Գերշ. Սեպուհ Արք. Սարգսեան՝ «Պատերազմը, ծայրայեղականութեան պատասխանը չէ»

Թարգմանեց՝ Ռ. Մարգարեան - «Շաֆաղնա» - Շիմա Մոֆիդի Ռադ- Առաջին փորձը միշտ էլ յագեցած է լինում յուզումով, ինչը ծնունդ է տալիս բազմաթիւ հարցերի ու պատասխանում են բազմաթիւ ուրիշների: Սա առաջին անգամն է, որ ոտք եմ դնում եկեղեցու շրջապատն ու առաջին անգամն է, որ ուղղակի զրուցում եմ քրիստոնեայ հոգեւոր առաջնորդի հետ: Իմ պատկերացումը քահանաներից, եպիսկոպոսներից ու եկեղեցուց սահմանափակւում է հեռուստասերիաներում տեսածով: Սեւ կամ սպիտակ երկար հագուստով մի մարդ՝ վզին կախւած խաչով, որը քարոզում կամ աղօթում է: Անհասանելի եւ անշօշափելի պատկերներ:

Եպիսկոպոսի կոչումից առեղծւածային պատկերացում ունեմ եւ իմ խորթութիւնը նրանց անունների ու լեզւի հետ փոխարինւում է ըմբռնելի ու հասանելի պատկերով եւ ծանօթ մի հոգիով եւ Մոհամմեդի կրօնի բարութիւնը նստեցնում է Քրիստոսի գթասրտութեան կողքին: Աբրահամեան կրօններում գոյութիւն ունեցող նման բարութեամբ ու խաղաղութեամբ որտեղի՞ց է սերում այսքան բրտութիւնը: Արդեօք այս կրօնները կարո՞ղ են ձեռք-ձեռքի տալով աշխարհում իդէալական խաղաղութիւն հաստատել , թէ նման օրեր միայն քաղցր ու հաճելի երազների նման անցնում են միայն մտքով ու անհասանելի են:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Արք. Սարգսեանը «Շաֆաղնա»-ի թղթակցի հետ հարցազրոյցում պատասխանում է այս հարցերին: Գերշ. Սրբազան հայրն ասում է. «Հոգեւոր առաջնորդների հիմնական դերակատարութիւնն այն է, որ բոլոր մարդկանց ու յատկապէս համակարգերի առաջնորդներին դէպի համախոհութիւն ու փոխադարձ յարգանք առաջնորդեն եւ հարցերը կարգաւորեն երկխօսութեան միջոցով, որովհետեւ նման հարցերի պատասխանը պատերազմը չէ: Խաղաղութեան հաստատման լաւագոյն միջոցը երկխօսութիւնն ու վիճարկումն է»:

Նա ակնարկելով այն նախադասութեանը թէ «ինչ որ ցանկանում ես ուրիշներն անեն քեզ, դու նոյնը կատարիր նրանց հետ», դա յիշատակում է, որպէս Աւետարանի ոսկէ օրէնքը եւ ասում է. «Եթէ մարդիկ ըմբռնած լինէին այս օրէնքը, նման պատերազմներ ու կոտորածներ չէին լինի: Մարդիկ դեռ կրօնը չեն ըմբռնել եւ իրենց կեանքում չեն մամնաւորում իրենց կրօնն ու կրօնական ուսուցումները: Ասես կրօնը միայն արտաքին հագուստ լինի, որը կրում ենք ու այդ պատճառով էլ տարբեր կրօնների առաջնորդները պիտի հանդիպեն ու զրուցեն եւ ծայրայեղականութեանը դիմակայելու նոր ուղիներ գտնեն»:

Գերշ. Տէր Սեպուհ Արք. Սարգսեանն այս կապակցութեամբ կարեւոր լուծումը համարում է կրօնների առաջնորդների եւ ժողովրդի միջեւ անվտանգութեան եւ փոխադարձ յարգանքի զգացմունքի ստեղծումը եւ ընդգծում է, որ դժբախտաբար մինչ այսօր բոլոր կրօնների առաջնորդների եւ ժողովրդի միջեւ անհրաժեշտ բարեկամութիւնն ու մերձեցումը տեղի չի ունեցել:

Ձեզ ենք ներկայացնում «Շաֆաղնա»-ի հարցազրոյցը Գերշ. Տէր Սեպուհ Արք. Սարգսեանի հետ:

-Աշախարհի բոլոր կողմերում նկատելի են բրտարարքները: Իրաքում ու Սիրիայում ասորիները զոհ են գնում նոյն տգիտութեանն ու մոլեռանդութեանը, ինչի զոհն  են գնում մուսուլմանները: Իսկ մուսուլմանները տուժում են նոյն ծայրայեղականությունից, ինչի հետեւանքով սպանւում են եզդիները: Տարբեր կրօններ ու ընդհանրապէս կրօնը ի՞նչ դերակատարութիւն կարող է ունենալ ընթացիկ բրտարարքների մեղմացման ու աշխարհը դէպի խաղաղութիւն առաջնորդելու հարցում:

-Ձեզ գնահատում եմ այն պատճառով, որ որոշել էք այս կարեւոր հարցին անդրադառնալ: Վերջին չորս տարիներում տարածաշրջանում տեղի ունեցած ապահովական-ռազմական խնդիրները դժբախտաբար համարւում են արեւմուտքի ու ԱՄՆ-ի անընդունելի քաղաքականութիւնների արդիւնքը, որովհետեւ նրանք տարածաշրջանի մասին ճանաչողութիւն չունեն: Արեւմուտքի քաղաքականությունները տարածաշրջանում ահաբեկչական շարժումների ծնունդ են տւել: Արեւմտեան աշխարհը ծանօթ չէ տարածաշրջանի ժողովրդի հոգեկանին: Այս բոլորն ու նաեւ արեւմուտքի ռազմական քայլերը պատճառ դարձան, որ Լիբիայում, Եգիպտոսում, Իրաքում ու Սիրիայում շարժումներ առաջանան: Այս շարժումները սրանից առաջ էլ գոյութիւն ունէին, սակայն համարւում էին մոխրի տակ անթեղւած կրակ: Ընդհանուր առմամբ ծայրայեղականութիւնը լուրջ խնդիրներ է առաջացնում: Ծայրայեղականութիւնը միշտ էլ վնասել է հասարակական կեանքը, հաւաքական ու կրօնական կեանքը: Երբ ծայրայեղականութիւնը զարգացման հնարաւորութիւն է գտնում ցաւալի դէպքերի ականտես ենք լինում: Հիմա պիտի տեսնել, թէ եկեղեցու եւ այլ կրօնների առաջնորդներն այս ծայրայեղակնութիւնը կանխելու համար ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել: Կրօնական առաջնորդների գլխաւոր դերակատարութիւնն այն է, որ բոլոր մարդկանց ու յատկապէս համակարգերի ղեկավարներին համախոհութեան, փոխադարձ յարգանքի եւ հարցերը երկխօսութեամբ կարգաւորելու կոչ անեն, քանզի պատերազմը նման հարցերի պատասխանը չի կարող լինել: Խաղաղութեան հաստատման լաւագոյն միջոցը  երկխօսութիւնն ու վիճարկումն է:

-Խօսելով ծայրահեղականության մասին անդրադարձաք վերջին չորս տարիների դէպքերին: Գուցէ ԻԼԻՊ-ը վերջին չորս տարիներում ստեղծւած լինի, սակայն ծայրայեղական մտածողութիւնը պատմութեան ընթացքում միշտ էլ տարբեր ձեւերով դրսեւորւել է: Մի օր Պաղեստինում երեւան է գալիս Սիոնիզմի տեսքով: Մի օր Ալղաիդայի հագուստի ներքոյ ստեղծում է 11 սեպտեմբերը եւ այսօր էլ ԻԼԻՊ-ը համարւում է աշխարհի ահաբեկչական ամենայայտնի խումբը: Ասացիք թէ այս խնդիրների պատասխանը պատերազմը չէ ու պիտի երկխօսութիւն ունենալ: Արդեօք կրօնն ու կրօնների միջեւ երկխօսութիւնը կարո՞ղ են պատասխան գտնել այս խնդիրների համար ու այդ դէպքում ի՞նչն է պատճառ դարձել, որ այս տարիների ընթացքում կրօնը չունենայ սպասւած դերակատարութիւնը:

- Իմ խօսքն ընդհանրապէս վերաբերում էր տարածաշրջանում ծայրայեղականութեանը, քանզի ձեր հարցում շեշտադրեցիք տարածաշրջանի խնդիրները: Ընդհանրապէս կարելի է ասել, որ ահաբեկչութիւնն ու նման արարքներ միշտ էլ պատմութեան ընթացքում գոյութիւն են ունեցել: Ալղաիդան էլ ԽՍՀՄ-ին ընդդիմանալու համար ԱՄՆ-ի ստեղծածն էր ու յետոյ ԱՄՆ-ի համար լուրջ դժւարութիւն առաջացրեց: Պետութիւնները խոհեմ գտնւելով չպիտի խրախուսեն թաքֆիրի ու ծայրայեղական շարժումները: Մինչեւ այնքան ժամանակ, երբ տարբեր կրօնների միջեւ երկխօսութիւն ու համախոհութիւն չի ստեղծւել ռազմական ու այլ ուժերի միջեւ էլ համախոհութիւն ու երկխօսութիւն չի ստեղծւի: Նաեւ եթէ քաղաքական ուժերի միջեւ երկխօսութիւն չլինի կրօնների միջեւ էլ երկխօսութիւն չի ձեւաւորւի:

-Ցանկանում էի անդրադառնալ այս խնդրի մի այլ կողմին, Արդեօք կրօնն ու կրօնների միջեւ կապն ունե՞ն այն ներուժը, որ եթէ քաղաքական ու ռազմական ուժեր աշխարհում խաղաղութիւն հաստատելուց բացի այլ ընթացք որդեգրեն, քաղաքական ուժին գերազանցող շարժում ստեղծեն ու աշխարհն առաջնորդեն դէպի խաղաղութիւն:

-Բոլոր կրօններն էլ այդ ուժն ունեն: Այդ ներուժը կրօններում գտնւող աստւածային հզօրութիւնն է, սակայն հարցն այն է, որ մարդիկ երես են թեքում կրօնից ու փախչում են նրանից: Սիրիայում ու Իրաքում որոշ հարցերի ականտես ենք, օրինակ որեւէ նւաճում ու գէշ արարք կատարելուց յետոյ ԻԼԻՊ-ի անդամների «Ալլահ Աքբար» կանչելը, կրօնի եւ Աստծոյ անւան անտեղի ու սխալ օգտագործում է: Որեւէ կրօն չի ասել, որ սպանիր եղբօրդ, այլ բոլոր կրօններն էլ արգելում են եղբայրասպանութիւնը: Բոլոր կրօնները, թէ քրիստոնէութիւնը, թէ իսլամը, թէ բուդիզմն ու թէ միւս կրօնները, խաղաղութեան, առողջութեան, բարեկամութեան, ազնւութեան ու հանդարտութեան կոչ են անում, սակայն դա ժողովուրդն է, որ հեռացել է կրօնից: Նոր սերնդին պիտի կրթել: Աւետարանում ոսկէ օրէնք կայ գրւած. «Այն ինչ որ ցանկանում ես ուրիշները քեզ անեն, դու նոյնը կատարիր նրանց հետ»: Սա ոսկէ օրէնք է ու եթէ մարդիկ այս օրէնքը ըմբռնած լինէին նման պատերազմներ ու կոտորածներ չէին լինի: Այսինքն մարդիկ դեռ կրօնը չեն ըմբռնել ու իրենց կեանքում չեն մարմնաւորում իրենց դաւանած կրօնն ու կրօնական ուսուցումները: Ասես կրօնը արտաքին հագուստ լինի, որ կրում ենք ու այդ պատճառով էլ տարբեր կրօնների առաջնորդներ պիտի հանդիպեն եւ երկխօսութիւն ունենան ու այս ծայրայեղականութեանը դիմակայելու համար նոր միջոցներ գտնեն: Այս կապակցութեամբ մեծ աշխատանք է կատարւում: 

-Աւետարանից ձեր մէջբերած նախադասութեան նման արտայայտութեան հանդիպում ենք Էմամ Ալիի խօսքերում երբ ասում է. «Ուրիշների համար հաւանիր այն ինչ հաւանում ես քեզ համար ու այն ինչ քեզ համար չես հաւանում, նրանց համար էլ մի հաւանիր»: Կրօններում ընդհանուր հասկացութիւնների գոյութեամբ, որի միայն մէկ օրինակն է սա, նաեւ նկատի առնելով կրօնի ներուժն ու հզօրութիւնը, երկու հարց է ծագում: Առաջին այն, որ արդեօ՞ք մարդկանց կրօնից հեռանալը կրօնների առաջնորդների թերացման պատճառով է եւ երկրորդ այն որ այսօր կրօնների միջեւ բազմաթիւ երկխօսութիւններ ու համաժողովներ են գումարւում եւ ընդգծւում է այս երկխօսութեան նշանակութիւնը, բայց ինչպէ՞ս կարելի է կրօնների միջեւ այս երկխօսութիւնը դուրս բերել իր խորհրդանշական տեսքից ու ժամանակակից աշխարհում տեսնել դրա իրական արդիւնքները:

-Ձեր ներկայացրած երկու հարցումները նաեւ մեր խնդիրներ են: Երկխօսութիւնների մասին իրատեսական պիտի լինել: Նախապէս կրօնների միջեւ նման երկխօսութիւններ չկային: Նման գաղափար գոյութիւն չունէր: Յետոյ մարդիկ զարթնեցին ու տարբեր կրօնների հաւատացեալներ սկսեցին խորհել իրար մերձենալու մասին: Այս պատճառով էլ Իրանում ու նաեւ իսլամական այլ երկրներում նման աշխատանքներ են իրականացւում, որպէսզի իսլամական բոլոր դաւանանքները մօտենան իրար եւ կամ բոլոր եկեղեցիները համախմբւեն մի խորհրդում, որպէսզի իրար ճանաչեն ու մերձենան: Վերջին 20 տարիներում կրօնների միջեւ բազմաթիւ երկխօսութիւններ են եղել, այդ թւում իսլամ-քրիստոնէութիւն եւ կամ իսլամ-քրիստոնէութիւն-հրէականութիւն: Այս երկխօսութիւնները կատարւել են, որպէսզի տարածաշրջանում խաղաղութեան ու անդորրի հաստատման համար նոր լուծումներ գտնւեն: Անցած շաբաթ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Ժնեւում երկխօսութիւն ունեցաւ Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան հետ: Դա չափազանց կարեւոր հանդիպում էր եւ այս շրջագծում նիստ գումարւեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ, որի անդամները տարբեր երկրներից էին:

-Այս նիստերն ի՞նչ նոր լուծումների յանգեցին եւ ինչպէ՞ս էք գնահատում նման նիստերի ազդեցիկութիւնը:

-Ուզում եմ ասել, որ նկատի առնելով այս երկխօսութիւնները ինչո՞ւ կրկին նման հարցերը, ծայրայեղականութիւնը կամ կոտորածները շարունակւում են: Անարդարութիւնն ու ընտանիքի սրբութեան հանդէպ անուշադրութիւնն այն հարցերն են, որ պատճառ են դառնում այս ծայրայեղականութիւններն ու կոտորածները դեռ շարունակւեն: 

-Նկատի առնելով այն բարդութիւնները, որ ներկայացրեցիք որպէս ծայրայեղականութիւնը շարունակւելու պատճառ, խաղաղութիւնը թղթի վրայ գրւածների եւ ուղերձների շրջանակից դուրս բերելու եւ հասարակութեան մէջ ու մարդկանց տները տանելու համար ի՞նչ լուծումներ նկատի ունէք: Կրօնների առաջնորդներն այս կապակցութեամբ երկարաժամկէտ ու կարճաժամկէտ ի՞նչ ծրագրեր ունեն:

-Երեք տարի առաջ Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութիւնն ու Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նիստ գումարեցին այն մասին, թէ ինչպէ՞ս կարող են խաղաղութեան ու անդորրի այս լուծումները փոխանցել ժողովրդին: Այստեղ սկսւում է իսլամի ու քրիստոնէութեան առաջնորդների աշխատանքն ու առաքելութիւնը: Կարեւոր լուծումն այն է, որ կրօնների առաջնորդները պիտի ապահովութեան եւ փոխադարձ յարգանքի ինչ-որ զգացմունք ստեղծեն իրենց ու ժողովրդի միջեւ ու կարեկցեն նրանց: Դժբախտաբար մինչեւ այսօր տարբեր կրօնների առաջնորդների ու ժողովուրդի միջեւ անհրաժեշտ բարեկամութիւնը չի ստեղծւել: Կրօնների առաջնորդների միջեւ փոխադարձ վստահութիւն պիտի լինի:

-Այս վստահութիւնն ինչպէ՞ս պիտի ստեղծել:

-Ժողովրդի հետ հաղորդակցութեամբ, յարաբերւելով, նրանց ուրախութեանն ու տխրութեանը մասնակից լինելով կարելի է այս փոխադարձ վստահութիւնը ստեղծել: Կարեւոր կէտն այն է, որ եթէ ես ձեր հանդէպ վստահութիւն չունենամ ձեզ թոյլ չեմ տայ, որ իմ գրասենեակը մտնէք: Կրօնների առաջնորդների հիմնական աշխատանքը ժողովրդին փոխադարձ վստահութեան փոխանցումն է:  Իրարու հանդէպ վստահութիւնը պիտի բխի Աստծոյ վրայ մեր ունեցած խոր վստահութիւնը:

-Քրիստոնէութիւնն ու եկեղեցին խաղաղութեան հաստատման գործընթացին եւ նկատւող բրտարարքների վերացմանն ուղղւած ջանքերին ի՞նչ անկախ մասնակցութիւն ունեն եւ այս կապակցութեամբ դուք ի՞նչ պատգամ էք փոխանցում այլ կրօններին:

-Բոլոր կրօններն իրենց հետեւորդներին պիտի դաստիարակեն այնպէս, որ նրանք դիմացի կողմին, այսինքն այլ կրօնների հետեւորդներին ընդունեն այնպէս ինչպէս որ կան: Այն իմաստով, որ մի քրիստոնեայ մի մուսուլմանի պիտի ընդունի այնպէս, որ կայ ու մի մուսուլման քրիստոնեային պիտի ընդունի հէնց այնպէս որ կայ: Սա պատճառ կդառնայ, որ տարբեր կրօնների ու հասարակութեան անդամների միջեւ, նոյնիսկ եթէ նրանք տարբեր կրօնների հետեւորդ լինեն, բարեկամութիւն ու փոխադարձ վստահութիւն ստեղծւի: 

-Ի՞նչ խորհուրդ կտաք տարբեր խմբերին ու կազմակերպութիւններին, այդ թւում «Շաֆաղնա» լրատւական գործակալութեանը, որոնք ցանկանում են խաղաղութեան ուղղութեամբ քայլ վերցնել:

-Այսօր նման երկխօսութիւնների համար տարբեր կազմակերպութիւններ են ստեղծւել: Իրանում տարբեր երկխօսութիւններ են հաստատւում: Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութիւնն այս երկխօսութեան դրօշակակիրն է եւ կապեր ունի աշխարհի տարբեր եկեղեցիների հետ եւ երկխօսութիւն է կատարում: Այս կապակցութեամբ կարեւոր հարցը համբերատարութիւնն է, քանզի խաղաղութիւնն ու անդորրը կախարդական փայտիկով չեն ստեղծւում: Այս շարժումը վաղուց է ինչ Իրանում սկսւել է ու դեռ շարունակւում է: Մենք էլ մասնակցել ենք տարբեր երկրներում, այդ թւում Թաիլանդում, Ամերիկայում, Սիրիայում, Եգիպտոսում ու Յորդանանում կազմակերպւած միջազգային համաժողովների: Մօտ ապագայում նման երկխօսութիւն կկազմակերպւի Մարոկկոյում, որի նպատակն այն է, որ մարդիկ կարողանան փոխադարձ կերպով իրար ճանաչել եւ միմեանց զգալ, որպէս աստւածային մեծ ընտանիքի անդամներ: Յաջողութեան հասնելու գլխաւոր միջոցը աղօթքն է: Բոլորս պիտի աղօթենք, որպէսզի կարողանանք մարդկանց այն գիտակցութիւնը փոխանցել, թէ բոլորս աստւածային մէկ ընտանիքի անդամներ ենք, որը Աստծոյ ժողովուրդն է:  Խաղաղութեան համար աշխատելով մարդիկ եղբայրանում են, գործակիցներ են լինում:  Աւետարանն ասում է՝ «Երանի խաղաղութիւն հաստատման համար աշխատողներին, որովհետև անոնք Աստծոյ որդիները պիտի կոչւեն»: