«Խաղողօրհնէք»-ի տօնակատարութիւն Կ.Օ.Մ.–ի նախաձեռնութեամբ

Երկուշաբթի, թւականիս օգոստոսի 14-ին, Թեհրանի Հայոց Թեմի Կարիքաւորներին Օժանդակող նորակառոյց մարմնի նախաձեռնութեամբ, որպէս տարեկան ծրագրի առաջին ձեռնարկ՝ «Ս. Աստւածածնի վերափոխման - Խաղողօրհնէք»-ի առիթով, դաշտահանդէս էր կազմակերպւել Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան շրջափակում, մեր կարիքաւոր հայրենակիցների համար:

Ծրագրին ներկայ էին՝ Արժ. Քհահանայ հայրեր՝ Տ. Կոմիտաս Ղարախանեանն ու Տ. Արիստակէս Շամիրեանը, Ս. Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհրդի ու Նայիրի Միութեան անդամներից, Սահակեան ազգային բարեսիրական կենտրոնի վարիչ մարմնի անդամներն ու բնակիչները, նաև Թեհրանի քաղաքապետարանի Զարքէշ քաղաքամասի ներկայացուցիչները: 

Ծրագրի հաղորդավարն էր՝ տկն. Մայրենի Յովասափեանը: Օրւայ առիթով բանախօսեց՝ Տ.  Կոմիտաս Ղարախանեանը, որը ողջունեց ԿՕՄ–ի ազգանւէր ու տքնաջան աշխատանքները, համայնքի կարիքաւորների կենցաղային իրավիճակի բարելաւման սատար հանդիսանալու համար: Խրախճանքը սկսւեց « Ջիւանի» գուսանական խմբի կատարմամբ: 

Ապա մարմնի ատենապետ պրն. Մուշեղ Ծատրեանը ներկայացրեց Կ.Օ.Մ.-ի աշխատանքները հետևեալ կարգով՝

Նպաստի օժանդակութիւն - Կարիքաւոր անհատներին և ընտանիքներին տրամադրւում է ամսական նպաստ և ներկայում ԿՕՄ-ը հովանաւորում է 87 նպաստառուների: 

Բնակարանի կանխավճար - ԿՕՄ-ը ներկայիս օժանդակում է 28 ընտանիքների, իրենց բնակարանի կանխավճարի համար:

Բուժման ծախսեր - Կարիքաոր հայրենակիցների բուժման ծախսերը հոգալու համար, մարմնիը  ստուգումներ կատարելուց յետոյ, վճարում է բուժման ծախսերի ստացականի 1/3 –ը :

ԿՕՄ-ը նաև հոգում է «Քահրիզաք» և «Մաջդ Արդաքան Եազդ» կենտրոններում բնակւող հայ հայրենակիցների (թւով 7 հոգու) բժշկա-վերանորոգման ծախսերի վճարը: 

Պարենի բաժանում - Նոր տարւայ և Զատկւայ տօնական օրերին, իւրաքանչիւր նպաստառու ստանում է 1,500,000 ռիալի համեմատ մթերք: 

Այցելութիւններ - Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով, մարմնի անդամների ներկայացուցիչները Սրբազան Հօր հովանաորութեամբ ու թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին այցելում են  10 ընտանիքների, 5 կարիքաւոր ընտանիքներ իսկ 5 նահատակների և անձնուրացների ընտանիքներ:

Սահակեան ազգային  Բարեսիրական կենտրոն - Շրջանի սկզբում կենտրոնում բնակւում էին 12 հոգի, որի թիւը դժբախտաբար գնալով բարձրանում է և ներկայիս բնակւում են 18 հոգի:

Դաշտահանդէսի խրախճանքը աւարտւեց հայրենակիցների նպաստները բաժանումով: 

Թ.Հ.Թ. Կարիքաւորներին Օժանդակող Մարմին