Հանդիպում Թեհրանի Ուսումնա-դաստիարակչական Նախարարութեան Տնօրինութեան հետ

Չորեքշաբթի յուլիս 5, 2017-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի Ուսումնա-Դաստիարակչական Նախարարութեան Տնօրինութեան հետ:

Հանդիպմանը ներկայ էին Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհրդի Ա. Ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը և Բ. Ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանը: Նաև Թեհրանի ուսումնա-դաստիարակչական Տարրական Օղակի Ընդհանուր Գրասենեակից՝ Գլխաւոր պետ՝ դոկտ. Ջահանարան, նոյն գրասենեակի ղեկավար՝ տկն. Ռաջաբին և նոյն նախարարութեան 6-րդ շրջանի Տարրական Օղակի տնօրէն՝ տկն. Սամադին:

Կրթական Խորհուրդը թելադրութեամբ Առաջնորդ Սրբազանի և Թեմական Խորհրդի, երկար ժամանակ է ինչ ուսումնա-դաստիարակչական նախարարութիւնիւնից, Հայոց Ազգային Տարրական դպրոցների երկսեռ դարձնելու իրաւունքն ստանալու խնդրին է հետևում:

Սոյն հանդիպման ընթացքին, Առաջնորդ Սրբազան Հայրը նախ ողջունեց ներկաներին և ապա կարևորութեամբ շեշտեց, որ մեր կրօնական և ազգային համոզումների հետ յարիր է մեր դպրոցների երկսեռ լինելու իրողութիւնը:

Ուսումնա-դաստիարակչական Նախարարութեան ներկայացուցիչները հասկացողութիւն ցուցաբերեցին և յայտնեցին, որ իրենց կարգին անելու են այս հարցին բարւօք լուծման համար: