ՆԵՐՍԷՍ ՊԱՐԹԵՒ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ «ՀԱՅՐԵՐԻ ՕՐ»Ը

Հայաստանեայց եկեղեցու առաջին դարերի պատմութեան մէջ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայրապետի անմիջական ժառանգորդ-յաջորդների մէջ ամենից տիրականօրէն աչքի ընկնող հայրապետը հանդիսացաւ Ս. Ներսէս Պարթեւ Կաթողիկոսը, թոռը Յուսիկ հայրապետի ծնւած 330 թւին։ Ս. Ներսէս հայրապետ իր ստացած դաստիարակութեամբ, կրթութեամբ եղաւ արժանաւոր ժառանգորդներից մին Ս. Գրիգոր Լուսաւորչի։

Կեսարիայում ուսանելիս դասընկեր է ունենում եկեղեցական մեծ հայրերի՝ Ս. Գրիգոր Նազիանցի, Բարսեղ Կեսարացի եւ Գրիգոր Նիւսացի։ Նա կաթողիկոս է ընտրւում 353 թւին յարաբերաբար շատ երիտասարդ տարիքի։ Ս. Ներսէս հայրապետ իր եկեղեցական գործունէութեամբ քրիստոնէութիւնն ու Քրիստոսի ուսուցումները կեանքի վերածեց։

Իր գահակալութեան առաջին տարիներին իսկ Աշտիշատի մէջ ժողով է գումարում եւ սկիզբ է դնում բարեկարգչական, բարեսիրական, մարդասիրական, դաստիարակչական ու վանական աշխատանքներին, ամէն տեղ հաստատել է տալիս աղքատանոցներ, հիւանդանոցներ, բորոտանոցներ, հիւրանոցներ, որբանոցներ։ Ս. Ներսէս բարոյական ու ընտանեկան սրբութեան յատուկ կանոններ է սահմանում։ Զարկ է տալիս կրթութեան, իր բացած դպրոցներում պիտի ուսանէին հետագային Ս. Մեսրոպն ու իր ընկերները։ Հիմնում է վանքեր ու կուսանոցներ։

Փաւստոս Բիւզանդ պատմիչը գրում է, որ «Հայաստան աշխարհում նրա նման ոչ ոք եղաւ»։ Որպէս բարոյական եւ քաղաքական մեծ բարեկարգիչ Հայաստան աշխարհը կերպարանափոխւեց, Ս. Հոգու ներգործութեամբ գործեց եւ դրա համար մեր ժողովուրդը նրան կոչեց «Լուսաւորիչ սրտից»։ Ան եղաւ մեր ժողովրդի բարի Սամարացին, այլեւ գուրգուրող, խնամող ու սիրող հայր, դրա համար էլ Մեծ կոչւեց։

Ս. Ներսէս հայրապետի տօնը մեր թեմում յայտարարւած է, որպէս «Հայրերի օր», Հետեւաբար այսօր՝ շաբաթ 24 Յունիս 2017 հայրերի տօնն է, հայ հայրերի, որոնք հայրութեան ամբողջական գիտակցութեամբ հայ ընտանիքի պահպանման, ամրութեան եւ ինչու չէ նաեւ սրբութեան պահապաններն են։

Հայրութիւնը նւիրական ու սրբազան կոչում է ու առաքելութիւն, պատմութեան մէջ քիչեր ՛՛Հայր՛՛, ՛՛Հայրիկ» կոչումին արժանացել են։ Մեր պատմութեան նորագոյն շրջանին Մկրտիչ Խրիմեան Եպիսկոպոսը դեռեւս իր առաջնորդութեան օրերին ժողովրդի կողմից ՛՛Հայրիկ՛՛ կոչումին էր արժանացել, որովհետեւ իր ողջ կեանքի ընթացքին աշխատեց, գործեց հայ ընտանիքի կեանքի բարձրացման ու բարոյական եւ ազգային դաստիարակութեան համար։ Տագնապեց իր ժողովրդի ցաւով, գիշեր ցերեկ հետամուտ եղաւ իր տառապած ժողովրդի կեանքի բարելաւման համար։

«Հայրերի օր»ւան առիթով շնորհաւորում ենք մեր հայրերին, մաղթում նրանց առողջ եւ արեւշատ կեանք ու առաւել նախանձախնդրութիւն եւ եռանդ հայ ընտանիքի անաղարտ պահպանման ի խնդիր։

Օրհնեալ լինէք հայրեր եւ օրհնութեամբ շարունակեցէք ձեր կեանքը, որպէսզի ձեր զաւակները ձեր հովանու ներքեւ մեծանալիս լինեն հաւատարիմ զինւորները մեր եկեղեցուն եւ հայրենիքին։

Ձեր տօնը շնորհաւոր սիրելի հայրեր.

ՍԻՐՈՎ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ