Սուրբ և Անմահ Պատարագ Թեհրանի Ս. Աստւածածին Եկեղեցում

Թեհրանի Ս. Աստւածածին Եկեղեցու գմբէթի և այլ մասերի վերանորոգութիւնների փուլն աւարտւեց: Սոյն առիթով, ուրբաթ 15 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան, նոյն եկեղեցում սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի։

Սրբազան Հայրը իր քարոզի սկզբում փառք տւեց Աստծուն, որ վերանորոգւած այդ սրբազան տաճարում Աստծու պաշտամունքի Ս. պատարագ է մատուցում և շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր հեռւից կամ մօտկից իրենց ներդրումը բերեցին այդ շինարարական և բարենորոգման աշխատանքին: 

Սրբազան Հայրը խօսելով պետութիւն և համայնք բարօր յարաբերութեան մասին, յիշեցրեց թէ՝ «Թեհրանի 12-րդ շրջանի քաղաքապետարանի անմիջական օժանդակութեամբ կատարւեց այս աշխատանքը և սա ինքնին մի երևոյթ է մեր ժողովրդի կեանքում, յատկապէս՝ մեր թեհրանահայ գաղութի կեանքում, որը բացայայտ վկայութիւն է մեր վայելած պետութեան հովանաւորութիւնը զանազան բնագաւառների մէջ»:

Առաջնորդ Սրբազան Հայրը մատնանշեց նաև,  թէ Թեհրանի տարբեր շրջանի քաղաքապետարանները յատուկ ուշադրութիւն են դարձնում եկեղեցիների վերանորոգութեան, դպրոցների աշխատանքների ինչպէս նաև իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների ընտանիքների նկատմամբ, աւելացնելով. «Պետութիւնն ինքն էլ շատ լաւ գիտի, որ հայ ժողովուրդն իր ողջ էութեամբ հիմնաւորւել է իր ծննդավայր հայրենիքում և մաս է կազմել իր քաղաքական, ընկերային, մշակութային և զինւորական կեանքում, առանց զգալու, որ ինքը տարբեր է իրանցի բարեկամներից»:

Եկեղեցական արարողութեան ներկայ էին 12-րդ շրջանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնեաները:

Պատարագի աւարտին, Ս. Աստւածածին Եկեղեցու եկեղեցական խորհուրդը համեստ ընդունելութիւն էր կազմակերպել, որով հիւրասիրեց պատարագին ներկայ հաւատացեալներին և հիւրերին: