշտեց՝ «Նահատակները մեր ազգի ամենաազնիւ տարրերն են և մի ժողովրդի ներշտնչման զուլար աղբիւրը»:

Ճաշկերոյթին ներկայ էին նաև Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Թեմական Խորհրդի ատենապետ՝ Ռոբերթ Բեգլարեանը և նոյն խորհրդի անդամների ներկայացուցիչները, Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման  Յանձնախմբի անդամբերը:

Ծրագրում յատուկ գնահատանքի արժանացաւ յանձնախմբի նախկին տարիների անդամ՝ Արմենակ Արթունեանը: